26 մարտ, 2018 11:34

ԼՂ-ում ուժերի նոր փորձարկման հավանականությունը մնում է բարձր․ «Կոմերսանտ»

«Կոմերսանտ» թերթում լույս է տեսել ՌԴ Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոյի հոդվածը՝ «Ղարաբաղյան պատերազմի նավթադոլարները» վերնագրով։ Մակիենկոն գրում է, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը «բարդ մարտահրավերներ է ծնում ռուսաստանյան դիվանագիտության համար, որի գլխավոր խնդիրը եթե ոչ հակամարտության քաղաքական կարգավորման հասնելն է, ինչն այսօր անհնար է, ապա գոնե դրա պահպանումն է սառեցված վիճակում»։

«Երկու տարի առաջ՝ 2016թ․ ապրիլի 2-ին, ադրբեջանական զորքերը հարձակում գործեցին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։ Հարձակվողները վերացրին հակառակորդի թույլ դիրքերը և նվաճեցին մարտավարական առումով  մի քանի կարևոր բարձունքներ, որից հետո նրանց հարձակողական պոռթկումը սպառվեց։ Ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները մարտերի առաջին իսկ օրը ծանր կորուստներ կրեցին․ հատուկ նշանակության բրիգադներից մեկում զոհվեցին անգամ հրամանատարն ու շտաբի պետը։ Անհաջող էին նաև հայկական ոչ այնքան վճռական հակահարձակումները։ Օգտագործելով իսրայելական արդի սպառազինություններ՝ նախևառաջ, երրորդ սերնդի հակատանկային համալիրներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր - կամիկաձեներ՝ ադրբեջանական զորքերը պահպանեցին նվաճված դիրքերն ու ղարաբաղյան ստորաբաժանումներին հասցրին վերջիններիս համար արտասովոր կորուստներ։

Երկու տարի առաջ տեղի ունեցած բախումն անխուսափելի էր։ Դրա գլխավոր պատճառը հարաբերական այն հավասարակշռության տապալումն էր, որը պահպանվում էր Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո առաջին տասնամյակում։ 2004-ից հետո կրկնելով նավթի արժեքի աճի կորագիծը՝ ադրբեջանական ռազմական բյուջեն կտրուկ աճեց։ Ավելացավ սպառազինությունների գնումը։

2008-ից Բաքուն արմատապես փոխել է ռազմական ներկրումների մոդելը՝ գենետիկորեն խորհրդային զենքի ձեռք բերումից անցնելով նոր սերնդի բարձր տեխնոլոգիական սպառազինությունների գնման, ընդ որում, ոչ միայն հետխորհրդային հանրապետություններից, այլև Իսրայելից և Արևմուտքից։

Արդյունքում 2014-ին Ադրբեջանի ռազմատեխնիկական գերակշռությունը Հայաստանի և ԼՂՀ-ի հավաքական ուժերի հանդեպ ճնշող է դարձել։

[...]

Պատմական փորձը վկայում է՝ հենց ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխության ժամանակահատվածում է լրջորեն մեծանում զինված հակամարտության վտանգը։ Վերջին տասը տարիներին սպառազինությունների և բանակի արդիականացման ոլորտում ներդնելով մոտ 25 մլրդ դոլար՝ Բաքուն պարզապես չէր կարող չփորձարկել ուժերի նոր հարաբերակցությունը։ 2016-ի ապրիլին նրա ռազմատեխնիկական առավելությունն անբավարար էր հաջողության համար, իսկ հայկական կողմի համար գրեթե անընդունելի էր կորուստների հարաբերակցությունը։ Դրա հետ մեկտեղ ժողովրդագրական և տնտեսական միտումները շարունակում են մնալ ի օգուտ Ադրբեջանի, իսկ դա նշանակում է, որ ուժերի նոր փորձարկման հավանականությունը մնում է բարձր։

Ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակը շարունակում է բարդ մարտահրավերներ ծնել ռուսաստանյան դիվանագիտության համար, որը պետք է պահպանի ոչ դյուրին հավասարակշռություն փաստացի դաշնակցի և արժեքավոր գործընկերոջ միջև։ Գլխավոր խնդիրը եթե ոչ հակամարտության քաղաքական կարգավորման հասնելն է, ինչն այսօր անհնար է, ապա գոնե դրա պահպանումն է սառեցված վիճակում։

Հարկ է նշել, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը այն փոքրաթիվ դեպքերից է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը դեռ չեն խաղում զրոյական գումարով խաղեր։ ԱՄՆ-ն ու Եվրոպան նույնպես հանդես են գալիս անժամկետ հրադադարի պահպանման օգտին։ Ավելին՝ Ղարաբաղյան հակամարտությունում միասնական դիրքերից են հանդես գալիս ոչ միայն Ռուսաստանն ու Արևմուտքը, այլև Իրանը։ Բացառիկ այս կոնենսուսը հրաշալի նախադրյալ է, սակայն, ցավոք, ոչ նոր արյունահեղության կանխարգելման երաշխիք»։