25 մարտ, 2018 09:45

Կայանատեղիների հարմարեցվածության մասին և ոչ միայն

Ես շուրջ երկու տարի է մեքենա եմ վարում։ Մինչ այդ տեղաշարժվել եմ կամ հատուկ տաքսիներով, որ կարող են տեղավորել սայլակս, կամ օգտվել եմ հանրային տրանսպորտից ու ստիպված եղել երկար ճանապարհ քայլելով անցնել, ինչը ինձ համար ցանկալի չէ, դե իսկ հարմարեցված տրանսպորտ այն ժամանակ ընդհանրապես անհնար էր հանդիպել (չնայած, շատ բան չի փոխվել):

Մեքենա վարելը փրկում է ինձ հանրային տարածքներում հասանելիության խնդիրներին առնչվելուց։ Բայց հաշմանդամություն ունեցող վարորդը ստիպված է հաղթահարել մի շարք այլ խնդիրներ։

Մեքենա վարելուց ի վեր, ինձ համար հասանելիության բոլոր խնդիրներից ամենաակնհայտը դարձել է կայանատեղիների խնդիրը, քանի-որ ամեն անգամ կայանելիս ու սայլակս մեքենայից հանելիս վտանգում եմ կյանքս:

2014-ին հայտարարվեց հաշմանդամություն ունեցող անձանց համար 101 կայանատեղիներ ստեղծելու մասին։ Կայանատեղիները ստեղծվել են, դա կարելի է հասկանալ տեղադրված ցուցանակներից, բայց դժավարանում եմ այս կայանատեղիները անվանել հարմարեցված։

Կոմիտասի պողոտա, նշված հատուկ կայանատեղին զբաղված է այլ մեքենաների կողմից

Հիմնական խնդիրներն են կայանատեղիների չափերը, կայանատեղիներին մոտ թեքահարթակների բացակայությունը  և հատուկ կայանատեղիների զբաղվածությունը այլ՝ հաշմանդամություն չունեցող անձանց մեքենաներով։ Կայանատեղիների և այլ հաշմանդամություն ունեցողների համար հարմարությունների մասին զրուցեցի «Փյունիկ» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանի հետ։

Միջազգային ստանդարտներով ամեն 20-25 կայանատեղիներից մեկը պետք է լինի հարմարեցված։ Եթե կայանատեղիները ավելի քիչ են, ապա գոնե մեկը կամ բոլոր կայանատեղիների 4-6%-ը պետք է հարմարեցված լինեն։ Կառույցներին կից կայանատեղիներում, հարմարեցված կայանատեղիները պետք է լինեն հնարավորինս մոտ մուտքին, ամենաշատը՝ 45 մետր հեռավորության վրա։ Նշագծված կայանատեղին պետք է ունենա 4-5 մետր երկարություն և 2,5 մետր լայնություն։ Մյուս կայանատեղիներից պետք է լինի 1,2 հեռավորության վրա՝ ապահովելով սայլակը հանելու ու դրանով տեղափոխվելու համար տարածքով։ Եթե կայանատեղին մայթեզրին կից է, ապա այն պետք է ունենա թեքահարթակ։ Նշումը պետք է լինի ոչ միայն ցուցանակի տեսքով, այլև հատակի վրա նկարված նշանով։ Այլ վարորդները իրավունք չունեն կայանելու իրենց մեքենան հարմարեցված կայանատեղիներում, նույնիսկ եթե դրանք ազատ են։

2015 թվականին խնդրին անդրադարձել է «Անկախ կյանքի հայկական ցանց» միությունը, որի անդամ է նաև «Փյունիկը»։ Նախաձեռնությունը շրջել է Երևանում ու տարածել իրազեկող թռուցիկներ հաշմանդամություն ունեցող անձանց կայանատեղիներում այլ մեքենաների կայանելու անթույլատրելի լինելու մասին նյութեր։ Մասնակիցները փակցրել  են թռուցիկներ մեքենաների վրա, որոնք կայանված են եղել հատուկ կայանատեղիներում, բայց չեն ունեցել հաշմանդամության նշանը։ Սակայն նման ֆլեշմոբերը շարունակական ազդեցություն չեն կարող ունենալ ու  կարգավորումներ մտցնելու համար պետք է պետական միջամտություն։ Բազմաթիվ երկրներում հաշմանդամություն ունեցող անձանց կամ իրենց ուղեկցորդ վարորդների համար կայանատեղիները օգտագործելու համար նախատեսված են տուգանքներ։ Հայաստանում տուգանային համակարգը հստակ չէ։ Ճանապարհային նշանների խախտումները տուգանվում են ճանապարհային ոստիկանության կողմից, բայց նման խախտումները չեն արձանագրվում նկարահանող տեսախցիկների կողմից, ու նման խախտումների քանակի մասին տեղեկություն ճանապարհային ոստիկանությունը չունի։

Ռուզաննա Սարգսյանը նաև նշում է՝ Երևանը պետք է հասանելի լինի ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող, այլև ուրիշ հաշմանդամությամբ անձանց անձանց համար։ Այսպիսով՝ մայթերին, անցումների մոտ պետք է լինեն ձայնային ազդանշաններ, պետք է տեղադրված լինեն գոգավոր սալիկներ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Նման հարմարություններ կան միայն քաղաքի կենտրոնի մի քանի փողոցների վրա, իսկ դա, հավատացեք, բավարար չէ ազատ ու անվտանգ տեղաշարժվելու համար։

 

Պետք է հարմարեցված լինի նաև հանրային տրասնպորտը ու աշխատի հստակ ու հայտնի պարբերականությամբ։ 2016-ին հարմարեցվել էին շուրջ 25 ավտոբուսներ, բայց բարեփոխումները արդյունք չունեցան, ավտոբուսների, ոչ պատասխանատու աշխատանքի պատճառով: Հիմնականում ավտոբուսները չեն հետևում իրենց ժամացուցակին, ու հաշմանդամություն ունեցող անձը չի կարող հույս դնել  վերջիններիս վրա։ Գրանցվել են նաև դեպքեր, երբ վարորդը հրաժարվել է բացել ավտոբուսի թեքահարթակը, քանի-որ դա ժամանակատար է ու դանդաղեցնում է իր ընթացքը։ Հույս ունենանք, որ խոստացված տրանսպորտային բարեփոխումների շրջանակում հաշմանդամություն ունեցող անձիք չեն անտեսվի։

Մերի Մլհամյանի նախորդ սյունակները

Կարծրատիպեր/ինքնություն. ինչ պետք է իմանալ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին

Պարզ մաթեմատիկա. հաշմանդամություն ունեցող անձի կենսաթոշակն ու մեքենայիս լուսարձակը

Լավ ժամանակ անցկացնելու իմ իրավունքը․ ինչպե՞ս են հարմարեցված Երևանի կինոթատրոնները

Հինգ քույր ու ոչ մի կաթիլ ափսոսանք