8 հունիս, 2018 12:38

Ռուսաստանի հետ ամեն ինչում համաձայն չենք, բայց կարող ենք պայմանավորվել և առաջ գնալ․ Մնացականյան

Հունիսի 7-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները։ Դա ՀՀ արտգործնախարարի առաջին օտարերկրյա այցն էր, որի շրջանակում նա հարցազրույց է տվել «Կոմերսանտ» պարբերականին՝ կայացած բանակցությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), ղարաբաղյան հակամարտության մասին։

Սերգեյ Լավրովի հետ հարաբերությունների մասին

— Ձեր և Սերգեյ Լավրովի մասնագիտական կենսագրությունները նման են։ Երկուսդ էլ աշխատել եք ՄԱԿ-ում։ Ավարտել եք ՄԳԻՄO-ի (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ - ՍիվիլՆեթ) միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը, նա կարիերայի սկզբում աշխատում էր ԱԳՆ-ում՝ միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնում։ Ինչպե՞ս են անցել բանակցությունները։

— Ձեր մեկնաբանությունն ընկալում եմ որպես կոմպլիմենտ։ Սերգեյ Վիկտորին բավական հայտնի գործիչ է միջազգային հարթակում, նա ունի շատ հարուստ փորձ։ Եթե կարողանամ որևէ կերպ մոտենալ դրան, ուրախ կլինեմ։

— Այն իմաստով էի ասում, որ Ձեզ ավելի հեշտ կլինի նրա հետ լեզու գտնել։

— Մենք լավ ենք միմյանց հասկանում, այո։ Ես ունեմ բազմակողմ հարթակներում ռուսաստանյան դիվանագիտական ծառայության տպավորիչ ու հրաշալի թիմի հետ աշխատելու փորձ։ [...]

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին

— Ռուսաստանը պաշտոնական մակարդակով այս գարնանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ փողոցային պայքարով իշխանափոխությանը, հավասարկշռված էր արձագանքում։ Սակայն չհաջողվեց խուսափել սկանդալից։ Նկատի ունեմ «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի հայտարարությունները Հայաստանի և հայերի հասցեին («Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է, որ «Հայաստանը պատմական, քաղաքական, ֆիզիկական և նյութական առումով բեռ է Ռուսաստանի համար», հետևաբար եթե հայերը «ուզում են ցած իջնել»՝ Ռուսաստանը «կթեթևանա» - «Կոմերսանտ»): Սկանդալից նստվածք մնացե՞լ է, թե՞ կարելի է ասել, որ միջադեպը սպառված է։

— Դուք ճիշտ նշեցիք՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսության մակարդակում կա հրաշալի փոխըմբռնում։ Դա ոչ միայն ԱԳՆ-ների ղեկավարների երկխոսություն է, այլև երկխոսություն Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջև։ Մենք բացարձակ հստակ էինք մեր ձևակերպումներում՝ նախևառաջ այն, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի կայունությունն ու հետևողականությունը անխախտ է և այն, որ այդ ուղեգծում Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ արտահայտված տեղ։ Մենք առաջ ենք շարժվում մեր հարաբերություններում միայն այդ ձևակերպման հիման վրա։ Այդ դրույթի։

Ինչ վերաբերում է այլ գնահատականների, հնարավոր է, պետք չէ զարմանալ, բայց դա շատ ցավալի էր։ Մյուս կողմից մենք շարունակելու ենք օգնել փորձագիտական հանրությանը ավելի հստակ տեսնել այն, ինչ տեղի էր ունենում հայ հանրության շրջանում։

Դա խորապես ներքաղաքական գործընթաց էր, որը չունի աշխարհաքաղաքական երանգ։ Դա ավելի քան պարզ ասվում էր, ցուցադրվում։ Եթե փորձագիտական հանրությունը դեռ դա չի ընկալել, ժամանակը անպայման դա ցույց կտա, և նրանք կկարողանան իրավիճակն ընկալել ավելի ճշգրիտ։ Չնայած՝ մենք արեցինք ամեն ինչ, որ այդ ընկալումն արագ լինի։

Գուցե գայթակղիչ է զուգահեռներ անցկացնել տարբեր այլ իրավիճակների հետ, դրանում է գուցե փորձագիտական հանրության աշխատանքը կայանում։

Բայց ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ այն ամենն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, խորապես ներքհայաստանյան գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգի։

— Հետաքրքիր է, որ Դուք այդ գնահատականները համարում եք փորձագիտական։

— Աշխատանքն է այդպիսին։

— Թեման փակելու համար։ Միխայիլ Լեոնտևի հայտարարություններից հետո Ռուսաստանի հայերի միությունն ու Հայաստանի դեսպանությունը հայտարարեցին, որ դիմել են համապատասխան մարմիններ, այդ թվում՝ դատախազություն։ Ի՞նչ եղան այդ դիմումները։

— Միխայիլ Լեոնտևը նամակ է գրել Հայաստանի վարչապետին՝ պաշտոնապես ներողություն խնդրելով։ Ինձ համար կարևոր է լինել դրանից վեր։ Չեմ ասում՝ անտեսել, բայց շատ ուշադրություն չդարձնել նրան, ինչը չի համապատասխանում նորմալ, արժանավայել  վարքագծին։

Եվրասիական տնտեսական միության մասին

— Նախքան վարչապետի պաշտոնն ստանձնելը Նիկոլ Փաշինյանը քննադատական էր խոսում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին ։ Իշխանության գալուց հետո նա հասկացրեց, որ ինտեգրացիոն այդ միավորման մեջ Հայաստանը կտրուկ գործողություններ չի անելու։ Այդուհանդերձ, ԵՏՄ-ի ներսում կան խնդիրներ ու հարցեր։

— Ես շատ գոհ եմ մեր բանակցությունների դինամիկայից։ Սերգեյ Լավրովի հետ մենք ունեինք սահմանափակ ժամանակ և բավական հաստ թղթապանակներ սեղանին։ Եվ մենք կարողացանք այդ ժամանակի ընթացքում անցնել ամբողջ թեմատիկայի վրայով։ Մենք երու գործընկեր ենք, դաշնակից, որոնք ունեն երկկողմ համագործակցության ամուր և խորը հիմք։ Երբ մենք ասում ենք, որ դաշնակիցներ ենք, քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք առկա են։ 

Մենք չենք ասում, որ համաձայն ենք միմյանց հետ ամեն ինչում, ինչ վերաբերում է մեր փոխհարաբերություններին։ Բայց մենք ի վիճակի ենք աշխատել միասին, պայմանավորվել և առաջ շարժվել։

Մեր վարչապետը հստակ արտահայտվել է այն մասին, թե ինչ է նշանակում ԵՏՄ-ն Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծում՝ այն համատեքստում, թե ինչպես ենք օգտագործում առկա մեխանիզմը երկրի զարգացման համար։ [...] Այն մեզ հանում է մեծ շուկաներ, տալիս է գործընկեր երկրներում ազատ աշխատելու հնարավորություն, համագործակցել ոլորտների հսկայական ցանկում։

ՀԱՊԿ-ի մասին

— Կա ևս մեկ ձևաչափ՝ ՀԱՊԿ-ը։ Նախարար Լավրովի հետ հանդիպման ժամանակ շատ է հնչել «դաշնակիցներ» բառը, «դաշնակցային հարաբերություններ» ձևակերպումը։ Բայց հայտնի է, որ Երևանում, մեղմ ասած, զգուշավորությամբ են նայում Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը։ Քննարկե՞լ եք արդյոք այդ թեման Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։ Եթե այո՝ ի՞նչ համատեքստում։

— Այդ հարցն առկա է, այն վերաբերում է ռազմական համագործակցության տարբեր ձևաչափերին։ Երբ մեզ որևէ բան անհանգստացնում է, մենք բարձրացնում ենք այդ հարցը։

— Հայկական դիրքորոշումը որևէ կերպ հաշվի առնվելո՞ւ է։ Ի՞նչ պատասխան ստացաք կամ ցանկանում եք ստանալ Մոսկվայից։

— Այսպես ասենք՝ դա հարց է, որն ունի իր տեղը մեր օրակարգում, և մենք դա քննարկում ենք որպես երկու գործըներ։

— Վերջին բանակցություններում այդ թեման բարձրացվե՞լ է։

— Այն առկա է մեր օրակարգում։

Արևմուտքի հետ հարաբերությունների մասին 

— Հայաստանը «Արևելյան գործընկերության» միակ երկիրն է այսօր, որը, հանդիսանալով ԵՏՄ-ի լիիրավ անդամ, կառուցում է բավական հարթ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում էր նոր կառավարության ծրագիրը, նա հայտարարեց, որ Երևանը խորացնելու է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ հանուն Հայաստանի զարգացման։ Կարելի՞ է վերծանել՝ ի՞նչ է ենթադրում հանուն զարգացման հարաբերությունների խորացման արտահայտությունը։

— Դա ենթադրում է այն, որ բացարձակապես բնական և հանգիստ է ընկալվում, համենայնդեպս, մեր կողմից։ Դուք գիտեք՝ մենք օգտագործում ենք համագործակցության և փոխգործակցության տարբեր մեխանիզմներ, որպեսզի ամրապնդենք անվտանգության ճարտարապետությունն ու Հայաստանի զարգացման լծակները։

— ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցությունը անվտանգության ոլորտում կարող է նյարդայնացնել Մոսկվային։

— Թույլ տվեք ավարտել։ Մենք այս ընթացքում չենք արել չէ՞ քայլեր, որոնք կծառայեին հարաբերություններին մի երկրի հետ՝ մյուսի հաշվին։ Մենք ավելի քան հստակ խոսել ենք Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների աստիճանի մասին։ Մենք ունենք երկխոսություն ԱՄՆ-ի հետ, հարաբերություններ ԵՄ-ի հետ, այդ ամենն ունի իր տեղը։

— Այդ օրակարգը չի՞ նյարդայնացնում Մոսկվային։

— Դա կնյարդայնացնի այն դեպքում, եթե մենք կառուցենք  հարաբերություններ մի գործընկերոջ հետ մյուսի հաշվին։ Մենք երբեք դա չենք արել։ 

[...]

Ղարաբաղյան հակամարտության մասին 

— Հնարավո՞ր է արդյոք ուժեղ և կայուն Հայաստան ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պայմաններում։

— Միանգամայն ճիշտ եք ասում։ Այդ հակամարտության կարգավորումը եղել և մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ամբողջ համակարգի առաջնահերթությունը։

— Սովորաբար, երբ իշխանության են գալիս նոր մարդիկ, նրանք հայտարարում են հին խնդիրներին նոր մոտեցումների մասին։ Արժե՞ արդյոք Երևանից ակնկալել նոր մոտեցումներ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, բանակցությունների ակտիվացում, փոխզիջումների գնալու փորձեր։ Հատկապես հաշվի առնելով այն սրացումը, որը տեղի ունեցավ 2016թ․։

— Բոլոր փոփոխությունները, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել Հայաստանում, նախևառաջ չունեին արտաքին քաղաքական օրակարգ, երկրորդ՝ թելադրված չէին ղարաբաղյան հակամարտությամբ։ Դա շատ կարևոր է։ Մենք ունենք բանակցային գործընթացի դինամիկա, 2016-ի բավական ծանր գործոնը, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափը։

— Բանակցությունների սեղանին առկա են նաև կատարված աշխատանքի արդյունքում նյութեր/գաղափարներ։

— [...] Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել և մնում է կոնկրետ անուններով կոնկրետ մարդկանց անվտանգության հարց՝ դա Լեռնային Ղարաբաղի բնակչությունն է։ Նրանց անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար շարունակում են մնալ ամենակարևոր հարցը։ Մեզ անհրաժեշտ է տարածարջան, որն ապրում է խաղաղ, բայց ոչ մեր մարդկանց անվտանգության հաշվին։ Հենց այս շրջանակում ենք ցանկանում շարունակել բանակցային գործընթացը՝ հանուն ամբողջ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության։

— Կա կարծիք, որ Բաքուն դիտարկում է ԵՏՄ-ին անդամակցության հարցը։ Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ ներկայացնել, մանավանդ որ ինստիտուցիոնալ առումով նման մեխանիզմ արդեն ստեղծված է․ Մոլդովան վերջերս է ստացել նման կարգավիճակ։ Եթե հանկարծ Ադրբեջանը իսկապես որոշի շարժվել այդ ուղղությամբ, մերձենա ԵՏՄ-ի հետ, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը։

— Ադրբեջանը երկիր է, որն այսօր շրջափակում է Հայաստանը։ Ձեռնարկում է միակողմանի քայլեր Հայաստանի դեմ։ Գործ ունենք երկրի հետ, որն ամեն կերպ ատելության մթնոլորտ է հրահրում։ Նայեք այն եզրութաբանությանը, որն օգտագործվում է Հայաստանի և հայերի դեմ ամբողջ աշխարհում։ ԵՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է։ Ի՞նչ եք ակնկալում մեզնից։

— Ձեր պատասխանը ես կարող եմ սեղմել մինչև մեկ արտահայտություն՝ եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ԵՏՄ-ին, Հայաստանը կասի՝ «մենք դեմ ենք»։

— Դուք ձևակերպեցիք Հայաստանի դիրքորոշումը։

— Ես ավելի շուտ հետաքրքրվում եմ՝ կարելի՞ է արդյոք այդ կերպ ձևակերպել Հայաստանի դիրքորոշումը։

— Եթե լուրջ՝ ես կասեմ, որ մենք չենք կարող հաշվի չառնել իրողությունները։

[...]

— 2016-ը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը կարող է հեշտությամբ բռնկվել։ Եվ այդ առումով երկրները, որոնք գտնվում են մեկը մյուսի նշանառության տակ, պետք է շարժվեն փոխզիջումների ուղղությամբ։ Ուզում եմ հասկանալ՝ որքանո՞վ է այդ շարժումը հնարավոր։

— Ես հավատում եմ, որ այդ շարժումը հնարավոր է։ Եվ հավատում եմ, որ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են բոլորի համար։ Բայց եթե նկատեցիք՝ մենք շատ ուշադրություն ենք հատկացնում ևս մեկ պահի՝ այդ գործընթացները պետք է տեղի ունենան մթնոլորտում, որը նպաստում է խաղաղության։ 

— Հայաստանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի։ Կովկասում կան երկու հանրապետություններ, որոնք ինքնորոշվել են՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Նրանց անկախությունը ճանաչել են որոշ երկրներ։ Հայաստանը կարո՞ղ է ճանաչել նրանց անկախությունը։

— Մենք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք։ Մենք ձեռնպահ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, քանի որ բոլոր հարցերի՝ բանակցային ճանապարհով լուծման կողմնակից ենք։ Դա է մեր դիրքորոշման հիմքը բոլոր մյուս հարցերում։

— Այսինքն Աբխազիան ու Հարավային Օսիան Հայաստանը չի՞ ճանաչելու։

— Մենք Կոսովոն էլ չենք ճանաչել։

 

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը