17 մայիս, 2018 15:09

«Հնարավորություն տալ կառավարությանը խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության ու զբաղվել դրանց լուծումներով»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներին հորդորեց ժամը 15։00-ի դրությամբ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության գործողությունները։ Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները իրականացրել են «սիրո և համերաշխության հեղափոխություն», և «հիմա այդ հեղափոխության նպատակները և խնդիրները իրագործելու ժամանակն է»։ Նա հիշեցրեց, որ «Իմ քայլը» ակցիայի նպատակը եղել է «քաղաքացու հաղթանակը, որին իրենք հասել են»։

«Այն ժամանակ, երբ մենք փակում էինք ճանապարհները և բողոքի ակցիաներ էինք իրականացնում, մենք դա անում էինք, որովհետև համոզված էինք, որ Հայաստանի Հանրապետությունում  չկա իշխանություն, որը ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել քաղաքացիների հոգսերով, լուծել քաղաքացիների խնդիրները և պաշտպանել քաղաքացիների իրավունքները»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ Հայաստանում հաստատված է «ժողովրդի կողմից իշխանություն, և հիմա հասկանելի չէ, թե ինչո՞ւ են ճանապարհներ փակում և քաղաքացիական անհնազանդություն իրականացնում։

«Իսկ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում, ինքներս մե՞զ։ Սա, կարծում եմ, առանձնապես ճիշտ մոտեցում չէ»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրից որևէ խնդրի վերաբերյալ քաղաքացիները կարող են գրավոր կերպով ներկայացնել իրենց պահանջները և մեկ, երկու կամ էլ երեք հոգանոց պատվիրակություն ուղարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և Կառավարություն՝ քաղաքացիների և նամակների ընդունելության բաժին։

ՀՀ կառավարության ղեկավարը կոչ արեց նաև հնարավորություն տալ կառավարությանը «խնդիրները դասավորել ըստ առաջնահերթության ու զբաղվել դրանց լուծումներով»։