2 ապրիլ, 2018 11:00

Պարալիմպիկ հաջողություններ, որ ոգեշնչում են զբաղվել սպորտով  

 

Ինչպես ցանկացած երեխա, ես միշտ  ակտիվ եմ եղել բակային խաղերում, ինչը վաղ տարիքից սեր է առաջացրել սպորտի նկատմամբ: Փոքր ժամանակ երբևէ չէի մտածում, որ հաշմանդամությունս խոչընդոտ է սպորտով զբաղվելու համար, որովհետև ֆիզկուլտուրայի դասերը շատ էի սիրում: Բայց  մեծանալով՝  գիտակցեցի, որ հաշմանդամություն ունենալը կարող է սահմանափակել, երբ ինձ համար թռիչքի կամ վազքի հետ կապված վարժություններ կատարելը անհնար էին:  Այդ պահն ինձ համար շրջադարձային դարձավ՝ անդրադառնալով  թե՛ սպորտի, թե՛ կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքիս վրա:  Առհասարակ սկսեցի շատ ավելի գիտակցված մոտենալ ունեցածիս և նաև գնահատել այն մարզաձևերը, որոնցով զբաղվելու հնարավորություն ունեմ: 

Հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների և ընդհանրապես պարալիմպիկ խաղերի մասին իմացել եմ շատ ավելի ուշ, և այդ մարդկանց կամքի ուժով պարզապես չէի կարող չհիանալ:

Թեև ես ինքս միշտ փորձել եմ ակտիվ կյանք վարել, երբեմն, իսկական հերոսի պես ծուլությունս հաղթահարելով, այցելել եմ մարզասրահ և անգամ մասնակցել Համահայկական խաղերին, բայց կոնկրետ սպորտաձևով զբաղվելու ցանկություն կամ միգուցե համարձակություն չեմ ունեցել: Սակայն բարեբախտաբար  վերջերս «Ունիսոն» հասարակական կազմակերպության շնորհիվ  հայտնվեցի «Փյունիկ» հաշմանդամների միություն բարեգործական հասարակական կազմակերպությունում: Թեպետ նույնիսկ ինքս իմ մասին չէի կարող նման կանխատեսում անել, բայց անդամագրվեցի հոկեյի հավաքական: Արդեն իսկ առաջին պարապմունքներից սկսեցի նորովի բացահայտել մարմինս շարժման մեջ, հասկացա, որ կարող եմ նույնիսկ ինքս ինձ զարմացնել կարողություններովս: Ինչ խոսք, դա ինձ շատ ոգևորեց և  հետաքրքրություն առաջացրեց ուսումնասիրելու պատմության մեջ հայտնի, հաշմանդամություն ունեցող պրոֆեսիոնալ մարզիկների կենսագրությունները: Հայազգիներից շատերի հետ ծանոթացել և  ընկերացել եմ դեռ Համահայկական խաղերին մասնակցելիս:

Ի դեպ,  1996 թվականից սկսած «Փյունիկ»  բարեգործական հասարակական կազմակերպության  թվով 37 շահառուներ մասնակցել են պարալիմպիկ խաղերին շուրջ 10 մարզաձևերում: Իսկ այս տարի Փհենչհանի 12-րդ Ձմեռային պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացրեց Ստաս Նազարյանը դահուկավազք մարզաձևում: Ստասը Փյունիկում է 1988 թվականից, իսկ  1996 թվականից առ այսօր մասնակցել է պարալիմպիկ խաղերում տարբեր մարզաձևերում:

Թեմային վերադառնալով, ասեմ, որ գտա շատ հետաքրքիր պատմություններ հաշմանդամություն ունեցող մարզիկների կյանքից, որոնցով ուզում եմ կիսվել նաև  ձեզ հետ:

Մինչև բուն գործիս անցնելը նշեմ, որ թեև ես կողմ եմ գենդերային հավասարությանը, բայց հայցում եմ ձեր ներողամտությունը, սիրելի տղամարդիկ, քանի որ իմ բոլոր հերոսները կանայք են: Ի՞նչ արած, որ կանանց պատմություններն ավելի տպավորիչ են: Եվ այսպես.    

Թերեզինյա Գիլերմինան, նկարը՝ varelanoticias.com-իցԹերեզինյա Գիլերմինա

Երբ Հուսեին Բոլթը ցանկություն է հայտնում քո վազքն ուղեկցելու և վստահ է քո կարողությունների վրա, ակամա հավատում ես քո ուժերին: Թերեզինյա Գիլերմինայի մասին կարծում եմ քչերը գիտեն, բայց ինձ շատ է հիացրել նրա պատմությունը: Մարզուհին 100 մետր երկարությունը կարողանում է վազել ընդամենը 12 վայրկյանում: Մինչդեռ այսպիսի տվյալներով վազորդուհուն ամեն անգամ անհրաժեշտ է ուղեկից, քանի որ վերջինս համարյա թե կույր է: Մարզական կարիերայի ընթացքում Թերեզինյան նվաճել է մի շարք ոսկե մեդալներ և համարվում է մեր ժամանակի լավագույն պարալիմպիկ մարզիկներից մեկը:  Բրազիլուհու մարզական կարիերիայի պատմությունը կարող էր դառնալ հոլիվուդյան ֆիլմի սցենար և կարծում եմ՝ մի օր հենց այդպես էլ կլինի:  Նա մեծացել է շատ աղքատ ընտանիքում, որի անդամներն իրար հետ կիսում էին նույնիսկ հագուստը: Այսպես Թերեզինյայի քույրը մի օր նրան տրամադրում է իր սպորտային կոշիկները վազքի հետ կապված ինչ-որ միջոցառման համար և այդ քայլով ակամայիցազդում համաշխարհային սպորտի վրա:

Ինձ շատ է դուր գալիս, որ Թերեզինյան միշտ ելույթ է ունենում գունավոր կամ զարդարված վիրակապով: Այսպես նա առանձնանում է, փոխանցում բարձր տրամադրություն, դե իսկ ես սիրում եմ նման մարդկանց:

Բեթանի Համիլթոնը, նկարը՝ coeurhandisport.fr-իցԲեթանի Համիլթոն

Թեև չունենք ծով, բայց կարծում եմ պետք է իմանանք այպիսի մարդկանց մասին, ինչպես օրինակ սերֆեր Բեթանի Համիլթոնն է: Բեթանին դեռ վաղ հասակից զբաղվել է սերֆինգով և ամեն առավոտ գնացել մոտակա ծովափ մարզվելու: Մի օր հերթական պարապմունքից հետո, երբ նա պառկած էր իր սերֆինգի տախտակին, շնաձուկն անսպասելի հարձակվում է: Բարեբախտաբար աղջիկը կարողանում է փրկվել, բայց 13 տարեկան հասակում կորցնում է ձախ ձեռքը:

Պատահարից հետո բոլորն, իհարկե,  պնդում էին, որ Բեթանին պետք է հրաժարվի սպորտային կարիերայից: Մինչդեռ իր համառության շնորհիվ, դժբախտ պատահարից ընդամենը մեկ ամիս անց, նա նորից վերսկսում է պարապմունքները: Բացի պրոֆեսիոնալ մարզիկ դառնալուց, Համիլթոնը ինքնակենսագրական գիրք է հրատարակում, որի հիման վրա հետագայում նկարահանվում է «Հոգու սերֆեր» ֆիլմը:

Բեթանին ինձ իսկապես շատ է դուր եկել, երևի թե այն պատճառով, որ սիրում եմ, երբ դժբախտ պատահարներից հետո մարդը կատարելագործվում է և ինչու ոչ ֆիլմի հերոս դառնում:
Նկարը՝ coeurhandisport.fr-ից

Արունիմա Սինհա, Նկարը՝ mirageworldofwomen.wordpress.com-ից

Արունիմա Սինհա

Պարալիմպիկ մարզիկներից բացի, ինձ հիացրել է նաև հաշմանդամություն ունեցող մի հնդիկ կնոջ՝ Արունիմա Սինհայի  պատմությունը: Թեև Արունիման մարզիկ է, եղել է վոլեյբոլի ազգային հավաքականի խաղացող, բայց նրա դեպքում սպորտային նվաճումներից բացի, ես տեսնում եմ ներքին պայքար և հաղթանակ: Բանն այն է, որ գնացքի տակ ընկնելով մարզուհին կորցրել  է ոտքի ծնկից ներքև հատվածը: Բայց դա նրան չի խանգարել դառնալ ազգությամբ հնդիկ և միաժամանակ անդամալույծ առաջին կինը, ով չնայած բոլոր դժվարություններին հասել է մինչ Էվերեստի գագաթ: 

Գրետա Վարդանյանը, նկարը՝ armtimes.com-իցԳրետա Վարդանյան

Թեմային անդրադառնալով, որոշեցի զրուցել նաև հայազգի պարալիմպիկ մարզիկներից մեկի՝ Գրետա Վարդանյանի հետ:  Գրետայի պատմությունն իսկապես շատ ազդեցիկ է: Գրետան կորցրել է իր ոտքերը 1988-ի երկրաշարժի հետևանքով՝ 2 տարեկան հասակում: 11 տարեկանից մասնակցելով Փյունիկ հասարակական կազմակերպության ծրագրերին, և ակտիվ է եղել մի շարք սպորտաձևերում: 2002 թվականին ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի՝ լեռնադահուկային սպորտաձևում, իսկ հետո մասնակցել ձմեռային օլիմպիական խաղերին: 2007 թվականից Գրետան փոխել է մարզաձևը՝ ընտրելով  ծանրամարտը:  Իր խոսքերով, ծանրամարտն ամենահոգեհարազատն է և երևի թե այդ պատճառով ամենամեծ հաջողություններն է բերել իրեն: 2008-ից սկսած նա մասնակցում է ամառային պարալիմպիկ խաղերին, իսկ 2016-ի Ռիոյի պարալիմպիկ խաղերում գրավել է 5-րդ հորիզոնականը և ստացել է սպորտի միջազգային կարգի վարպետի կոչում:  Գրետան մրցումներին պատրաստվում է մեծ ոգևորությամբ և ասում, որ ամեն ելույթից առաջ ունենում է մոտիվացիայի տարբեր աղբյուրներ և մեդալների սպասումներ: Ինձ շատ է գրավել նաև այն փաստը, որ ներկայումս մարզուհին բազկամարտ և ծանրամարտ սպորտաձևերում մարզում է հաշմանդամություն  ունեցող այլ մարզիկների: 

Այսքան ոգևորիչ պատմությունների անդրադառնալուց հետո, իմ մաշկի վրա եմ զգում, որ սպորտային ակտիվ կյանքով ապրելու ոգևորությունս ավելանում է: Հուսամ, որ շուտով  բոլորդ կլսեք նաև հոկեյիստ Մերրի Մլհամյանի մասին, որ մասնակցում է պարալիմպիկ խաղերին:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: