21 մայիս, 2018 19:49

Ցուցարարները պահանջեցին գլխավոր դատախազի հրաժարականը

Մայիսի 21-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները կրկին գլխավոր դատախազության շենքի դիմաց էին։ Նրանք փակեցին դատախազության մուտքերն ու ելքերը։ Պահանջում էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ «Դատախազության գործունեության հետևանքով է, որ այսօր մեր երկրում կան 100-ից ավելի քաղբանտարկյալներ»,- ասում է «Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի հայրը՝ Պավել Եղիազարյանը։ Ցուցարարները, սակայն, չեն պատրաստվում փողոցներ փակել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել էր այդ քայլին չդիմել։ Պարոն Եղիազարյանը նաև տեղեկացրեց, որ իրենց հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել արդարդատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը, ինչը չի կայացել։ Նախարարությունից պատճառաբանել են, թե գերատեսչության ղեկավարի օրակարգը ծանրաբեռնված է։