17 ապրիլ, 2018 00:09

Բացառել պատանիների մասնակցությունը հանրահավաքներին. ոստիկանություն

Ոստիկանությունը կոչ է անում կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը, այս մասին հաղորդում է ոստիկանության կայքը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երևանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում: Ոստիկանությունը, իր լիազորությունների շրջանակում իրականացնելով հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաև զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից:

Ակնկալությունը, սակայն, ցավոք, հաճախ համապատասխան արձագանք չի ստանում: Մասնավորապես, ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլև հղի է վտանգավոր հետևանքներով:

Զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ ենք անում նկատի ունենալ այս հանգամանքը և կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը:

Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը: Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, և նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է»,- նշվում է հաղորդագրությունում: