30 ապրիլ, 2018 19:22

Սահմանադրական փակուղի կամ ինչպես են հնարավոր արտահերթ ընտրությունները

«Իմ քայլը» շարժման ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր շարժման ընթացքում խոսում էր արտահերթ ընտրությունների և այդ ընտրություններին բարեփոխված Ընտրական օրենսգրքով գնալու կարևորության մասին։ ՍիվիլՆեթը ներկայացնում է, թե իրավականորեն ինչպես է հնարավոր գնալ արտահերթ ընտրությունների արդեն բարեփոխված Ընտրական օրենսգրքով։

Ինչպես կարող է փոփոխվել Ընտրական օրենսգիրքը

Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի փոփոխության համար հարկավոր է խորհրդարանի պատգամավորների առնվազն 3/5-ի քվեն․ 105 հոգանոց Ազգային ժողովում հարկավոր է 63 կողմ ձայն։ ԵԼՔ-ը, Ծառուկյան դաշինքը և ՀՅԴ-ն ներկայում խորհրդարանում ունեն 47 քվե։ Այսինքն, առանց ՀՀԿ-ի չեն կարող փոփոխել օրենսգիրքը։

Ընտրական օրենսգրքում հատկապես խնդրահարույց է այսպես կոչված ռեյտինգային համակարգը, երբ համամասնական ցուցակներից բացի՝ յուրաքանչյուր ընտրատարածքում ներկայացվում են առանձին ցուցակներ, և տարածքի հեղինակություններն սկսում են պայքարել ընտրվելու համար՝ դրանով իսկ ձայն բերելով կուսակցությանը։

Որ դեպքում կարող է արտահերթ ընտրություն նշանակվել

Ըստ Սահմանադրության`արտահերթ ընտրություններ կարող են նշանակվել հետևյալ դեպքերում.

Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին և չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Եթե Ազգային ժողովն ընտրում է վարչապետին, սակայն հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով (151-րդ հոդված):

Երբ երկու անգամ վարչապետ չի ընտրվում։ Վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում նշանակվում է վարչապետի ընտրություն։ Եթե առաջին անգամ վարչապետ չի ընտրվում, ապա յոթ օր հետո նորից խորհրդարանը պետք է նշանակի ընտրություն։ Եթե այս ընտրությունն էլ է տապալվում, Ազգային ժողովը արձակվում է իրավունքի ուժով (149-րդ հոդված)։

Ինչ սցենարներ են հնարավոր

Եթե մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ, մեկ տարի հետո պատգամավորները ձայների առնվազն ⅓ -ով իրավունք կունենան նրան անվստահություն հայտնել։ Այս պարագայում Սահմանադրության 115-րդ հոդվածի ուժով պատգամավորները պետք է ներկայացնեն նախագիծ՝ միաժամանակ առաջարկելով նոր վարչապետի թեկնածուի։

Վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծը ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Ընդ որում՝ այս պարագայում չի գործում Սահմանադրության 149-րդ հոդվածով վարչապետի ընտրության կարգը, այսինքն՝ խորհրդարանի ուժերը չեն կարողանա սեփական թեկնածուներին ներկայացնել ու քվեարկել։ Այդ սցենարով առաջնորդվելիս՝ ՀՀԿ-ն բոլոր հնարավորություններն ունի Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո մեկ տարի անց նրան անվստահություն հայտնել և նշանակել իր թեկնածուին՝ որպես վարչապետ։

Իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման և ՀՀԿ-ի կամ Ազգային ժողովում ներկայացված բոլոր ուժերի մասնակցությամբ քաղաքական համաձայնագրի ստորագրումը, որը կամրագրի Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները և կնախատեսի արտահերթ ընտրություններ՝ Սահմանադրության վերոնշյալ դրույթների համաձայն։

Գևորգ Թոսունյան

Կարդացե՛ք նաև՝

Ինչ սցենարներ են հնարավոր ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշումից հետո

Քաղաքական ճգնաժամ․ ինչպե՞ս կարող է այն լուծվել իրավականորեն