17 ապրիլ, 2018 10:23

Ու՞ր է Արմեն Սարգսյանը

Մի քանի օր առաջ նախագահ դարձած Արմեն Սարգսյանը երդվեց։ Դեռ փետրվարին, երբ այս մարդը մտավ, այսպես կոչված, ընտրապայքարի մեջ, լրագրողներին վստահեցրեց, որ «ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտություն կա»։

Այսինքն, մարդը գիտի, որ հասարակության և իշխանության միջև մի այնպիսի անհամաձայնություն կա, որ ոչ թե հաշտության կարիք կա, այլ երկխոսության՝ եզրեր կգտնեն՝ կգտնեն, չեն գտնի, ինքը գոնե երկխոսությունը կարևորեց։ Այսօր այս մարդու նստավայրի քթի տակ իսկական բախում է հասունանում ժողովրդի և իշխանության միջև։ Երեկ ոստիկանները մի քանի տասնյակ հոգու են վիրավորել, շուտով կհարձակվեն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա, որոնք գոնե երեկվա դրությամբ մի քանի տասնյակ հազար էին։

Ու՞ր է Արմեն Սարգսյանը՝ այսպես կոչված նախագահը։ Մարդը չկա։ Կարծես թե Սերժ Սարգսյանի փոխարեն ինքն է հեռացել նախագահի աթոռից ու այս ամենն իր գործը չէ։ Մինչդեռ նա պետք է ուղերձով հանդես գար, նա պետք է ձեռք մեկներ, հանդիպեր Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրան աշխարհիկ կաթողիկոսի գործառույթներ է վերապահել Սահմանադրությունը։ Փետրվարին ասում էր՝ ժամանակն է, որ խոսենք։ Որովհետև այդ ժամանակ խոսելու գործնական լիազորություններ չուներ։ Հիմա ունի և չի խոսում։ Գիտե՞ք՝ ինչու։ Սերժ Սարգսյանը նրան վստահեցրել է, որ բանը երբեք դրան չի հասնի, որ նա իր գլուխն, ասենք, իր անկողնուց դուրս հանի։ Այս մարդուն վստահեցրել են, որ ինքը նախագահ է լինելու մի երկրում, որտեղ ժողովուրդ գոյություն չունի։ Հետևաբար ինքը երկխոսություն բառը գիտի, բայց չգիտի, թե ովքեր պետք է երկխոսեն՝ եթե ժողովուրդ չկա, երկխոսությունը կարող է լինել Ամուլսարն ապականելու տեսլականների առիթով։

Հայաստանի բախտը չի բերելու, քանի դեռ սա «ոգեկոչում» է անպատասխանատվության։ Արմեն Սարգսյանը լիաթոք է շնչում «թագուհու» իր անգործությունը։ Ուղերձը քայլ է, պիտի նստի տեքստ գրի։ Բա դրա համա՞ր է եկել Հայաստան։ Նրան վստահեցրել են, որ այնքան անելու բան չի ունենա, որ կարող է տակից Անգլիայում ՀՀ դեսպան լինել, Իտալիայում հետևել իր մսամթերքի մատակարարմանը դեպի Ռուսաստան և Ղազախստան։ Այս մարդու Հայաստանը մեր Հայաստանը չէ։ Բացառված չէ, որ նա նույնիսկ չգիտի, թե ինչ է ուղերձը։ Որովհետև Հայաստանում ուղերձները նախորդում են արյունահեղություններին, իսկ ինքը Հայաստանի բնության արյունն է խմում, բնությանն ուղերձ չես հղի, չի ընկալվի։  

Հայաստանում երևի նույնիսկ Արմեն Սարգսյանի կինն էլ գիտի, որ նախագահ գոյություն չունի։ Թեպետ նրանց մասին ավելի ճիշտ կլիներ մտածել, որ Հայաստանն, ըստ նրանց, գոյություն չունի։ Չափազանց պարզ է զգացվում, որ այս մարդը պարզապես հյուրընկալվել է մի երկարատև ճոխ խնջույքի, որն այլևս չի ավարտվի։ Էդ խնջույքում նրան արգելել են նույնիսկ թամադա լինելը։ Այնպես չէ, որ նրա ուղերձի կարոտն է շարքային հայաստանցին։ Եվ այնպես չէ, որ նրա ուղերձը կարող էր իրավիճակ փոխել։ Բայց ավելի վատ՝ եթե ինքը գիտի այդ ուղերձի անպտղությունը, եթե իհարկե գիտի, թե ինչ է ուղերձը։ Պարզապես Սահմանադրությունն է ասում, որ որոշակի իրավիճակներում նախագահը կարող է հանդես գալ ուղերձով։ Դա ենթադրում էր, որ ինքը պետք է ասեր գլխավոր խոսքը։ Այս դեպքում պետք է նախաձեռներ երկխոսություն։ Կստացվեր՝ կստացվեր, չէր ստացվի՝ Նիկոլ Փաշինյանն էլ իր քայլն արեց․ կհասնի հաջողության, թող հասնի, չի հասնի, գոնե կասի, որ փորձել է։ Իսկ գուցե այս մարդն ուղղակի ոտքի վրա գլխի է ընկել, որ Հայաստանում իրական իշխանությունը Նիկոլ Փաշինյա՞նն է և ուղերձով ժողովրդին դիմելը թեթևսոլիկությու՞ն է կամ մոտավոր անգլերենով ասած՝ levity:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: