21 մայիս, 2018 17:11

Հայաստանում ընտրությունների ազդեցությունը արտագաղթի վրա

Ալեքսանդր Գրիգորյան

Նորանկախ Հայաստանում արտագաղթի տեմպերը ավանդաբար եղել են բարձր և շարունակում են մնալ այդպիսին: Արտագաղթի ալիքները հաջորդել են իրար՝ սկսած Խորհրդային Միության փլուզման վաղ շրջանից: Մարդկանց համար արտագաղթի հիմնական շարժառիթը ցածր կենսամակարդակն է և հայրենի երկրի ապագայի նկատմամբ հոռետեսությունը: Արտագաղթի հետ կապված որոշումները ընտանեկան բնույթ են կրում, և սովորաբար ենթադրում են ընտանիքների վերամիավորում հայրենիքում կամ արտասահմանում: Ընտանիքի վերամիավորման վրա ազդող հիմնական գործոնը հայրենի երկրի զարգացման տեսլականն է – եթե մարդիկ հավատում են, որ երկիրն ունի լավ ապագա, ապա ընթացիկ ծանր վիճակը կարելի է հաղթահարել դրսում սեզոնային աշխատանքներ կատարելով և այդ դեպքում արտագաղթը կկրի ժամանակավոր բնույթ:

Քաղաքական և տնտեսական ինստիտուտներն են, որ ձևավորում են մարդկանց ընկալումները երկրի ապագայի նկատմամբ: Մասնավորապես, քաղաքական գործընթացները պայմանավորում են տնտեսական արդյունքները, որոնք և ուղղակիորեն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա: Արդյունավետ քաղաքական ինստիտուտները ձևավորում են տնտեսության զարգացման համար ամուր հիմքեր, և այդ դեպքում միայն կարելի է ապահովել կենսամակարդակի աճ սոցիալական բոլոր խավերի համար: Քաղաքական ինստիտուտների արդյունավետության անհրաժեշտ պայմանը ազատ և արդար ընտրություններն են, և սա է պատճառը, որ մարդիկ կարևորում են ընտրություններըի արդյունքները արտագաղթի հետ կապված որոշումներում:

Մինչև 2018թ. ապրիլ, Հայաստանում ավանդույթ էր դարձել իշխող քաղաքական էլիտայի անընդհատ վերարտադրությունը ընտրությունների միջոցով: Որպես (կիսա-)նախագահական երկիր մինչև 2015 թ.-ի դեկտեմբեր, Հայաստանում նախագահական ընտրությունները որոշիչ են եղել քաղաքական էլիտայի ձևավորման և հետևաբար տնտեսության զարգացման տեսլականի հարցում: Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո, 2017 թ.-ի ապրիլի 2-ին անցկացված և հետագայում սպասվող խորհրդարանական ընտրությունները իրենց կարևորությամբ դառնում են առաջնային: Նախագահանական ընտրությունները, ինչպես և վերջին խորհրդարանական ընտրությունը (ի թիվս նախորդների), աչքի են ընկել լուրջ ընտրախախտումներով և ձևավորել բացասական ընկալումներ երկրի ապագայի նկատմամբ:

Այս հոդվածում մենք գնահատում ենք Հայաստանում ընտրությունների ազդեցությունը արտագաղթի վրա՝ օգտագործելով եռամսյակային տվյալներ 2000–2017թ. ժամանակահատվածի համար: Արտագաղթի տվյալների շարքի կառուցման համար օգտագործում ենք Միգրացիայի պետական ծառայության կողմից հրապարակվող սահմանահատումների սալդոն եռամսյակի կտրվածքով: Մենք վերցնում ենք սալդոյի փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, որը թույլ է տալիս ձերբազատվել շարքի սեզոնայնությունից: Գծապատկեր 1-ից մենք արձանագրում ենք, որ նախագահական (PRE) և խորհրդարանական (վերջին) ընտրությունների (PME) ժամանակ, հիմնականում հաջորդող մեկ-երկու եռամսյակում, արձանագրվել է արտագաղթի մեծ աճ, որոշ դեպքերում անցնելով 40,000-ի սահմանագիծը: Ընտրություններին նախորդող ժամանակահատվածում առկա է որոշակի ներհոսքի միտում, որը կարող է պայմանավորված լինել քաղաքական պարբերաշրջանով (political cycle), սակայն դա չի կարող արդարացնել արտգաղթի նման կտրուկ արձագանքը ընտրությունների նկատմամբ: Երկու ընտրությունների դեպքում, 2008 և 2017 թթ., մարդկանց արտահոսքը ընտրությունների ժամանակահատվածում շատ ավելի մեծ է, քան ներհոսքը նախորդող ժամանակահատվածում: 2008 թ. ընտրություններին հաջորդեցին մարտի 1-ի բախումները, իսկ 2017 թ. ընտրություններում արձանագրվեցին ընտրական ձայների գնման աննախադեպ ծավալներ: Երկու դեպքում էլ, մարդկանց արձագանքը չուշացավ – հաջորդող եռամսյակներում ավել 30-40 հազար մարդ լքեցին երկիրը կամ ետ չվերադարձան:   

Էկոնոմետրիկ մոդել

Արտագաղթի տեմպերի արձագանքը ընտրություններին պետք է տարանջատել մյուս գործոնների նկատմամբ դրա արձագանքից: Այդ նպատակով մենք գնահատում ենք էկոնոմետրիկ մոդել, որտեղ, բացի ընտրություններից, ունենք նաև Հայաստանի և Ռուսաստանի ՀՆԱ-ի իրական աճի տեմպերը, ինչպես նաև կառավարում ենք Եվրասիական տնտեսական միության գործոնը: Մոդելի կառուցվածքը նաև թույլ է տալիս հաշվի առնել արտագաղթի իներցիան և պարբերականությունները[1]: Մենք գնահատում ենք երեք այլընտրանքային մոդելներ (Աղյուսակ  1), որոնցից առաջին երկուսը տարբերվում են ընտրությունների ժամանակային շարքի ցուցանիշով, իսկ երրորդը ընդգրկում է քաղաքական պարբերաշրջանի գործոնը, ի թիվս երկրորդ մոդելում առկա փոփոխականների: Առաջին մոդելում ընտրությունների ժամանակային շարքը ներկայացված է ցուցիչով, որը ստանում է 1 արժեքը, եթե այդ տարի տեղի են ունեցել նախագահական կամ 2017թ. խորհրդարանական ընտրություններ, և զրո հակառակ դեպքում: Երկրորդ և երրորդ մոդելում ընտրությունների փոփոխականը  ստանում է 1 արժեք, եթե ընտրությունները տեղի ունեցել այդ տարում; 2 արժեք, եթե ընտրությունները կազմակերպվել են նախորդող տարում և այլն, մինչև 5 արժեք: Արդյունքում մենք ստանում ենք ժամանակագրական շարք, որն արտացոլում է ընտրությունների պարբերաշրջանները: Երրորդ մոդելում ընդգրկում ենք երկրորդ մոդելի ընտրությունների փոփոխականի քառակուսին, որը թույլ է տալիս գնահատել քաղաքական պարբերաշրջանի ազդեցությունը արտագաղթի վրա: 

Էկոնոմետրիկ մոդելի հիմնական արդյունքները հետևյալն են: Եթե դիտարկվող ժամանակահատվածը ընտրությունների տարվա եռամսյակ է, սահմանահատումների սալդոն /արտագաղթ հանած ներգաղթ/, ի համեմատ նախորդ ժամանակահատվածի նույն եռամսյակի, կազմում է 4105 մարդ: Այլ խոսքով, ընտրությունների տարվա յուրաքանչյուր եռամսյակ, ընտրություններով պայմանավորված 4105 մարդ կամ լքում է Հայաստանը, կամ չի վերադառնում երկիր: Տարեկան կտրվածքում ընտրություններով պայմանավորված արտագաղթի թիվը կազմում է 16420: Հայաստանի ՀՆԱ-ի աճը նպաստում է արտագաղթի կրճատմանը -  մեկ տոկոս աճը բերում է 1181 մարդկանց ներհոսքի: Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը, մյուս կողմից, գեներացնում է արտահոսք: Հետաքրքական է, որ Ռուսաստանի տնտեսական աճը ավելի է մեծ ազդեցություն ունի արտագաղթի վրա /1742 մարդ/, քան Հայաստանի տնտեսական աճի ազդեցությունը ներգաղթի վրա: ԵԱՏՄ-ի ցուցիչը չունի նշանակալի ազդեցություն արտագաղթի վրա որևէ մոդելու, և այդ պատճառով այն չի ընդգրկված մոդելում:

Մոդել 2-ից պարզ է դառնում, որ արտահոսքը կանգ չի առնում ընտրությունների տարում, այն ունի իներցիոն էֆեկտ, չնայած արտահոսքի ծավալները շատ ավելի փոքր են, քանի որ բաշխվում են տարիների ընթացքում և ազդեցության ուժգնությունը փոքրանում է:  Մոդել 3-ում, մենք կառավարում ենք քաղաքական պարբերաշրջանի գործոնը, և պարզ է դառում, որ այն որոշակիոեն առկա է, բայց վիճակագրորեն նշանակալի չէ: Քաղաքական պարբերաշրջանի որոշակի առկայությունը բացատրում է մոդել 2-ում ընտրությունների փոփոխականի գործակցի փոքր լինելը:[2]:  

Կառուցվածքային մոդել

Էկոնոմետրիկ վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել 2000թ.-ից անցկացված ընտրությունների բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրության դինամիկայի վրա: Ընտրությունները ամենակարևոր քաղաքական միջոցառումն է, որն ուղղակիորեն ազդում է մարդկանց՝ արտագաղթելու տրամադրությունների վրա: Պակաս հետաքրքիր չէ քննարկել ինստիտուցիոնալ համատեքստում ընտրությունների ազդեցությունը արտագաղթի վրա երկարաժամկետ ժամանակահատվածում: Գրիգորյան (2016)[3]-ում քննարկված կառուցվածքային դինամիկ մոդելը հասցեագրում է այդ հարցին: Հիմնական լուծումները կարելի է ներկայացնել գծապատկեր 2-ի միջոցով: 

Երկիրը որևէ պահին ունի ինստիտուտների զարգացման որոշակի մակարդակ, և կախված այդ մակարդակից, այն ժամանակի ընթացում զուգամիտում է դեպի ավտորիտար կամ ժողովրդավարական համակարգ: Երկիրը պետք է ունենա ինստիտուտների արդյունավետության առնվազն Z պաշար, որպեսզի երկիրը վերցնի ժողովրդավարության ուղին: Գծապատկերում մենք նախանշում ենք Վրաստանի ը Ադրբեջանի դիրքը, համապատասխանաբար այդ շրջադարձային կետից վերև և ներքև: Հայաստանը գտնվում է Z կետի շրջանում, և որևէ կտրուկ փոփոխության արդյունքում ինստիտուտների արդյունավետության մակարդակը կարող է շրջանցել այդ կետը: Վատ ընտրությունները անընդհատորեն ետ են գցել Հայաստանին, անհնարին դարձնելով երկրի՝ դեպի ժողովրդավարության ուղին վերցնելու իշխանության խոստումները: Մոդելի կարևոր արդյունքներից մեկն այն է, որ ինստիտուտների դինամիկայի կորի անկյունը ուղիղ համեմատական է արտագաղթի՝ ինստիտուտների փոփոխության արձագանքին:

Եթե երկիրը զարգացման միջանկյալ փուլում է, ապա արտագաղթի արձագանքը առավելագույնն է ինստիտուտների փոփոխություններին: Այս մոդելը բացատրում է Հայաստանում վատ ընտրությունների դրամատիկ ազդեցությունը մարդկանց արտահոսքի վրա: Երկարաժամկետ էֆեկտը կարելի է հեշտությամբ վերլուծել՝ գծագրելով տնտեսության զարգացման ուղին որևէ կետից, Z-ին մոտ: Խնդիրն այն է, որ ընտրությունների որակի անընդհատ վատթարացումը երկրին անխուսափելիորեն բերում է մի կետի, Z-ից ներքև, երբ երկիրը գլորվում է դեպի ավտորիտար համակարգ:

Եզրահանգումներ

Այս աշխատանքում էմպիրիկ մոդելը բացահայտում է վատ ընտրությունների քայքայիչ ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական վիճակի վրա: Ցավոք, մեր քննարկած ժամանակահատվածում Հայաստանում չենք ունեցել ազատ և արդար ընտրություններ, որպեսզի կարողանայինք գնահատել սպասվող վերադարձի կամ ներգաղթի ծավալները այդ պայմաններում:  Ըստ կառուցվածքային մոդելի, ազատ և արդար ընտրությունները կհանգեցնեն ներհոսքի բացառիկ մեծ ծավալների, քանի որ ընտրական որակապես նոր համակարգը թույլ կտա շրջանցել ինստիտուտների զարգացման շրջադարձային կետը[4] և Հայաստանը վերջապես կգնա ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղիով:  

Այս հոդվածի գլխավոր, ապագային միտված եզրակացությունը հետևյալն է. Հայաստանի ժողովրդագրական ներկա ճգնաժամը կարելի է հաղթահարել քաղաքական ինստիտուտների կտրուկ բարելավման միջոցով, որին կարելի է հասնել ազատ և արդար ընտրությունների միջոցով:    

***
[1] Մենք գնահատում ենք ARMAX մոդել, և լագերի ընտրությունը hիմնված է Ակաիկե կրիտերիայի նվազագույն արժեքի վրա: 
[2] Մոդել 2-ում մենք գնահատում ենք ընտրություների պարբերաշրջանի գծային ազդեցությունը, այնինչ ազդեցությունը որոշ չափով ոչ-գծային է և ոչ-մոնոտոն: Մեծ հաշվով, մոդել 3-ի՝ ընտրությունների ազդեցության գհատականը համադրելի է մոդել 1-ի գնահատականի հետ:
[3] Emigration intentions: theory and evidence, Aleksandr GIrgoryan (2016), in press.
[4] Այդ դեպքում ինստիտուտների դինամիկայի կորի անկյունը, որը ուղիղ համեմատական է միգրացիոն հոսքերին, կստանա առավելագույն արժեքը:

Ալեքսանդր Գրիգորյանը տնտեսագետ է, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս և հետազոտող։

Հոդվածը գրվել է 2018թ․ մայիսի 13-ին։