18 մայիս, 2018 11:48

Վարչապետն ու նախագահը կմիանան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի քննարկմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով կմիանան Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում կայանալիք քննարկմանը՝ «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» խորագրով։

Մեծ քննարկմանը մասնակցելու են մեկ տասնյակից ավելի գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, հայտնի ակտիվիստներ Հայաստանից։

Միջոցառման մասնակիցները անդրադառնալու են բազմաթիվ այն հարցերին, որոնք ծագել են Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունից, վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո․ «Ի՞նչ փոփոխություններ կարելի է և պետք է անել շատ արագ՝ հասնելու այն վերափոխմանը, որը խոստացել են բողոքի շարժման առաջնորդները», «Ինչպե՞ս է փողոցի քաղաքականությունը փոխակերպվելու քաղաքականության մշակման և իրագործման»։

«Այն, ինչ մարդիկ Հայաստանում և նրա սահմաններից դուրս անվանում են հեղափոխություն, թվում էր և անհնարին, և անխուսափելի՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիական ինստիտուտների և տնտեսության անկումային վիճակը»,- նկատել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ինստիտուտը հովանավորում է կիրակնօրյա միջոցառումը՝ օգնելու բոլորին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այն երկրներում, որոնք կարճ ժամանակահատվածում անցնում են նման լայնամասշտաբ վերափոխման միջով։

Քննարկման մասնակիցներից է հեղափոխության առաջնորդներից, Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը, վրաստանյան Վարդերի հեղափոխության ժամանակ երկրի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, Հորդանանից պրոֆեսոր Ֆայեզ Համմադը, որն Ինստիտուտում դասավանդում է Մերձավոր Արևելքի քաղաքականություն և պրոֆեսոր Աննա Օհանյանը, որը խոսելու է պետականաշինության մարտահրավերների մասին։

Պրոֆեսոր Քեթի Փիրսն անդրադառնալու է բողոքի ցույցերում սոցիալական մեդիայի դերին և հետագա կառավարմանը, Իրինա Ղափլանյանը խոսելու է սոցիալ-տնտեսական և քաղաքական այն պայմանների մասին, որոնք հանգեցրին բողոքի շարժմանը։

Փաստաբան և նախկին դատավոր Էդվարդ Մուրադյանն անդրադառնալու է դատական անհապաղ բարեփոխումներին, լրագրողներ Էմիլ Սանամյանն ու Գրիգոր Աթանեսյանը՝ տարածաշրջանում սպասվելիք իրադարձություններին։ Տնտեսագետներ Տարոն Աճեմօղլուն և Պետրոս Թերզյանը խոսելու են էներգետիկ կախվածություն ունեցող երկրի տնտեսական մարտահրավերների մասին, որը փորձում է ավազակապետությունից անցում կատարել բաց խաղադաշտի։

«Հզոր ժամանակներ են Հայաստանի և հայերի համար։ Աշխարհը իշխանության այս խաղաղ, միևնույն ժամանակ, հիմնարար փոփոխությունը կոչում է բացառիկ։ Հայերը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ոգևորված են և խանդավառ։ Այդուհանդերձ, դեռ այնքան շատ բան կա հետազոտելու և վերլուծելու, որպեսզի հսկայական այս փոփոխությունում ներգրավվել ցանկացողները դա անեն օգտակար և գործնական ճանապարհով»,- ասել է Սալբի Ղազարյանը։

Քննարկումը տեղի է ունենալու մայիսի 20-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում։