1 հունիս, 2018 14:10

Հրաժարվել ռեյտինգայինից, անցկացնել արտահերթ ընտրություն․ կառավարությունը հաստատեց իր ծրագիրը

Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ի նիստում հաստատեց կառավարության ծրագրի նախագիծը։ Ծրագրի նախագծում առանձին բաժին հատկացված է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը և արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ Կառավարությունը կարևորում է ռեյտինգային (բաց ցուակներով համամասնական) ընտրակարգի վերացումը։ Շեշտվում է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»։

«2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները»,- նշված է փաստաթղթում։

Կառավարությունում վստահ են, որ «իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական»ընտրություններ կազմակերպելու համար հարկավոր է հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի։ Բացի այդ, կառավարությունը նպատակադրված է ձևավորել «նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով»։

Կառավարության օրակարգում է նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ Նպատակ ունեն բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով։

Ըստ գործադիրի ծրագրի՝ քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը չեզոքացնելու նպատակով հարկավոր է իրավապահ համակարգում ստեղծել համապատասխան ստորաբաժանում։

Շեշտվում է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»։

Ծրագրի նախագիծը հաստատելու համար հունիսի 7-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Գևորգ Թոսունյան