25 մայիս, 2018 12:13

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` Արայիկ Հարությունյանի գրառման վերաբերյալ

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մտահոգություն է հայտնել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարթյունյանի ֆեյսբուքյան գրառումի հետ կապված:

Նախարար Հարությունյանը գրել էր, որ «Այբ» կրթական հիմնադրամի հետ կապված հանձնարարել է կազմակերպել ֆինանսական աուդիտ:

«Մասնավորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ, դեռևս չունենալով ուսումնասիրության եզրակացությունը, տրվում Է կանխակալ որակում, որն ամենայն հավանականությամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ ստացվելիք եզրակացության անաչառության և օբյեկտիվության վրա։ Առավել ևս, երբ ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից, այլ ոչ` անկախ երրորդ կողմի։ Ուստի առկա են լրջագույն կասկածներ, որ տրվելիք եզրակացությունը բխելու է նախարարի արդեն իսկ արած հայտարարության ենթատեքստից: Նախարարի հայտարարությունները և գնահատականները պետք է հնչեն միայն ուսումնասիրությունից հետո և հնչեն միայն հարցի առարկա Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ, այլ ոչ ընդհանրական՝ «Այբ»-ի»,- ասվում է հոգաբարձուների տարածած հաղորդագրությունում։

Վերջիններս փաստում են, էր «Այբ» կրթական հիմնադրամը, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ ֆինանսական աուդիտ։

«Ֆինանսական աուդիտը վերջին երկու տարիներին իրականացվել է «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը սահմանված կարգով հրապարակված են ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am (https://www.azdarar.am/announcments/org/131/00373041/ հղումով), ինչպես նաև «Այբ» կրթական հիմնադրամի կայքում՝ https://foundation.ayb.am/hy/reports հղումով»,- ասվում է հաղորդագրությունում։