11 հունիս, 2018 13:35

ԱԳ նախարարը ՀԱՊԿ-ում ներկայացրել է Բաքվի գործողությունները

Հունիսի 11-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: 

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր:

Ելույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձավ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության, ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել է, որ երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք «անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը»։