10 ապրիլ, 2018 16:39

Մեղրիի ազատ տնտեսական գոտին և Իրանի ծրագրերը  

Eurasianet.org կայքի հոդվածագիր Բրեդլի Ջարդինը (Bradley Jardine) անդրադարձել է Իրանի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ իրականացվող կոմունիկացիոն ծրագրերին։

Հայաստանը մշակում է տասնյակ տարիների տնտեսական շրջափակումը հաղթահարելուն ուղղված նոր ռազմավարություն Իրանի հետ իր սահմանին։ Սակայն մի փոքր դեպի արևելք՝ Իրանի հետ իր սահմանի վրա, Ադրբեջանը ձգտում է խոչընդոտել Երևանի ծրագրերին:

Անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանն իր հարավային Մեղրի քաղաքում՝ իրանական սահմանի վրա, բացեց ազատ տնտեսական գոտի: Գոտու նպատակն է օգտվել իրանական շուկայից և ստանձնել Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության և Թեհրանի միջև միջնորդի դերը։

Առևտրային հարաբերությունները կարող են փոխշահավետ լինել։ Իսլամական Հանրապետությունը վաղուց արդեն հետաքրքրություն է ցուցաբերել Եվրասիական տնտեսական միության միջոցով Ռուսաստանի հետ առևտրային կապերի ընդլայնման հարցում, և Իրանի հետ սահմանը Հայաստանի ընդամենը երկու բաց սահմաններից մեկն է 1990-ականների սկզբից ի վեր, երբ Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Թուրքիան և Ադրբեջանը փակեցին իրենց սահմանները Հայաստանի հետ:

Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճ է գրանցում և 2017-ին հասել է  211,4 մլն դոլարի: Տեղացիներն ընդհանուր առմամբ դրական են տրամադրված իրենց հարավային հարևանի նկատմամբ։

«Մեր մտադրությունները [Մեղրիում] լուրջ են»,- հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Ազատ տնտեսական գոտու բացման արարողության ժամանակ: Նա հավելել է, որ իրանցի գործարարները հնարավորություն կունենան ազատ տնտեսական գոտում ընկերություններ հիմնել, ապա արտահանել իրենց արտադրանքը եվրոպական և եվրասիական շուկաներ:

Իրանական կողմը ևս դրական է տրամադրված սահմանին զարգացումների նկատմամբ։

«Մեղրիի ազատ առևտրի գոտու ստեղծումը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև տնտեսական շրջանառությանն ու Իրանի ազատ առևտրի գոտիների հետ փորձի փոխանակմանը»,- բացման արարողությանը նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Ազատ տնտեսական գոտում պայմանները շահավետ են:

«Մեղրիի ազատ տնտեսական գոտում գործող ընկերությունները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքից: Մենք ակնկալում ենք, որ ազատ տնտեսական գոտին առաջիկա տարիներին կներգրավի 50-70 ընկերություն՝ ընդհանուր ապահովելով 100-130 մլն դոլարի ներդրումներ և ստեղծելով ավելի քան 1500 աշխատատեղ», - Eurasianet-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետի մամլո քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:

Մեղրիի ազատ տնտեսական գոտին գործարկվել է, իսկ մեկ այլ հավակնոտ՝ Իրան-Հայաստան առևտրային նախագիծ՝ Իրան-Հայաստան երկաթուղին, կանգ է առել:

Իրանի և Հայաստանի միջև երկաթգծի կառուցման մասին համաձայնագիրը հաստատվել էր 2009 թ. երկու երկրների կառավարությունների կողմից: Երեք տարի անց Հայաստանի կառավարությունը Դուբայում գտնվող Rasia FZE ներդրումային ընկերությանը հանձնեց երկաթգծի 50-ամյա կոնցեսիոն կառավարումը՝ կառուցելու և շահագործելու 305 կմ-անոց այդ երկաթուղին։ 2013թ. վերջին ընկերությունը կատարել էր նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն` գնահատելով այն 3,5 մլրդ դոլար:

Այնուամենայնիվ, ծրագիրը չմեկնարկեց՝ Բաքվի ագրեսիվ լոբբիստական գործունեության արդյունքում:

2018 թ. հունվարին Թեհրանը 500 մլն դոլարի վարկ ընդունեց Բաքվից` Ռաշտից դեպի ադրբեջանական սահման 205 կմ երկաթգիծ կառուցելու համար (հայտնի է որպես Ռաշտ-Աստարա գիծ): Ըստ Ռաշտ-Աստարայի գործարքի՝ Ադրբեջանը 15 տարի տևողությամբ վարձակալությամբ կշահագործի երկաթուղային գիծը, իսկ տերմինալները` 25 տարի: Այն նպատակ ունի բարձրացնել Իրանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 600 հազար տոննայից մինչև 5 միլիոն տոննա:

Գոյություն ունի նաև ռազմավարական հրամայական: Բաքվի համար անվտանգության խոշոր խնդիրներից է Նախիջևանի էքսկլավը, որը Հայաստանի հետ պատերազմից հետո հասանելի է միայն օդով: Բաքուն տեսնում է Նախիջևանի և Իրանի Մաշադ քաղաքի միջև վերջերս գործարկված երկաթգծի ընդլայնման ներուժը` այն կապելով Ադրբեջանի գլխավոր երկաթուղային ցանցի հետ:

Այնուամենայնիվ, դա Ադրբեջանին կարծես թե առավելություն է տալիս իրանական տարանցման մրցակցությունում: Բայց հայերը հույս ունեն, որ Մեղրիի նոր առևտրային գոտին կխթանի ապրանքաշրջանառությունը՝ դրանով իսկ երկաթուղու համար տնտեսական բազա ստեղծելով:

«Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի փոխարինել երկաթուղին։ Դա համարվում է ավելի արդյունավետ և կենսունակ այլընտրանք, ինչպես և նույն նպատակին՝ երկկողմանի առևտուրը խորացնելուն և զարգացնելուն ուղղված ավելի լավ ռազմավարություն», - ասում է Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Հայաստանը նաև հորդորում է նաև իր հյուսիսային հարևան Վրաստանին ներդրումներ կատարելու Մեղրիի ազատ տնտեսական գոտում: Մարտի 2-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել էր իր հայ գործընկերոջ հետ, քննարկել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հարցը:

«Մենք խոսեցինք համագործակցության հնարավոր ոլորտների, այդ թվում՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին: Մենք մանրամասնորեն խոսեցինք և [...] համաձայնեցինք, թե ինչպես ենք առաջ շարժվելու էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում»,- լրագրողներին ասել է Կարապետյանը:

Ներկայում Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրի համար ստիպված է օգտագործել  ռուս-վրացական սահմանի անցման միակ հատվածը՝ Վերին Լարսից, որը հաճախ ձմռանը ձնաբքի պատճառով փակվում է: Վրաստանը Ռուսաստանին կապող մյուս երկու ճանապարհները անցնում են Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատված շրջաններով: 2008թ.  ռուս-վրացական պատերազմից հետո այս երկու ճանապարհները փակվել են:

Անցյալ տարի Շվեյցարիայի միջնորդությամբ Թբիլիսիի և Մոսկվայի միջև տարիներ տևած բանակցություններից հետո Վրաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին այդ ճանապարհները որպես «առևտրային միջանցք» բացելու համաձայնագիր, իսկ բեռնափոխադրումները կվերահսկի երրորդ կողմը՝ շվեյցարական SGS ընկերությունը:

«Վրաստանի կառավարությունը դրական է վերաբերվում գործարքին, սակայն դա չի նպաստի տարանցիկ միջանցքի Հայաստանի ծրագրերին՝ առանց Մոսկվայի կողմից Հարավայի Օսիայի ու Աբխազիայի կարգավիճակի շուրջ խոշոր զիջումների»,- ասել է Վրաստանի քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կորնելի Կակաչիան:


Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի