11 հունիս, 2018 21:15

Բակո Սահակյանը 2020-ին չի առաջադրվի նախագահի պաշտոնում

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020-ին  չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։ 

Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա ասել է, որ 2020-ի ընտրություններին կմասնակցի որպես քաղաքացի և ոչ թե որպես նախագահի թեկնածու։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը 2016-ին նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց։ Սահակյանը գործընթացն սկսեց, երբ Հայաստանում 2015-ի դեկտեմբերին արդեն տեղի էր ունեցել Սահմանադրության փոփոխություն, Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում էր կատարում խորհրդարանական մոդելի։ Դա հնարավորություն էր տալիս նախագահ Սերժ Սարգսյանին նախագահության երկրորդ ժամկետից հետո շարունակել ղեկավարել երկիրը արդեն որպես վարչապետ։

Բակո Սահակյանը նույն նպատակով, բայց հակառակ ուղղությամբ փոխեց Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը։ 2017-ի փետրվարին սահմանադրական հանրաքվեի արդյունքում Արցախը կառավարման կիսանախագահական համակարգից անցավ նախագահական համակարգի, վերացվեց վարչապետի ինստիտուտը, ամբողջ իշխանությունը կենտրոնացավ նախագահի ձեռքում։

Արցախի նոր Սահմանադրությունը Բակո Սահակյանին հնարավորություն տվեց նախագահության երկրորդ ժամկետից հետո, որը լրանում էր 2017-ին, մնալ նախագահի պաշտոնում։ Սահմանադրության անցումային դրույթով 2017-ի հուլիսին խորհրդարանի կողմից նա երեք տարով ընտրվեց նախագահ։ Անցումային դրույթը պայմանավորված էր նրանով, որ 2015-ին ընտրված խորհրդարանը պետք է գործի մինչև 2020-ը՝ լիազորությունների ժամկետի ավարտը։

Բակո Սահակյանը նոր սահմանադրությամբ տեսականորեն հնարավորություն ստացավ ևս երկու ժամկետ հավակնելու Արցախի նախագահի պաշտոնին՝ 2020-ին և 2025-ին։

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը խառնեց ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Բակո Սահակյանի խաղաքարտերը։  

Ուշագրավ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նոր սահմանադրությունների հեղինակը Հրայր Թովմասյանն էր, որն այս գործընթացի ավարտից հետո դարձավ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ։