20 ապրիլ, 2018 09:25

LIVE Blog․ Երևանյան ցույցերը, ապրիլի 20

ՍիվիլՆեթը ուղիղ տեսաեթերով և տեքստային թարմացումներով շարունակում է լուսաբանել բողոքի ցույցերը Երևանում։ Ապրիլի 19-ի երեկոյան Հանրապետության հրապարակում հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապրիլի 20-ի առավոտյան սկսել փողոցների արգելափակման ակցիաները, դրանց համար օգտագործել բեռնատարներ, որպեսզի էվակուացնելը հնարավոր չլինի։ Ապրիլի 20-ի իրադարձությունները՝ ստորև։

22։33

Ելույթ է ունենում դերասանուհի Լալա Մնացականյանը։

22:30

Հանրահավաքն ավարտվում է երթով։

22:25

Վաղվա գործողությունները՝ 11։00-ից, 7-րդ Մասիվի Նոր տուն խանութից։

22։13

Փաշինյանը՝ վաղվա մասին

 

22։10

Այս շարժման շարժիչ ուժը կանայք են, քույրերը, դուստրերը։ Ոչ մի շարժում կանանց այսքան ներգրավում չի ունեցել․ Փաշինյան

22։05

Նիկոլ Փաշինյան

Գեներալ Սեյրան Սարոյանի անվտանգությունից մեկը բռնություններ է գործադրել Այգեշատ գյուղի մի խումբ բնակիչների նկատմամբ, որոնք փորձել են երթով գալ և միանալ մեր հանրահավաքին։

Գեներալ չէ, գեներալիսիմուս լինի, պատկերացրեք ինչ կլինի, եթե այսքան մարդ երթով գա այդ գյուղերը։

22։02

Ես քեզ զգուշացնում եմ, Տարոն, թափթփուկներիդ հավաքիր, թե չէ մի ամիս տնից դուրս չես գա․ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանին։

22։00

Ներհայաստանյան թշնամանքի դարաշրջանն ավարտված է․ Նիկոլ Փաշինյան

Ստեղծվում է փոխադարձ սիրո, հարգանքի, եղբայրության մթնոլորտ․ Նիկոլ Փաշինյան

21։58

Փաշինյանը դիմում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին․ «Սերժ Սարգսյանին դուր չի՞ գալիս, որ ՀՀ-ում մարդիկ ուրախանում են։ Ինչ է՞, պիտի լացուկոծ անեն»։

21:55

Սա խաղաղ քաղաքական պրոցես է․ Նիկոլ Փաշինյան

21։43

Փաշինյանի 4 կետերը

1․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից

2․ ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուի։

3․ Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն

4․ Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց հետո պետք է ԱԺ-ն հավանություն տա կառավարության ծրագրին։ Երբ ձևավորովոմ է ժամանակավոր կառավարություն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, որից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Տեղի ունենալիք ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի չպիտի լինեն։

21։28

Նիկոլ Փաշինյան

Աջակցություն են հայտնել Մարտի 1-ի զոհերի հարազատները։

Աջակցություն է հայտնել Գյումրիի Գալա կուսակցությունը։

Շարժմանն աջակցել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը, դերասաններ Հրանտ Թոխատյանը, Արմեն Նշանյանը, Սարգիս Գրիգորյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը․ Էմպիրեյ խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը, դերասան Հայկ Մարությանը, System of a Down-ի Տարոն Մալաքյանը։

21։23

Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռերի ուղերձը երիտասարդներին

«Սիրելի երիտասարդնե՛ր
Տարիներ շարունակ հավատով ու համոզմունքով սպասում էինք ձեր քաղաքական ծնունդին։
Եվ, ահա՛, տեսնում ենք, որ մեր Հայրենիքն ապագա ունի, որ դուք իսկական իրավատեր քաղաքացիներ եք և Հայոց պետականության նավը վերջապես կտանեք բաց ծով։

Ճորտության մեջ ծնված ու ապրած ավագ սերնդի մեծ մասը չի կարողանում ամբողջությամբ հասկանալ ձեզ։ Դուք որդիների այն սերունդն եք, որ լինելու է հայրերի դասիարակիչը։ Շատ ողջունելի է պատանիների մասնակցությունը, նրանց վաղ քաղաքականացումը։ Ազգը կենդանի օրգանիզմ է և ազատ ու արժանապատիվ կյանքի բնական պահանջ ունի։ Ձեր պոռթկումն այդ պահանջի ներքին խմորումների, երկունքի արդյունքն է։ Ավագ սերունդը պատանիներին հետ պահելու փոխարեն գոնե հիմա պետք է գիտակցի իր սխալը, ամոթ զգա իր չարածի համար ու հասկանա, որ բնության օրենքով պատանին է լրացնում իր բացն ու բացակայությունը և, թեկուզ ուշացումով, կանգնի ձեր կողքին։
Ձեր ազատ, արժանապատիվ ու քաղաքացիական տեսակի ծնունդը նշմարվեց Մաշտոցի պուրակի, 100 դրամի, բնապահպանական և այլ ակցիաների ժամանակ, և իր գալստյան մասին իրազեկեց «Էլեկտրիկ Երևան»-ի օրերին։ Նա երկրին տեր կանգնելու հայտ ներկայացրեց և այդ սրբազան նկրտումը կյանքը զոհասեղանին դնելով հաստատեց 2016թ․ ապրիլին՝ Հայկական բանակի, իսկ հուլիսին Սասնա Ծռերի կազմում։

Այսօր, երբ դուք մարդկային հանրության կազմակերպման ամենաբարձր՝ քաղաքական մակարդակով ասպարեզ եք իջել և տեր եք կանգնում երկրին ու պետականությանը, կարող ենք վստահաբար ասել, որ քաղաքական ազգ ենք դառնում։ 

Ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը դեռ նոր է սկսվում, ամեն ինչ դեռ առջևում է։
Ձեր վարած ներկայիս փողոցային պայքարը, ազատության տենչից բխող ներքին խմորումները ծնելու են նոր ու վեհ գաղափարներ, բացելու են մշակութային, քաղաքական ու տեխնոլոգիական ստեղծագործության ուղիներ ու հնարավորություններ, որոնց քվանտային տրամաբանության ու արդյունավետության շնորհիվ հնարավոր կլինի թռիչքային քայլերով հասնելու այսօր աներևակայելի թվացող բարձունքների, իրականացնելու մեր ազգային ու մարդկային իղձերն ու նպատակները։

Այս տարի լրանում է Հայոց պետականության վերածննդի երկու իրադարձությունների՝ Մայիսյան հերոսամարտերի և 1-ին Հանրապետության ստեղծման 100-ամյակը։ Դուք այդ հերոսական ոգու և 1-ին Հանրապետության ժառանգորդներն եք։ Դուք եք, որ պետք է մերժեք 1-ին Հանրապետության զավթումն ու մասնատումն ամրագրող 1921թ․ ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, դրա վրա հիմնված և այն երաշխավորող ռուսական գաղութատիրությունը և որպես այս երկուսի սպասարկման գործիք ստեղծված այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգը, վերադարձնեք մեր ազգային առաքելությունը և, որդեգրելով 1-ին Հանրապետության ժառանգորդության և Հայրենիքի վերատիրացման իրավաքաղաքական հայեցակարգ, հիմնադրեք նոր՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն և Հայկական գործոնը վերադարձնեք համաշխարհային քաղաքականություն։ Հայությունը կարող է և պարտավոր է կառուցել մոլորակի ամենաարդար, ժողովուրդների համար օրինակելի կացութաձևով հասարակարգ։

Մենք ունենք այդ առաքելությունը և ժամանակն է, որ գործի անցնենք։ Մինչ այդ՝ կա այսօրվա պայքարն ու գործը՝ ազգովին ապստամբել և քաղաքացիական Սարդարապատում հաղթել ցեղասպան համակարգին։
Եղե՛ք վճռական, նպատակասլաց և տոկուն, ձեր մաքուր սրտով ու ազատ կամքով թելադրե՛ք օրակարգ, առաջադրե՛ք և լուծե՛ք քաղաքական խնդիրներ։ Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր, ժամանակն է լրջորեն միանալու ազգային-ազատագրական պայքարին, Հայրենիքը սպասում է ձեզ, եկե՛ք, միացե՛ք, ինչպես նաև դրսից զորակցեք ձեր հասակակիցներին։

Սիրելի երիտասարդնե՛ր
Նկատի ունեցե՛ք, որ հակառակորդը բռնակալ է և նենգ։ Ուստի արիացե՛ք ու շրջահայաց եղեք։ Եվ պատրաստ եղեք բոլոր հնարավոր զարգացումների պարագայում չընկրկելու ու համարժեք միջոցներով կամք պարտադրելու և պարտության մատնելու նրան։ Գաղութային բռնապետական ռեժիմին տապալելուց հետո (կամ դրան զուգահեռաբար) մնացե՛ք քաղաքական և ձեր պատկերացրած չափանիշներով ու նաև ձեր շարքերից ընտրեք Անցումային փուլի ժամանակավոր կառավարման մարմիններ, առանց խնայելու մաքրե՛ք երկիրը գաղութային-գործակալական տականքից (լյուստրացիա), որի անհրաժեշտ մասն է ռեժիմի պարագլուխներին Հայկական Նյուրնբերգում պատասխանատվության կանչելը։ Նաև շատ կարևոր է, որ ստանձնեք համաժողովրդական մասնակցության ձևաչափով նոր Հանրապետության նոր Սահմանադրության մշակման հսկողությունը, անմիջականորեն մասնակցեք այդ գործին, որպեսզի Նոր Սահմանադրությունը լինի ձեր ազատ ոգու ու լուսավոր մտքի վկայագիրը և ուղեցույց դառնա բոլորիս համար։

Կեցցե՛ պայքարող երիտասարդությունը
Կեցցե՛ ազգային հեղափոխությունը
Մա՛հ ռեժիմին
Դու՛ք եք տերը մեր երկրի

Ժիրայր Սեֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)

21։22

Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակի ՀՀ-ում։

Սերժ Սարգսյանի իշխանությունը մահացած է։

21:18

Այս պահին քաղաքացիներն ամբողջությամբ փակել են Երեւան-Էջմիածին եւ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը. կան ոստիկանական ուժեր: Ցուցարարները փակել են ավտոճանապարհը, իսկ քաղաքացիների թիվը գնալով ավելանում է. «Հայկական ժամանակ»։

21:07

Ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է, որ այսօր վերջին օրերի ամենամարդաշատ հավաքն է։

Թվարկում է այսօր փակված խաչմերուկներն ու փողոցները։

Ընդհատվում է՝ Ուշա, ուշա վանկարկումներով։

Իշխանությունները խոսում են երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին։

Էսօր մենք ևս մեկ ռեկորդ ենք սահմանել․ այսօրվա մեր երթը շարունակվել է ուղիղ 25 կմ 100 մետր՝ 37 000 քայլ։

Վանկարկում են՝ Հաղթանակ, հաղթանակ։

Ամբողջ աշխարհն է տեսնում, որ սա ժողովրդավարական թավշյա ոչ բռնի հեղափոխություն է։

Այսօր Հանրապետության հրապարակը ավելի լեփ-լեցուն է։

«Ժողովուրդ ջան, էսօր էս ինչ արեցիք»։

21:00

Ելույթ է ունենում Տիգրան Ավինյանը։ 

20:55

Հանրապետության հրապարակում են ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։

20։50

Լևոն Բարսեղյան․ «Ահագին քայքայվել է ոստիկանական համակարգը»։

20։48

Երիտասարդ կինոգործիչների խաղաղ ակցիան։ Երիտասարդ կինոգործիչները ընհատեցին Սուրեն Բաբայանի ֆիլմի պրեմիերան և կոչ արեցին միանալ խաղաղ հանրահավաքին։

20։45

Ելույթ է ունենում Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Ամեն ուսանող, ամեն բարձր դասարանցի ինքը պետք է որոշի՝ ապրել Սերժի կոնցլագերում»։

20։40

Էդվարդ Նալբանդյանը՝ ներքաղաքական իրադարձությունների մասին

Հարց. Պարոն նախարար վերջին օրերին արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների առջև ցույցեր են կազմակերպվել: Ինչպես եք վերաբերվում նման երևույթին:

Պատասխան. Անշուշտ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ ունեն իրենց Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կարծիք հայտնելու իրավունք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը, դրանց աշխատանքը խոչընդոտելը, սեփական Հայրենիքի ներկայացուցչությունները վարկաբեկելու փորձերը և դրանք առցանց ցուցադրելը կարելի է համարել հայրենասիրության դրսևորում: Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձևեր կան: 

Հարց. Պարոն նախարար, վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին անդրադառնում են նաև արտերկրում, դրանք հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. Միջազգային կառույցներն ու մեր գործընկեր երկրները լավագույնս տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, առաջին հերթին, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումներն իրականացվել են նրանց հետ համագործակցությամբ: Այն ինչ այս ուղղությամբ իրագործվել է հատկապես վերջին տասնամյակում կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն և անդառնալի է։

Այդ համագործակցության արդյունքում է նաև, որ սահմանադրական բարեփոխումները և նախորդ տարի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացան միջազգային կառույցների հիմնականում բավական դրական գնահատականների: Հենց դրանց արդյունքում է, որ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին:

Մեր երկրում ազատորեն իրականացվող երթերն ու ցույցերը անհնար կլիներ պատկերացնել առանց վերջին տարիների հետևողական ու շարունակական բարեփոխումների կյանքի կոչման։

Գուցե այդքան էլ ճիշտ չէ զուգահեռներ անցկացնել, այնուամենայնիվ, որո՞նք են այն երկրները, ուր կարող է հանդուրժելի համարվել տևական ժամանակով քաղաքացիների ազատ տեղաշարժի խոչընդոտումը, կրթօջախներ, պետական հիմնարկներ և այլ հաստատություններ ներխուժելու փորձերը, նրանց բնականոն աշխատանքի խաթարումը, հանրային ու մասնավոր գույքի վնասումը, հասարակական կարգի խախտումը և այլն:

Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլև շատ դեպքերում` նաև առավել քան զսպված: Իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաև ԵԱՀԿ-ի և գործընկեր այլ կառույցների հետ տարիների համագործակցության արդյունք են:

Ինչ վերաբերում է միջազգային մամուլի արձագանքին, ապա Դուք ճիշտ եք` բավական անդրադաձ եղել է: Եվ դա բնական է: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ու առանց խոչընդոտների սփռվում են մեր երկրում ազատորեն գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվական գործակալությունների միջոցով: Սա էլ է կարևոր ցուցանիշ:

Կամ վերցնենք համացանցի ու սոցիալական ցանցերի ազատ գործունեությունը, Հայաստանում աշխույժ քաղաքացիական հասարակության առկայությունը, որը ձևավորվել է հենց վերջին տարիներին: Այս ամենը հնարավոր է դարձել Հայաստանի կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականության շնորհիվ և բազմիցս արժանացել է մեր միջազգային գործընկերների գնահատանքին:

Հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, գործուն քաղհասարակության առկայությունը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են: 

20։32

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյան․ «Պարտավոր ենք մեր տան մեջ նստել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել իրավիճակից դուրս գալու համար», «Արմենպրես»

20։30

Ելույթ է ունենում Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը

«Ոչ միայն մենք ենք տերը մեր երկրի, այլև մենք ենք մեր երկիրը»։

«Սերժ Սարգսյանի իշխանությունն է, որ 10 տարիների ընթացքում խորացրել է անարդարությունը»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվին խնայողություն է արվում, որ նրանց համար հավասար հնարավորություններ ու արժանապատիվ կյանքի հնարավորություններ չեն ստեղծվում»։

20։26

ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության հայտարարությունը

Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ: ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները այցելել են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ և ձերբակալված անձանց պահման վայրեր: Մենք արձանագրում ենք, որ.

·  խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք,

·  վարույթների ընթացքում խախտվում են ցուցարարների անձնական ազատության, արդար դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, անձնական կյանքի հարգանքի, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու, միավորումների և արտահայտվելու ազատությունների, խտրականությունից զերծ լինելու իրավունքները,

·  բազմաթիվ ցուցարարներ բռնության են ենթարկվում քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից, ինչը շատ դեպքերում տեղի է ունենում ոստիկանության լուռ ներկայությամբ,

·  խաղաղ ցույցերի ժամանակ առանձին անձինք ցուցաբերում են ակնհայտ սադրիչ գործելակերպ, ինչը անուշադրության է մատնվում ոստիկանության ներկայացուցիչների կողմից,

·  առանց պետհամարանիշների բազմաթիվ մեքենաներ կասկածելի կերպով ներգրավված են այս գործընթացի մեջ՝ ոստիկանության թողտվության պայմաններում,

·  ակնհայտ սադրանքներով աչքի ընկած անձանց նկատմամբ դեռևս չեն հարուցվել քրեական գործեր և ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության,

·  այս օրերին լրագրողների կողմից ամենաթեժ կետերում կատարվող 24-ժամյա պրոֆեսիոնալ աշխատանքը ևս, շատ հաճախ, պարունակում է բավական մեծ ռիսկեր: Ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության են ենթարկվել լրագրողներ, խոչընդոտվել է լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում վերոնշյալ իրողությունների առնչությամբ և պահանջում ենք ՀՀ դատախազությունից, Ոստիկանությունից և Քննչական կոմիտեից, անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ խաղաղ ցուցարարների և լրագրողների իրավունքները խախտած, նրանց նկատմամբ բռնություն գործադրած բոլոր անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու համար:

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում խաղաղ ցուցարարների՝ սեփական պահանջները ոչ բռնի պայքարի միջոցով իրացնելու իրավունքի նկատմամբ: Մենք ուշի ուշով հետևում ենք տեղի ունեցող գործընթացներին և արձագանքելու ենք յուրաքանչյուր բռնության դեպքի՝ թույլ չտալով խախտել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և բնական իրավունքներն ու ազատությունները:

 20։25

Վանկարկում են՝ Սուտասան, սուտասան։

20։20

Ելույթ է ունենում «Մերժիր Սերժիր» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը

«Սերժ Սարգսյանը նահանջում է»։

«Գաղջ մթնոլորտը վերացել է»։

«Չկա որևէ ուժ, որ կարող է հաղթել այս կազմակերպված շարժմանը»։

20։19

Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ

«Բուհերում և դպրոցներում փակելը նշանակում է պատանդ վերցնել։ Զանգեք 1-02 և ասեք, որ մեզ պատանդ են վերցնել»։

«Ոստիկանական բաժանմունքում չեք տալիս ձեր հեռախոսը, պահանջում եք փաստաբան»։

20։17

Այսօր՝ Երևանի փողոցներում

20։15

Ելույթ է ունենում Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը։

20։12

Բողոքի մեծ ակցիա Լեհաստանում՝ Վարշավայում։

20։10

Ելույթ են ունենում դերասանուհիներ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյանը։

 

20։05

ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը աջակցություն է հայտնել շարժմանը

«Որպես Հայաստանի նվիրված բարեկամ՝ ես ողջունում եմ խիզախ մարդկանց, ովքեր դուրս են եկել փողոցներ՝ պահանջելու մեր սիրված Հայաստանի ժողովրդավարական վերափոխումը։ Իմ սիրտն ու սերը՝ բոլոր այս տղամարադկանց ու կանանց, որոնք երազում են ավելի լավ ապագայի մասին»։

19։55

Մուշեղ Մուրադյան Լոս-Անջելեսից

Ես ու ընկերս որոշեցինք գալ ու մասնակցել համաժողովրդական աննախադեպ հավաքին։

19։53

Ելույթ է ունենում Տիգրան Ավինյանը ԵԼՔ-ից։

«Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ եկել են, որ ներկա գտնվեն այս իրադարձություններին»։

19։52

Հանրապետության հրապարակում վանկարկում են՝ Հաղթանակ, հաղթանակ։ Հանրահավաքը շարունակվում է։

19։50

Բողոքի ակցիա այսօր՝ Լիոնում։

19։47

Մեր շարժումը գտնվում է համայն աշխարհի ուշադրության կենտրոնում, պարբերականները գրում են մեր մասին։ Սերժ Սարգսյանի խեղկատակ ընտրության առթիվ շնորհավորել է մեկ-երկու պետություն։

19:45

Հայաստանի քաղաքացիների մեջ վախը տոտալ հաղթահարված է․ Ա․ Միրզոյան

19։42

Ելույթ է ունենում շարժման կազմակերպիչներից Արարատ Միրզոյանը։

19։40

Հանրահավաքը մեկնարկեց։

19:35

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

«Ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները: Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը»։

«Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը»:

19:30

Ոստիկանության հայտարարությունը

«Այդուհանդերձ, անտեսելով դեռևս ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից կայացված՝ Երևան քաղաքի կենտրոնում կազմակերպվող ապօրինի հավաքները դադարեցնելու մասին որոշումը, ինչպես նաև հաջորդող օրերին զգոնության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում մնալու վերաբերյալ բազմաթիվ կոչերը՝ հավաքների կազմակերպիչները շարունակում են իրենց հայտարարություններով և գործողություններով սրել իրավիճակը:

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի, որոնք միտված են հավաքի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև բախումների հրահրմանը: Նրանց կողմից հնչեցված կոչերն ու կատարված «անակնկալ» գործողությունների դիմելու որոշումներն արդեն իսկ բազմիցս հանգեցրել են զանգվածային անկարգությունների, լրջորեն խոչընդոտել այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը, վտանգի տակ դրել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը՝ հանգեցնելով անձանց հիմնական իրավունքների և հանրային շահերի անհամաչափ սահմանափակման:

Ընդ որում, բոլորի համար ակնհայտ են կազմակերպիչների քողարկված կոչերը կամ քայլերը, առանձին դեպքերում ընդհատակից գործելը, և այդ պարզունակ տակտիկական մանևրումները կազմակերպիչներին չեն ազատում պատասխանատվությունից:

