28 մայիս, 2018 10:53

Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ծառայելու հայտարարությանը

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իր 18-ամյա որդին սահմանված կարգով մեկնելու է ծառայության։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀՀ վարչապետի այդ քայլը որակել է «հերթական պոպուլիստական փորձ և միջազգային նորմերի խախտում»։

«Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդությունը կրթական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու փոխարեն կյանքի ձևավորման ամենակարևոր փուլը հարկադրված անցկացնում են Ադրբեջանի օկուպացված տարածքների խրամատներում»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։ 

Բաքուն Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս «լրջորեն մտածել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»։

Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարեց, որ իր 18-ամյա որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշեց, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։

ՀՀ վարչապետը կոչ արեց  արտերկրում գտնվող՝ զինծառայությունից խուսափող հայրենակիցներին առաջիկայում վերադառնալ Հայաստան և մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմեց նաև «ոչ այնքան հիվանդ» և զինծառայությանը պիտանի երիտասարդներին։