16 մայիս, 2018 13:38

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները մտել են քաղաքապետարան

Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու մոտ այսօր տեղի է ունենում «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով բողոքի ակցիա։ Ցուցարարները պատռեցին այգին շրջափակող պաստառները, մտան Երևանի այգու տարածք, որտեղ շինարարություն է ընթանում:

Քաղաքապետարանի շենքում քաղաքացիները պահանջել են հանդիպում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ։

Քաղաքապետարանը աշխատանքների վերաբերյալ պարզաբանման մեջ, մասնավորապես, նշել է․

«Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին»: