22 մարտ, 2018 16:46

Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 35-րդ հոդվածի 2-րդ մասերը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյաին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով», – ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Բաղմանյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր 2017-ի դեկտեմբերին։ Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն է հորդորել Բաղմանյանին հեռանալ պաշտոնից, և Բաղմանյանը զորացրվելու զեկուցագիր է ներկայացրել։ Հարցին, թե ինչն է Բաղմանյանին հեռացնելու պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր՝ «աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»: 

ՍիվիլՆեթը կազմել է պետական մարմիններում տարիներ շարունակ չարաշահումներ իրականացրած, կոռուպցիոն և այլ սկանդալների մեջ հայտնված պաշտոնյաների ցանկ, որոնց առավելագույն պատիժը եղել է պաշտոնից հեռացումը։ Ցանկում ներառված է նաև Բաղմանյանը։