17 մայիս, 2018 12:43

Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար․ Ավինյան

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող տնտեսական համաժողովի ժամանակ կնքվել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը։ Այն կնքվել է երեք տարով։ Նշված ժամանակահատվածի ընթացքում կողմերը պետք է պայմանավորվեն ԱԱԳ լայնաֆորմատ համաձայնագրի շուրջ։

Ինչպես ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ժամանակավոր այս համաձայնագրով նախատեսված է վեճերի կարգավորման արդյունավետ մեխանիզմ և արբիտրաժ։  

Մայիսի 17-ին ստորագրված փաստաթուղթը Իրանի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլն է։ Դրանով նախատեսվում է մի շարք ապրանքատեսակների գծով ներմուծման մաքսատուրքերի նվազեցում կամ զրոյացում։ Համաձայնագրի կյանքի կոչման շնորհիվ կարող է էապես ավելանալ փոխադարձ առևտուրը, որը 2017-ի ընթացքում կազմել է 2,7 մլրդ դոլար։

Աստանայի համաժողովին մասնակցող՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում արած գրառման մեջ նշում է․ 

«Երկարատև և բարդ բանակցություններից հետո այսօր կնքվեց ԵՍՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։

Հատուկ ուզում եմ նշել հայկական կողմի լրջագույն աշխատանքը, որը իրականացվել է բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչի մասին խոսում են մեր բոլոր գործընկերները։

Համոզված եմ, որ համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացելու հայկական արտադրողների համար իրանական շուկա մտնելու համար, ինչպես նաև շատ բարենպաստ պայմաններ Հայաստանում նոր արտադրական հզորություններ հիմնելու համար»։