16 ապրիլ, 2018 23:59

Սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ. ՄԻՊ

Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին, այս մասին հաղորդում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Ըստ հաղորդագրության` սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

«Անհրաժեշտ ենք համարում նշել, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները հավաքի ընթացքում պետք է գործեն այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակումներ թույլ չտալու սկզբունքով:

Այսօր ողջ օրվա ընթացքում Պաշտպանի աշխատակազմը հավաքագրել ու վերլուծել է հավաքի ընթացքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման փաստերը, դրանց վերաբերյալ հրապարակումները, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դրանց գործադրման վայրում անմիջականորեն արձանագրած դեպքերը:

Այս տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քննարկման առանձին ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած բոլոր նյութերը կուղարկվեն Դատախազություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու պահանջով: Այս առնչությամբ առկա է համապատասխան իրավական ընթացակարգ սկսելու անհապաղ անհրաժեշտություն:

Հատկապես մտահոգիչ են հավաքի մասնակիցների և ոստիկանների տուժելու վերաբերյալ տեղեկությունները: Դրանք պետք է քննության առարկա դարձվեն համապատասխան միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ»,- ասվում է հաղորդագրությունում: