15 ապրիլ, 2018 20:47

Արգելափակել կամուրջները, փողոցները, մետրոն․ Նիկոլ Փաշինյանի կոչը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 15-ի երեկոյան հանրահավաքին շարժման առաջնորդ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց և ներկայացրեց գործողությունների ծրագիր։

Փաշինյանը կոչ արեց ապրիլի 16-ի առավոտյան 8։15-ից արգելափակել Երևանի երեք խոշոր կամուրջները, իչպես նաև փողոցները, մետրոն, կաթվածահար անել երթևեկությունը և ոտքով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք, շրջափակել այն։ «Տասնյակ հազարներով պետք է մտնենք Բաղրամյան պողոտա։ Ձեր մասնակցության չափից է կախված այս գործընթացի ողջ ճակատագիրը»,- հայտարարեց նա։

Փաշինյանը ուսանողներին կոչ արեց սկսել դասադուլ, իսկ աշխատողներին՝ գործադուլ։ Ծնողներին խորհուրդ տվեց երեխաներին չուղարկել դպրոց։

Ավելի վաղ Ֆեյսբուքում գրառում էր արել հանրահայտ ռոք երաժիշտ, System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանը՝ նույնպես կոչ անելով քաղաքացիական անհնազանդության։ «Քաղաքացիական անհնազանդությունն աշխատում է կախարդանքի պես, երբ դրան բավականաչափ մարդ է մասնակցում: Պատմության ընթացքում դա ամենազորեղ գործիքներից է եղել: Իմ սիրտն ու սերը` բոլոր նրանց Հայաստանում, ովքեր պայքարում են հանուն բարգավաճ ապագայի»,- գրել է Թանկյանը:

Ապրիլի 16-ին Ազգային ժողովը գումարելու է նիստ, որտեղ Հանրապետական խմբակցությունը, ըստ նախատեսվածի, վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Քվեարկությունը նախատեսված է ապրիլի 17-ին։

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ ցույցերը Երևանում շարունակվում են երրորդ օրը։ Հանրահավաքները տեղի են ունենում քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ երթևեկությունը արգելափակված է։