7 հունիս, 2018 16:57

Բաքուն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայտարարությանը

Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում Արցախի ղեկավարությունը: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը։

Ինչպես ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, Հայաստանի ղեկավարության նման հայտարարությունները Բաքվում դիտարկում են «որպես քայլ, որն ուղղված է բանակցային գործընթացի խախտմանն» ու «ապակառուցողական ստատուս քվոյի պահպանմանը»։ 

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի իր ելույթում այսօր մասնավորապես ասաց․ «1998-ից հետո ՀՀ իշխանությունները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ՝ ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է և հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից՝ բանակցելու մանդատ:

Նույնը չեմ կարող անել ես, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, փոխարենն ունի իր իշխանությունը, իր Ազգային ժողովն ու կառավարությունը, իր նախագահը, և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»։