4 հունիս, 2018 17:56

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ մսի թանկացման մասին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հունիսի 4-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ շուկայում մսի գնի բարձրացումը պայմանավորված է հարկային վարչարարությամբ ու նման խնդիրները գտնվում են ՏՄՊՊՀ դաշտից դուրս։

«Առավելապես քննարկվում է մսի թանկացման հարցը, ինչի հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան: Մսի շուկան համարվում է մրցակցային, ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկա, որտեղ գները կարգավորվում են շուկայական մեխանիզմների միջոցով: Այդ շուկայում գործում են հարյուրավոր մասնավոր ընկերություններ, անհատներ, ֆերմերային տնտեսություններ, և որևէ տնտեսվարող չի համապատասխանում գերիշխող համարվելու համար օրենքով սահմանված չափորոշիչներին: Այնուամենայնիվ, նկատի ունենալով խնդրի սոցիալական նշանակությունը և սպառողների մտահոգությունը, ՀՀ ՏՄՊՊՀ-ը երկօրյա դիտանցում է իրականացրել մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում: Հանձնաժողովի դիտանցման խումբը այսօր որևէ փոփոխություն չի արձանագրել, և սպառողները կարող են միսը գնել այն արժեքով, ինչ նախկինում»,- նշված է ՏՄՊՊՀ հայտարարությունում։

Հանձնաժողովն իր հաղորդագրությունում նաև շեշտել է, որ մսի կամ բանջարեղենի իրացման մասով «Ալեքս Հոլդինգ», «Նոր Զովք», «Սաս-Գրուպ», «Էվրիկա գրուպ», «Կրպակ» սուպերմարկետների մասնաբաժինը ցածր է, ու վերջիններիս կողմից մրցակցությունը սահմանափակելու հնարավորությունը ևս ցածր է։  

***

Հունիսի 1-ից տարբեր խոշոր առևտրային կենտրոններում՝ սուպերմարկետներում բանջարեղենի ու մսի գինը կտրուկ աճել էր։ Պատճառը ԱԱՀ վճարելու դաշտ գալու անհրաժեշտությունն էր։ Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում հայտնաբերել էր հարկեր թաքցնելու մի սխեմա, ըստ որի, սուպերմարկետների ցանցում ԱՁ-եր էին գրանցվել՝ միայն շրջանառության հարկ վճարելու համար։ Հայտարարվեց նաև, որ նշված գործողությունը սուպերմարկետներն իրականացրել են ՊԵԿ նախկին ղեկավարության համաձայնությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին Ֆեյսբուքում գրառում էր կատարել. «Նրանք, ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներին»։

Հաջորդ օրն արդեն սուպերմարկետներում բանջարեղենի ու մսի գները նվազել էին։

 

Մկրտիչ Կարապետյան