Վերոգրյալից ելնելով՝ ևս մեկ անգամ զգուշացնում ենք, որ նշվածը իրավունք է վերապահում ՀՀ ոստիկանութանը ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով, ընդհուպ հատուկ միջոցների կիրառմամբ, ցրելու հավաքը, որոնց բոլոր հետևանքների լիարժեք պատասխանատվությունը կրելու են կազմակերպիչները:
Խաղաղ հավաքների սկզբունքին հավատարիմ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին, զերծ մնալ հակաիրավական գործողություններից, իսկ այն անձանց, որոնց անչափահաս զավակները մասկանցում են ապօրինի հավաքներին, միջոցներ ձեռնարկել վերջիններիս հեռացնելու հավաքներից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով:

Լրագողներին կրկին անգամ հորդորում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց մասնագիտական գործունեոթյունն իրականացնել հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա»:

19։25

Մաշտոց-Ամիրյան խաչմերուկ, բերման են ենթարկվում քաղաքացիներ

19:20

Եզդիները միանում են #իմքայլը շարժմանը

«Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ստեղծված իրավիճակը չի կարող անտարբեր թողնել և ոչ մի քաղաքացու: ՀՀ գործող իշխանությունները իրենց հակաժողովրդավարական գործունեությամբ խախտում են բոլորի իրավունքները, այդ թվում նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները: «Սինջար եզդիների ազգային միավորում»-ը կոչ է անում իր բոլոր համակիրներին միանալ և աջակցել #Իմքայլը շարժմանը՝ հանուն ուժեղ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության»

19:10

Այսօր բողոքի ակցիա է անցել Վարդենիկ գյուղում։ Ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարների։ Քիչ անց՝ տեսանյութ։

19։00

Ոստիկանները բռնություն են գործադրում ցուցարարների հանդեպ Հրազդանում։

 

18:45

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ ապրիլի 24-ին գործողությունների մասին

«Տեսնենք՝ ամսի 23-ին ինչ վիճակ կլինի, ըստ այդմ կորոշենք 24-ի անելիքները։ Ապրիլի 24-ին ինչպե՞ս կարող ենք չնախատեսել։ ՀՀ Ցանկացած քաղաքացի ապրիլի 24-ին առնվազն նախատեսում է այց Ծիծեռնակաբերդ։

«Հնարավո՞ր է այցելեք Ծիծեռնակաբերդ» հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Բնականաբար»։

18։37

Ցուցարարները հավաքվում են Հանրապետության հրապարակում, ուր ժամը 19:00-ին նախատեսվում է հերթական հանրահավաքը, որին ևս կարող եք հետևել ՍիվիլՆեթի ՈՒՂԻՂ հեռարձակմամբ:

18:35

Ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 233 քաղաքացի․ ոստիկանություն

18:30

Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը շարունակում է կաթվածահար վիճակում մնալ։ ՍիվիլՆեթի լրագրողի փոխանցմամբ՝ այնտեղից պարբերաբար բերման են ենթարկվում քաղաքացիներ։

18:20

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

«Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելու առիթով եւ նվիրել Բարձր Բերդի Ավետարանի կրկնօրինակը: Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը նաեւ ասել է, թե ՝ «քաջածանոթ լինելով Ձեր անձին եւ երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած վստահությունը»:

Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետը անդրադարձել են վերջին օրերին Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Նրանք նշել են, որ կան կուտակված բազմաթիվ խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, եւ երկիրը պետք է ընթանա իրական բարեփոխումների ճանապարհով հասարակության բոլոր խավերի եւ առաջին հերթին՝ երիտասարդների ընդգրկմամբ:

Հայոց Հայրապետները ողջունել են Հանրապետության Նախագահի երկխոսության հրավերը՝ ընդգծելով, որ սա է ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու, առկա խնդիրները լուծման առաջնորդելու ճիշտ ու ապահով ճանապարհը»:

18:15

Բողոքի ակցիա՝ Վանաձորում, մասնակցել է մոտ 120 հոգի։

18:00

Ժամը 17։00-ի դրությամբ՝ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 քաղաքացի։

17։50

Աշոտ Ադամյան, դերասան

Բռունցք դառնալով՝ թափթփուկներին կդնենք իրենց տեղը։

Մարդիկ գալիս են արժանապատվությունը վերականգնելու համար։

17։30

Շարժման անդամ Արարատ Միրզոյանը կոչ է անում ցուցարարներին բացել փողոցները, որպեսզի հնարավոր լինի հասնել Հանրապետության հրապարակ։ 

17:15

Բազմահազարանոց երթը շարունակվում է։ Մի քանի տեղերից մարդիկ երթերով շարժվում են դեպի հրապարակ, որտեղ ժամը 7-ին տեղի կունենա հանրահավաք:

17:10

Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Իսակովի պողոտայով:

16։40

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես քաղաքական հանգուցալուծում․ ՕԵԿ հայտարարությունը

Կուսակցությունը ընդգծում է քաղաքացիական ակտիվիստների, խաղաղ երթերի և ցույցերի մասնակիցների՝ առանց բռնի կոչերի և բռնի գործողությունների պայքարի միտված մարտավարությունը, կարևորում է ազատ լրատվական հանրության և լրագրողների օբյեկտիվ, անաչառ լուսաբանումները, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների պրոֆեսիոնալ և հասարակության առջև հաշվետու վերաբերմունքը:

Միևնույն ժամանակ, մենք դատապարտում ենք սադրանքի, ժողովրդին և ոստիկանությանը հրահրելու բախման ենթակա ցանկացած փորձ` այն դիտարկելով որպես իրավիճակը սրելու դավադիր դիրքորոշում:

Իշխանությունը, հասարակությունը և քաղաքական ուժերն այսօր ճաշակում են 2017թ. ապրիլի լայնամասշտաբ և ռեյտինգային ընտրակաշառքների բաժանման պտուղները` ընտրակաշառք, որ լուծեց պահի խնդիրը, բայց ոչ թե՝ օրեցօր խորացող սոցիալական թշվառության, զանգվածային գործազրկության և ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի, ինչը, իրավամբ, դարձել է ազգային անվտանգության հարաճուն սպառնալիք:

Ստեղծված լարված իրավիճակի հանգուցալուծման միակ տարբերակը եղել և մնում է քաղաքական լուծումը, որի իրականացման նպատակով հրատապ է դառնում հստակ քաղաքական օրակարգի ձևավորումը, որի նպատակը պետք է լինի վճռական փոփոխությունների անհրաժեշտությունը որպես քաղաքական հրամայական դիտարկելու անհրաժեշտությունը:

Ելնելով վերոշարադրյալից՝ ‹‹Oրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում ծավալված քաղաքական և քաղաքացիական ընդվզման բոլոր մասնակիցներին, ոստիկաններին ցուցաբերել քաղաքացիական և քաղաքական զգոնություն, զերծ մնալու համար անցանկալի զարգացումներից, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակի հնարավոր ցանկացած հանգուցալուծում թե՛ բռնությամբ և ձերբակալություններով, և թե՛ հեղափոխական ճանապարհով իրականացումը լուրջ և երկարաժամկետ վտանգներ և ռիսկեր է պարունակում մեր հայրենիքի համար, ‹‹Օրինաց երկիր›› կուսակցությունը կոչ է անում, որպես 20 տարվա խորհրդարանական փորձառությամբ հասունացած քաղաքական ուժ, որն առաջինն էր արտախորհրդարանական ուժերի մեջ 2017թ. ապրիլի 2-ին իր հավաքած քվեների թվով, ձեռնամուխ լինել քաղաքական հարթակի ձևավորմանը, մշակելով իրավիճակի  հանգուցալուծման քաղաքական օրակարգ, որը կարող է ունենալ քաղաքական հանգուցալուծման տարբեր դրսևորումներ,  ներառյալ՝ համընդգրկուն քաղաքական և քաղաքացիական միացյալ պլատֆորմի ձևավորում: Դա կապահովի և կերաշխավորի նոր և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ողջամիտ ժամկետներում, որը կարող է դիտարկվել որպես փոխընդունելի քաղաքական հանգուցալուծում և փայլուն հնարավորություն` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար դրսևորելու ազատ և արդար ընտրություններում իր տեսակի, գաղափարների մրցակցությունը և Հայաստանում ձևավորել նոր որակի և, ինչու ոչ, նաև երկիրն այս ծանր վիճակից հանելու ի զորու, ժողովրդի վստահությունը վայելող ազգային ներդաշնակության և լայն համախոհության իշխանություն»: 

16։36

«Իմ քայլը» նախաձեռնությունը հրապակել է փակ փողոցների քարտեզը

https://www.google.com/maps/d/u/0/edit?mid=1pKrd9nulOTUkDDAMvrhJnc5qCI3l56X8&ll=40.17850786734873%2C44.49043300630524&z=12

16։35

Թումանյան փողոցից բերման է ենթարկվել ԱՄՆ-ի 13-ամյա քաղաքացի, ըստ Սիվիլնեթի աղբյուրների։

16:30

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը

«Պայմանավորված Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից հասարակական կարգը խախտող խմբային գործողություններով, ոստիկանությունը ներկա պահին իրականացնում է ոչ միայն հասարակական կարգի պահպանության, այլև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման գործողություններ: Նշված գործողությունների ընթացքում ոստիկանությունը կարող է օգտագործել նաև այլ ուժեր:
Հայտարարում ենք, որ քաղաքացիական հագուստով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը»:

16:15

Թումանյան-Սարյան խաչմերուկում ոստիկանները մի քանի քաղաքացու են բերման ենթարկել: Հավաքված մարդիկ փորձում են միջամտել` թույլ չտալով ոստիկաններին իրականացնել իրենց գործողությունները:

16։10

Ժամը 15։30-ի դրությամբ՝ բերման է ենթարկվել 183 քաղաքացի․ ոստիկանությունից փոխանցեցին ՍիվիլՆեթին։

16։05

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ ճանապարհը։ Ապրիլի 20-ին շարունակվում են բողոքի ցույցերը Երևանում և ամբողջ Հայաստանում։

15:55

Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, «վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով նրան ուժ, կարողություն, համբերություն, տոկունություն:

Զրուցակիցները հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև այս օրերին հանրապետությունում բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումներին՝ տեղի ունեցող հավաքներին, երթերին և իրենց մտահոգությունները հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բնական համարելով, որ ցանկացած երկրի ներսում կարող են լինել դժգոհություններ, պահանջներ, մտահոգություններ, կաթողիկոսները կարևորել են բողոքի արտահայտումը բացառապես քաղաքակիրթ եղանակով՝ հարգելով պետության սահմանադրական կարգն ու օրենքները»:

15։37

Արշակունյացում ավտոմեքենաները հերթով շրջափակում են փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը, հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը։

15:35

Էրեբունիում փողոցի շրջափակման ընթացքում ծեծի է ենթարկվել Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին։

15։20

Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկում ցուցարարների։ Քաոտիկ վիճակ է։

15։15

Ալագյազ գյուղի բնակիչները կես ժամ առաջ փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը՝ 10-15 հոգով։ Ինչպես փոխանցում է օգտատերերից մեկը, ժամանել են ոստիկաններ։

14։45

Ոստիկանության հայտարարությունը

«Ապօրինի հավաքի ճանապարհների երթևեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց: Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտանգող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները, հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին և ապահովել վերջինիս մասնակիցների անվտանգությունը», - ասված է հայտարարությունում:

14։35

Էրեբունիում` Այվազովսկու փողոցում, քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկել անչափահաս ցուցարարներին: ՍիվիլՆեթի հաստատեցին, որ տեսանյութում ծեծողներից մեկը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետի եղբայրն է՝ Սարգիս Հակոբյանը։ 

14։30

Ինչպես փոխանցում է օգտատերերից մեկը, Բուլղարիայում՝ ՀՀ դեսպանության առաջ, մի խումբ հայ ուսանողներ անցկացրել են բողոքի ակցիա և ընդունելության արժանացել դեսպանատանը։ Նրանք բաց նամակ են հանձնել դեսպանատան աշխատակիցներին, որպեսզի այն փոխանցվի անձամբ դեսպան Արմեն Սարգսյանին։ 

14։19

Սեբաստիա, Լենինգրադյան փողոցը։

14։06

Աշտարակում 11 հոգու բերման են ենթարկել։

13։54

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 91 քաղաքացու։

13։40

Քաշքշուկ և սպառնալիքներ Գյուլբենկայն փողոցում։ Ոստիկանները ցուցարարներին բռնի կերպով նստեցնում են ավտոմեքենաները։

 

13։30

Կիևյան կամրջի վրա երեք բեռնատար փակել են երթևեկությունը։ Նիկոլը մոտեցավ վարորդներին, ողջագուրվեց նրանց հետ։

13:21

Ակտիվիստներ Լարա Ահարոնյանին և Աննա Նիկողոսյանին տարել են Շենգավիթի ոստիկանություն։

 

13։17

Սիներջի ընկերության աշխատակիցները միացել են շարժմանը՝ փակելով Նորք Մարաշ/Սարի թաղ/Մոնումենտ տանող փողոցը։Լուսանկարը՝ Համլետ Վարդանյանի։ 

13:12

Կալիֆոռնիայի պատգամավոր Ադրին Նազարյանն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի երիտասարդներին

«Ինչպես Մարտին Լյութեր Քինգն է ասել ժամանակին, «պահ է գալիս, երբ լռությունը դավաճանություն է»։ Մեզնից շատերը հետևում են Հայաստանում ընթացող ցույցերին, և շատ կարևոր է, որ բոլորս հստակ ասենք՝ մենք համերաշխ ենք այն երիտասարդների հետ, որոնք Հայաստանում ցույց են անում ընդդեմ կոռուպցիայի և հանուն ազատության ու արդարության։ Ես իմ համերաշխությունն եմ հայտնում նրանց պայքարին արդար և ազնիվ Հայաստանի համար, որը կծառայի իր բոլոր քաղաքացիներին»։

12:58

Անահիտ Բախշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․

Նիկոլ ջան, տղա՛ս, ամբողջությամբ կիսում եմ մտահոգություններդ, կարգախոսդ, բայց անհանգիստ եմ թե՛ քեզ համար, թե՛ հազարավոր եիտասարդների համար, որոնց մեջ է նաև թոռնիկս, ում չեմ էլ փորձի ետ պահել: Աչքը տեսածից է վախենում, կարող եք ենթարկվել բռնության։ Չեմ թաքցնում, որ անձամբ չէի հավատում այս շարժման բազմամարդությանը, այն քեզ հաջողվեց, սրտանց շնորհավորում եմ։ Ես մշտապես հայտարարել եմ, որ դեմ եմ ցանկացած հեղափոխությանը, բայց դու ասում ես սա <թավշյա հեղափոխություն է> ու գործում ես <առանց բռնության> կարգախոսի։ Շատ լավ, ես՝ 70-ամյա քաղաքացիս նույնպես ոգևորվում եմ ու ուզում եմ իմ քայլն էլ անել, որից առաջ խնդրում եմ այսօրվա հանրահավաքում բացատրես, թե ո՞րն է <թավշյա> հեղափոխությունը, ինչո՞վ է տարբերվում մնացած հեղափոխություններից, ի՞նչ քայլեր ու պահանջներ է ենթադրում և խնդրում եմ ցիտես մեր Սահմանադրության այն հոդվածները, որոնց վրա հղումով է բացվելու քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու ՕՐԻՆԱԿԱՆ ելքը։ Ես այսօր Հանրապետության հրապարակում ուշադիր լսելու եմ քո պատասխանը։
Հարգանքով և սիրով՝ Անահիտ Բախշյան
20․04․2018թ․

12:38

Արմենպրեսի փոխանցմամբ՝ Արամ Ա Կաթողիկոսը Մայր Աթոռում է։ 

12:32

Տիրայր Մուրադյանը բերման չի ենթարկվել, այդ վայրից մի քանի մետր հեռավորության վրա նա մեքենայից իջեցվել է․ Աշոտ Ահարոնյան

12:29

Ոստիկանության կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին և ևս 23 քաղաքացի. Էդմոն Մարուքյան

12։26


«Հանուն Հայաստան պետության» ճակատը ողջունում է ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման համաժողովրդական ընդվզումը։ 

«Սերժ Սարգսյանն իր անփառունակ 10 տարիների կառավարման արդյունքում սոցիալ-քաղաքական փակուղի է մտցրել մեր երկիրը: Չխորշելով բացահայտ ստախոսի համբավից՝ կեղծված հանրաքվեով ժողովրդին պարտադրված սահմանադրության օգնությամբ տիրելով իշխանական բոլոր լծակներին, այնուամենայնիվ այժմ նա ինքն էլ է հայտնվել փակուղում: Այդպիսի ղեկավարից օր առաջ ազատվելը դարձել է կենսկան անհրաժեշտություն, Հայաստանը զարգացման ուղի վերդարձնելու առաջին պարտադիր քայլ»,- ասված է հայտարարությունում:

12:23

ՍիվիլՆԵթի աղբյուրները հաղորդում են․

Երևանի թիվ 190 ավագ դպրոցում ոստիկանները փակել են դպրոցի դռներն ու թույլ չեն տալիս նրանց դուրս գալ դպրոցի տարածքից։ Աշտարակում բողոքի դուրս եկած դպրոցականներին ոստիկանները փողոցից տարել են Ներսես Աշտարակեցու անվան դպրոց։ Դպրոցի ներսում լարված իրավիճակ է։

12:11

Մենք թույլ չեն տալիս, որպեսզի բերման ենթարկվածները մեկ րոպե ավել մնան ոստիկանական բաժանմունքներում․Լենա Նազարյան։ 

11։50

Հայաստանի՝ ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն վարչապետ է սարքել․ The Economist։ Հոդվածը կարդացեք հայերեն:

11։46

Ցուցարարները կրկին փակեցին Ազատության պողոտան։

11։44

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանին, որ բերման էր ենթարկվել, բաց են թողել։

11։40

Ալավերդիում նույնպես երիտասարդները կազմակերպել են «Մերժիր Սերժին» ակցիա։

11:35

Ազատության պողոտայում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացել: Դավթաշեն համայնքում Նիկոլ Փաշինյանին է միացել Գյումրիից ժամանած ընտանիք: Մարդկանց բերման են ենթարկում։ Ավտոմեքենաները ձայնային ազդանշաններ են տալիս։

11։27

Ոստիկանները Աբովյան-Երևան մայրուղուց բերման ենթարկեցին լրագրող Տիրայր Մուրադյանին՝ չնայած նա կրում էր լրագրողական բեյջ։

11:19

Ոստիկանության լրատվության բաժնից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ ժամը 11:00-ի դրությամբ կա 52 բերման ենթարկված մարդ:

11:14

Այսօր` ապրիլի 20-ին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ առավոտից մայրաքաղաքում ապօրինի հավաքի մասնակիցները տարբեր խմբերով, հետևելով հավաքի կազմակերպիչների կողմից ավելի վաղ արված կոչերին, Երևանի տարբեր հատվածներում փակում են փողոցները, իրականացնում հարակից շենքերի ու շինությունների ազատ ելումուտին, այլ քաղաքացիների, ավտոտրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին խոչընդոտող հակաօրինական գործողություններ:

«Կոչ ենք անում ապօրինի հավաքի մասնակից քաղաքացիներին հետևել օրենքով սահմանված իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը, չխոչընդոտել ոստիկանության իրավաչափ լիազորությունների իրականացմանը՝ վերոնշյալ իրավախախտումները կատարելու համար համաչափ իրավական ներգործության միջոցների կիրառումից խուսափելու նպատակով:

Միաժամանակ ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը, այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման»,- ասվում է հաղորդագրությունում:

11։05

Երևան-Աբովյան մայրուղին ամբողջությամբ փակված է բեռնատարներով, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հետևեք ուղիղ։

11։00

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը գալիս է Երևան։ Երևան մեկնելուց առաջ նա հայտարարել է․

«Անհանգիստ ենք մենք՝ բոլորս։ Ինչպես Հայաստանի հզորացումն ու ծաղկումը մեր բոլորի պարտքն է ու հպարտությունը, նույնպես հայրենի ժողովրդի ցավն ու մտահոգությունը մերն է։ Հետևաբար անտարբեր չենք կարող մնալ մեր ժողովդրին հուզող խնդիրների նկատմամբ։ Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում պարզված տեսարանների ու երևույթների նկատմամբ»,- ասել է նա։

10։55

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած երթը Դավթաշենի կամրջի վրա է։ 

1050

Փողոցը փակած վարորդն ասում է՝ ամեն օր է փակելու

 

10։38

ՍիվիլՆեթի թղթակիցը հաղորդում է, որ Թերլեմեզյանի ուսանողների են բերման ենթարկել Արշակունյաց պողոտայից։ 

10:13

Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը։ Հոդվածը վերնագրված է՝ «Հայաստանի՝ ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն վարչապետ է սարքել» (Armenia’s unpopular president makes himself prime minister):

10:09

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը հանդես է եկել Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող ցույցերի աջակցությամբ։ 

Ապրիլի 19-ին ԱՄՆ-ի ամենահայահոծ քաղաքում՝ Գլենդելում տեղի ունեցած ցույցին Սինանյանը ելույթ է ունեցել և հայտարարել, որ ինքը սկզբնապես թերահավատ էր, հույս չուներ, որ Հայաստանում հնարավոր է նման բան։ 

 

10:01

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և «Մերժիր Սերժին» շարժման ակտիվիստ Տիգրան Մազմանյանը երկու ամսով կալանավորվել է:  

Վերջինս կասկածվում է 225-րդ հոդվածի 2-րդ մասով` Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու համար:

 9:51

Ապրիլի 19-ի երեկոյան ցույց է եղել նաև Գլենդելում՝ ի աջակցություն «Մերժիր Սերժին» շարժման։

 9:40

Նիկոլ Փաշինյանը նստել է Գյուլբենկյան փողոցի մեջտեղում, բեռնատարի դիմաց, փակել փողոցը։ Ժողովրդին կոչ է անում գալ Գյուլբենկյան փողոց։

 9։20

Քաղաքացիներից փակել էին Սունդուկյան փողոցը։ Ոստիկանները հեռացնում են նրանց մեքենաները։

9։00

Բերման են ենթարկել շարժման ակտիվիստ Դավիթ Սանասարյանին։