10 ապրիլ, 2018 15:05

Թուրքիայի մուտքը ԵՏՄ-ի շուկաներ կարող է Հայաստանի հետ սահմանը բացելու խթան հանդիսանալ․ զեկույց

Վերջերս լույս է տեսել Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի զեկույցը՝ «Հայաստանն ու Թուրքիան՝ Հարավային Կովկասի նոր տնտեսական միջանցքների հատույթում և չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը» վերնագրով։ Զեկույցը, որը պատրաստվել է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» Եվրամիության նախաձեռնության շրջանակում, մասնավորապես կենտրոնանում է տարածաշրջանային տնտեսական միջանցքների վրա՝ առանձնացնելով Տրանսկասպյան միջանցքը։ Զեկույցում ուսումնասիրվում են Հայաստանի ու Թուրքիայի հնարավորությունները՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման առումով։ 

Զեկույցի հեղինակները պնդում են՝ այցելած երկրների տեսանկյունից չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (OBOR) նախաձեռնությունը ներդրումների ու տրանսպորտային կապերի միջոցով կարող է վերափոխել այս տարածաշրջանի տնտեսությունը։

Հայաստանի դեպքում ուսումնասիրության կենտրոնում է երկրի ներդրումային պոտենցիալը։ Եվ չնայած Հայաստանը ներառված չէ Տրանսկասպյան նախաձեռնությունում, սակայն որպես OBOR-ի երկիր՝ չինական օտարերկրյա ուղիղ ներդրումներից շահելու պոտենցիալ ունի։ Դիտարկվել են նաև Հայաստանի համար նոր առևտրային հնարավորությունները, հատկապես՝ Հյուսիս-Հարավ միջանցքը, որը կապում է Հնդկական օվկիանոսն ու Պարսից ծոցը Սև ծովի հետ։ Ադրբեջանը, Վրաստանն ու Ղազախստանը ներառված են՝ Տրանսկասպյան միջանցքում տեղակայված լինելու հանգամանքով պայմանավորված։

Հայաստանի ներդրումային պոտենցիալը

Նշելով, որ 2015-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է (Հայաստանին տալիս է մատչում 180 մլն-անոց եվրասիական շուկային), զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանը կարող է օտարերկրյա ուղղակի ներդրումներ գրավել այն երկրներից, որոնք ձգտում են ներդրում անել ԵՏՄ-ում, քանի որ, ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանում «ներդրումային միջավայրը համեմատաբար ավելի գրավիչ է, քան ԵՏՄ մյուս անդամ երկրներում»։

Անդրադառնալով Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ փաստաթղթում նշվում է, որ այդկերպ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական գործընկերներին։

Չինաստանի աշխարհաքաղաքական շահերը Հայաստանում

Չինաստանի շահերը Հայաստանում ներկայում ավելի աշխարհաքաղաքական են, քան տնտեսական, կարծում են հեղինակները։ Չինաստանը հայացքը սևեռել է Հյուսիս-Հարավ ուղուն՝ Սև ծովի ու Պարսից ծոցի միջև և դրա հետ կապված ենթակառուցվածքային ներդրումներին։

Այս առնչությամբ Չինաստանի Հեռահաղորդակցության և շինարարության ընկերությունը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է իրականացրել  Հայաստանի «Հարավային երկաթուղու» կառուցման համար։ Բացի այդ, Չինաստանը կենտրոնանում է «փափուկ ուժի վրա», այդ թվում՝ ծառայությունների մատուցման (օրինակ՝ շտապ օգնության, քաղաքային տրանսպորտի և այլն) և մշակութային ծրագրերի վրա։

Հայաստանում չինական շահերի երրորդ ոլորտը ռազմական ներգրավվածությունն է, այդ թվում՝ պոտենցիալ միջուկային գործարքը, ինչպես նաև Հայաստանում ռազմական կրթության ոլորտում ներդրումները։ Չինական փոքր ձեռնարկություններ կան անգամ Լեռնային Ղարաբաղում։

Չնայած չինական ուղղղակի ներդրումները մինչև այժմ սահմանափակ են եղել՝ առկա է չինական կողմի հետաքրքրվածությունը վերականգնվող և այլընտրանքային էներգիայի ոլորտում ներդրումներով (մասնավորապես, արևային և քամու էներգիայի), ինչպես նաև հետաքրքրվածություն Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, որը աճի մեծ պոտենցիալ ունի։

2011-ին չինական Fortune Oil էներգետիկ խոշոր ընկերությունը նշանակալի բաժնեմաս էր ձեռք բերել հայաստանյան երկաթի երեք հանքավայրերում։ Բացի այդ, ըստ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի, չինական ընկերությունը Հայաստանում 500 մլն դոլար արժողությամբ պղնձաձուլական գործարան կառուցելու համար տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցկացնում։

Հայաստանի կառավարությունը, փաստում են հետազոտողները, պնդում է OBOR-ում ավելի լայն ընդգրկվելու և չինական ներդրումներ գրավելու վրա։ Հայաստանը ձգտում է կառուցել Հյուսիս-Հարավ ճանապարհը Պարսից ծոցի ու Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև, որտեղ ներդրումներ են իրականացնում չինացիները։ 

Ավելին՝ Իրանն ու Թուրքիան դիտարկում են ԵՏՄ-ի հետ համաձայնագրերի կնքում։ ԵՏՄ-ի շուկաներին մատչումը կարող է որպես խթան հանդիսանալ Թուրքիայի համար՝ բացելու իր փակ սահմանը Հայաստանի հետ։ Նմանապես, Հայաստանը Իրանին տրամադրում է մուտք և ելք դեպի ավելի լայն եվրասիական շուկաներ, հատկապես Ռուսաստան ներթափանցելու համար։

Վերլուծաբանների պնդմամբ՝ Հայաստանը նաև Իրանի համար հարթակ է Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից։

«Հայաստանում չինական հետագա ներգրավվածությունը կախված կլինի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացումից և տարածաշրջանային շուկաներում Իրանի հետագա ներգրավվածությունից։ Հակառակ դեպքում Հայաստանը, չնայած իր պոտենցիալին, կշարունակի Չինաստանի համար մնալ տնտեսապես հեռու և լուսանցքային»,- եզրակացնում են TEPAV-ի հետազոտողները։

Եզրակացություն

Հարավային Կովկասի բոլոր երք դերակատարները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, չինական ներդրումները դիտարկում են ոպես Ռուսաստանի ազդեցությունը հակակշռելու միջոց։

Չինական ներկայությունն առաջարկում է աշխարհառազմավարական առավելություն, որով Չինաստանը հանդես է գալիս որպես տարածաշրջանի երրորդ խաղորդ՝ ճեղքելով Արևմուտք-Ռուսաստան պինդ օղակը։

Սա հատկապես վերաբերում է Հայաստանին, որտեղ Ռուսաստանն ունի տնտեսական գերիշխող ներկայություն։

«Հայաստանին հույժ անհրաժեշտ են կապեր և ներդրումներ։ Ներկա իրավիճակը մի շարք հնարավորություններ է բացում նրա համար։ Տրանսկասպյան միջանցքի երկայնքով ավելացված էներգիան,  որը մեծամասամբ Վրաստանում ու Ադրբեջանում չինական ներկայության հետևանք է, կարող է կողմնակի դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա»,- նշվում է զեկույցում։

Անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է Հայաստանը գրավիչ դարձնել չինական ներդրումների համար։ Չինական ներդրումների ևս մեկ խթանիչ գործոն կարող է լինել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Եվ վերջապես, Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը և վերջինիս շահագրգռվածությունը ԵՏՄ-ով դարձյալ կարող է կողմնակի դրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ Իրանի զարգացման համատեքստում, օրինակ՝ Իրանի միջոցով նոր միջանցքների բացում և Իրանում եվրոպական ներդրումներ։

 

Ստելլա Մեհրաբեկյան