15 մայիս, 2018 14:00

Գլխավոր դատախազը պնդում է՝ «հավաքներն անօրինական են եղել»

Ես որեւէ քաղաքական կախվածություն չեմ ունեցել, չունեմ և որքան կաշխատեմ, չեմ ունենա․ այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Անկախ մարմինները, այդ թվում դատախազությունը, պետք է անկախ լինեն առաջին հերթին գործադիր իշխանությունից: Երկրում փոխվել է գործադիր իշխանությունը, և եթե դա պետք է մեխանիկորեն բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ՝ իրավական մտքի զարգացումը, որը զետեղված է առաջադեմ երկրների Սահմանադրություններում, ուղղակի միֆ է»,- նշեց պաշտոնյան։

Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալելու հարցին՝ դատախազն ասաց, որ «գործի նյութերով ոստիկանությունը ևս մեկ անգամ որոշում էր կայացրել հավաքն ապօրինի լինելու պատճառով դադարեցնելու վերաբերյալ»: 

Մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությունը, թե «հավաքներն անօրինական չեն եղել, պարզապես երբեմն շեղվել են երթուղուց», Արթուր Դավթյանը նշեց․ «Առնվազն երեք օրերի վերաբերյալ այդ փաստերով գործեր հարուցվեցին: Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է, որ եթե հավաքներն անհամաչափորեն սահմանափակում են այլոց իրավունքներն ու ազատությունները, ապա դրանք արդեն օրինական չեն»: