17 մայիս, 2018 11:28

Եթե փորձենք միանգամից բոլոր հարցերը լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքի դիմաց զրուցեց լրագրողների հետ։

Այս օրերին քաղաքացիների կողմից բարձրացվող խնդիրների մասին հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Եթե մենք փորձենք միանգամից բոլոր հարցերը լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք»։

ՀՀ վարչապետը անդրադարձավ Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում շինարարական աշխատանքներին և ծառերի հատմանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի կոչերին։

Նա ասաց, որ որքանով տեղյակ է՝ այգին վերակառուցվելու է և բոլոր ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր։ Փաշինյանը շեշտեց, որ «հետևելու են, որ այդպես լինի, և չի կարծում, որ այլ կերպ կարող է լինել»։

Ինչ վերաբերում է հրաժարականների կոչերին, ապա, ըստ Փաշինյանի, «ճիշտ չէ միանգամից բոլորի հրաժարականը պահանջել»․ հարցին պետք է մոտենալ «փուլ առ փուլ»։

Վարչապետին հարց ուղղվեց նաև ՊՊԾ գնդի գրավման` «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալների հարազատների և աջակիցների կողմից Արշակունյաց պողոտայի մի հատվածը փակ պահելու վերաբերյալ։

«Պետք է հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամենը։ Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատը այն վիճակն է, որ ձևակերպված չէ՝ ում դեմ է արվում այն։ Կան պրոցեսներ․․․ Եթե որևէ մեկը ակնկալում է, որ ես պետք է մտնեմ քրեակատարողական հիմնարկներ և դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ։ Կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ»,- ասաց վարչապետը։