14 ապրիլ, 2018 13:53

Երիտասարդությունը փորձում է թույլ չտալ իշխանության յուրացման հանցագործությունը. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Իմ քայլը» նախաձեռնությանն ու դրան մասնակցող երիտասարդությանը` նշելով, որ վերջինս «փորձում է թույլ չտալ իշխանության յուրացման հանցագործությունը»: Հրանուշ Խառատյանի գրառումն առանց փոփոխության ներկայացված է ստորև:

«Երեկ, այս գիշեր, այսօր Երևանի փողոցներում հավաքված երիտասարդությունը փորձում է թույլ չտալ իշխանության յուրացման հանցագործությունը՝ Սահմանադրության ԳԼՈՒԽ 1, Հոդված 2-ով ՛՛Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է՛՛:

Ջամբուլ Ջաբաև անունը շատ քչերին է հայտնի: Դա ԽՍՀՄ-ում մի անգրագետ մարդ էր, հովիվ, ազգությամբ՝ ղազախ: Թերևս վատ մարդ չէր: Անցյալ դարի 30-ական թվականներին այս մարդը 80 տարեկան էր, և հենց այդ տարիքում Կոմունիստական կուսակցությունը այս մարդուն ընտրել էր՝ որպես ժողովրդի կամքի արտահատիչ: Նա, ռուսերեն ոչ մի բառ չիմանալով, ռուսերեն լեզվով բանաստեղծություններ էր ՛՛գրում՛՛, որոնք լայնորեն տիրաժավորվում էին: Հասկանալի է, իհարկե, որ բանաստեղծությունները գրում էին ժամանակի լավագույն բանաստեղծները, և դրանք հրատարակվում էին որպես Ջամբուլ Ջաբաևի գրած բանստեղծություններ: Ջամբուլ Ջաբաևի ՛՛գրած՛՛ բանաստեղծությունները տպագրվում էին թերթերում, ժողովածուներում, դասագրքերում, նրան հղում էին որպես մեծագույն պոետ, երեխաներին սովորեցնում էին ՛՛Ջամբուլ Ջաբաևի բանաստեղծությունները՛՛, նրա անունով քաղաքներ էին կոչում, նրան պատվով նստեցնում էին տարատեսակ պատվո սեղանների, ցուցադրում էին հասարակությանը, միայն խոսել չէին թույլատրում: Եվ, իհարկե, վճարում էին: Սա կոչվում էր ՛՛ժողովրդի իշխանություն՛՛: Ջամբուլ Ջաբաևը խորհրդային ՛՛ժողովրդի իշխանության՛՛ խորհրդանիշ էր: ԽՍՀՄ Գերագույն խորհրդում Ջամբուլ Ջաբաևներ շատ կային և նրանք, իհարկե, կապ չունեին իշխանության հետ: Իշխանությունն իրացնում էր իբրև թե Կոմկուսը, իրականում՝ Կոմկուսի Քաղբյուրոն, փաստացի՝ մեկ անձ, որին ենթարկվում էր Քաղբյուրոն:

Այսօրվա Հայաստանի Հանրապետությունում նույնպես իշխանության իրավատերը ժողովուրդն է (Սահմանադրություն, ԳԼՈՒԽ 1, ՛՛Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին՛՛), բայց ՛՛ժողովրդի իշխանությունը՛՛ գործնականում իրացնում է գլխավորապես մեկ անձ՝ ՀՀԿ-ի ՛՛քաղբյուրոյի՛՛՝ ֆեյք գեներալների, ֆեյք ՛՛ժողովրդի ընտրյալ՛՛ փաստացի օլիգարխների և տարատեսակ այլ ՛՛խնամիների՛՛ միջոցով: Նրանք, իհարկե, նույնպես վճարվում են, ինչպես վճարվում էր Ջամբուլ Ջաբաևը: Օրինական և անօրինական ձևերով՝ արտոնություններով, ամենաթողությամբ, երկրի, ժողովրդի սեփականության՝ նյութական և հոգևոր ռեսուրսների յուրացումով: Բազմաթիվ անկախ փորձագետների գնահատականով սա իշխանության յուրացում է, ավտորիտարացում, իսկ Սահմանադրության ԳԼՈՒԽ 1, Հոդված 2-ով ՛՛Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է՛՛:
Երեկ, այս գիշեր, այսօր Երևանի փողոցներում հավաքված երիտասարդությունը փորձում է թույլ չտալ այդ հանցագործությունը»: