26 մարտ, 2018 09:27

100-ամյակի շունչն ու ոգին

Շուտով մտնում ենք Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի չորրորդ ամիսը, սակայն անցնող երեք ամիսներին պետական կամ հասարակական մակարդակի վրա որևէ բան կամ գրեթե որևէ բան չի արվել: Անգամ չի զգացվում 100-ամյակի շունչն ու ոգին:

Ապրիլին զբաղված կլինենք նոր վարչապետի ընտրության և նոր նախագահի երդմնակալության արարողություններով, չբացառենք նաև փողոցային պայքարը, Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ձեռնարկներով:

Մայիսին, անկասկած, կնշենք Սարդարապատիի ու Բաշ Ապարանի հերոսամարտի 100-ամյակը և Մայիսի 28-ը՝ Հայաստանի Հանրապետության հռչակման օրը (թեև Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը մայիսի 30-ին է իրեն իշխանություն ճանաչել հայկական գավառների վրա՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի): Իսկ Մայիսի 28-ը թուրքական վերջնագրի օրն է, որը կատարեցին նաև հայերը և պատվիրակներ ուղարկեցին Բաթում՝ բանակցությունները շարունակելու արդեն Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի և Օսմանյան կայսրության միջև:

Հունիսի սկզբին լրանում է Հայաստանի Հանրապետության առաջին դիվանագիտական փաստաթղթի 100-ամյակը: Բաթումում Հայաստանն ու Օսմանյան կայսերական կառավարութունը ստորագրեցին Հաշտության և բարեկամության պայմանագիր, և թուրքերը դարձան առաջինը, որ ճանաչեցին անկախ Հայաստանը:

Այս մասին, սակայն, Հայաստանում և Սփյուռքում դժվար թե հիշեն, քանի որ հիշելը ձեռնտու չէ:

Հայաստանում և Սփյուռքում չեն ուզում հիշել նաև մի մարդու, ով հանրապետության հիմնադիրներից է և այդ հանրապետության նվիրյալներից՝ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Որևէ մեկը չի առաջարկում Քաջազնունու արձան, կիսանդրի կամ հիշատակը հավերժացնող կոթող կառուցել, նրա քաղաքական, գրական ու ճարտարապետական գործերը ամբողջական հրատարակել մեկ կամ մի քանի հատորներով, նրա անունով փողոցներ ու հրապարակներ հավերժացնել Հայաստանի ու Արցախի բնակավայրերում:

Այս տարվա հունվարի 15-ին լրացավ Քաջազնունու՝ բոլշևիկյան բանտում մահվան 80-րդ տարելիցը: Որևէ պաշտոնյա ծաղիկ չդրեց նրա ընտանեկան գերեզմանին, որևէ հոգևորական խունկ չծխեց ու աղոթք չարեց: Այդ օրը մի քանի հասարակական գործիչներ, թվով 10 հոգի, այցելեցին նրա ընտանեկան գերեզման:

Փետրվարի 14-ին լրացավ Քաջազնունու ծննդյան 150-ամյակը: Ու կրկին պետական, կոալիցիոն ու եկեղեցական համրություն:

Կարծես այս մարդը չի եղել Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետը, այն է՝ երկրի թիվ մեկ դեմքը:

Կարծես այս մարդը չէ, որ իր երեք որդիներին 1918-ից 1920 թթ․ ուղարկել է պատերազմ՝ կռվելու ներխուժող և կամ տեղացի թուրքերի դեմ:

Նրա որդիներից երկուսը պիտի զոհվեին հանուն հայրենիքի 1918-ին և 1920-ին, իսկ երրորդը գերի ընկներ Կարսի անփառունակ ու խայտառակ անկման օրերին:

Այդու, անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները այս աստիճան անհոգի մի մարդու նկատմամբ, ով հոգով ու սրտով Հայաստանի Հանրապետության հետ էր ու ֆիզիկապես Հայաստանում էր և իրեն չէր կարող պատկերացնել Հայաստանից դուրս, անգամ բոլշևիկյան, մի մարդատյաց համակարգ, որ կյանքից զրկեց նաև իրեն:

Սփյուռքում 100-ամյակի հետ կապված տեղի է ունեցել ներկայացուցչական մեկ համաժողով: Մի քանի օր առաջ՝ մարտի 21-ից 23-ը Անթիլիասի Մայրավանքում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ կազմակերծվեց համահայկական հավաք, որին հրավիրվել էին տասնյակ հայ պատմաբաններ ու կուսակցական-հասարակական գործիչներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Լուսանկարում՝ Հովհաննես Քաջազնունին (ձախից՝ երրորդը) Ֆրեզնոյում, 1919թ,

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: