2 հունիս, 2018 15:08

LIVE BLOG. Բողոքի ցույց Ստեփանակերտում

Հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ։ Ոստիկանները բերման են ենթարկել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։ Երեկ երեկոյան տասնյակ դժգոհ քաղաքացիներ փակել էին քաղաքի ավտոկայանի հարակից կենտրոնական փողոցը։ Նրանց մոտ էր եկել պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Հունիսի 2-ին ցույցը շարունակվում է։ Քաղաքացիները փակ են պահում Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը։ Պետնախարար Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանդիպել են նրանց, ապա գնացել նախագահ Բակո Սահակյանի մոտ։ Քաղաքացիները բողոքում են ուժային կառույցների կամայականություններից և պահանջում են դրանց ղեկավարների հրաժարականը։

ՍիվիլՆեթը հետևում է իրադարձությունների ընթացքին ուղիղ տեքստային ռեժիմով։ Նախատեսում ենք նաև տեսանյութեր և ուղիղ հեռարձակումներ։ Դեպքերը ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

20:20

Ազգային վերածնունդ կուսակցությունից Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է, որ որոշում է կայացվել այսօր ժամը 21:00-ին ցրվել և վաղը հավաքվել 10:30-ին, եթե պահանջները չկատարվեն:

20:00

Ստեփանակերտից լրագրող Մարութ Վանյանը ՍիվիլՆեթին հաղորդեց, որ Ազատամարտիկների պողոտան շարունակում է փակ մնալ, մարդիկ՝ մոտ 500 հոգի, լուռ կանգնած են, երաժշտություն չի հնչում: Նախագահ Բակո Սահակյանի և ցուցարարների հանդիպումը շարունակվում է, մասնակցում է նաև Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Կազմակերպիչները հայտարարել են, որ եթե պահանջները չկատարվեն, առավոտյան կրկին հավաքվելու են: Պահնաջները նույնն են՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, բացի բանակից:

19:20

Artsakhpress. am լրատվականի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանն ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցների մի խումբ, քննարկել տեղի ունեցած միջադեպը: Ըստ հաղորդագրության՝ նա «հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ և անաչառ հետաքննություն, մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով»:

Բացի այդ, Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, խմբակցությունների ղեկավարների հետ, քննարկել միջադեպը, «կարևորել հանրապետությունում կայունության և օրենքի գերակայության պահպանումը»:

19:00

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցությունից Տիգրան Գրիգորյանը տեղեկացնում է, որ ցուցարարների մի խումբ գնացել է հեռուստատեսության շենքի մոտ: Ցուցարարների պահանջը նույնն է՝ բանակից բացի բոլոր ուժային մարմինների ղեկավարների հրաժարականը: Մի խումբ բանակցում է նախագահ Բակո Սահակյանի հետ:

18:30


17:21

«Պարոն Սահակյան, ես շատ եմ լսել, որ ձեր օգնականները գալիս են ձեր մոտ` ասում սաղ լավ է: Լավ բան չկա, պարոն նախագահ: Անուն են ձեռք բերում միայն հարգանքով` ինչպես Նիկոլ Փաշինյանը: Անուն են ձեռք բերում միայն հարգանքով եւ օրենքով: Դու էիր ասում, թե 90-ականներին մարդիկ անուն էին ձեռքբերում վախի մթնոլորտում, ինչո՞ւ եք հիմա դուք օգտագործում վախի այդ մթնոլորտը: Պատերազմի մասնակից մարդիկ են անգամ վախենում թոշակից խոսել, ասում են մի ոտքս ջարդած է, կարող է գան մյուսն էլ նրանք ջարդեն:

Երբ որ Ժիրայր Սեֆիլյանը գալիս էր, երիտասարդները դուրս եկան հայկական դրշով ծեծեցին: Նա մեր հերոսն է, ով 23 տարեկանում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար էր, 13 տարով ինձանից փոքր էր, այդ ի՞նչ դուխով տղա էր, բայց ուզում էր Արցախ գալ, գնացիք դրոշներով ծեծեցիք, երբ կարելի էր երկու հոգով մոտիկանալ, ասել, պարոն Սեֆիլյան, կներեք, բա պետք չէ Ղարաբաղ այսպես եւ այսպես… բայց գնացիք ամենատգեղ ձեւն օգտագործեցիք մեր հերոսների նկատմամբ: Այսօր բոլոր ազատամարտիկներն աղքատ են: Ասում են ի՞նչ խոսենք, մեկ է` բան չի փոխվելու, բա էդ ո՞նց է, որ ջիպերն այդքան փոխվում են…», հանրահավաքի ժամանակ ասել է Դավիթ Սիմոնյանը:

«Մենք չենք գնում կռվել ուժայինների հետ: Մենք պարզապես պահանջում ենք արդարություն: Ղարաբաղը պետք է արդարության դաշտ բերել: Սա է մեր պահանջը, ուրիշ ոչ մի բան չենք ուզում: Թող օրենքը գործի բոլորի համար: Ով նախարար է դառնում` նրա համար արդեն օրենք չկա, օրենքը նա է: Ավելին` նրա վարորդն էլ է օրենք: Այսպիսի մի ասացվածք կա, ժողովուրդ, ասում են, ղարաբաղցին չպետք է վեր կենար տեղից, եթե վեր է կացել` մինչեւ վերջ գնալու է: Ես բացարձակ կասկած չունեմ, որ այս պայքարը հաղթելու եւ իր տրամաբանական ավարտն է ունենալու», հանրահավաքի ժամանակ ասել է Վաչագան Զաքարյանը:

16:30

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

16:23

ց, որ ցույցը կամաց-կամաց հանրահավաքի է վերածվում։ Տեղադրվել են բարձրախոսներ։ Հնչում են ելույթներ։ Ելույթ է ունեցել նաև Վահան Բադասյանը։

Մարութ Վանյանը նշում է, որ Բակո Սահակյանի մոտից դեռ չեն վերադարձել պետնախարար Արայիկ Հարությունյանը և պատգամավոր Հայկ Խանումյանը։ Նրանք գնացել էին իրավիճակը քննարկելու։

16:18

Քաղաքացիները բողոքում են իշխանություններից։ Ստեփանակերտցի լրագրող Հայկ Ղազարյանը տեսանյութեր է տեղադրել Ֆեյսբուքի իր էջում։

15։28

 15:20

Մարութ Վանյանը գրում է, որ լրագրողներ չկան․ «Պատկերացրեք Երևանում Բաղրամյան պողոտան փակեն, ու լրագրողներ չլինեն։ Բայց դա Երևանն է, սա Ստեփանակերտը»։ 

15:00

Հայագետ, Քարվաճառում բնակվող Ալեքսանդր Քանանյանը կարծում է, որ «Արցախի մարզպետ Բակո Սահակյանի անփառունակ պաշտոնավարումն անշեղորեն մոտենում է բնականոն ավարտի»:

14։50

Քաղաքագետ, Ազգային վերածնունդ կուսակցության փոխնախագահ Տիգրան Գրիգորյանը հաղորդում է, որ եղան նաև «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներ։