11 հունիս, 2018 13:43

Ներառական բառարան կամ ինչպես խոսել հաշմանդամություն ունեցող անձանց մասին

Ինչ սկսել եմ հոդվածներ գրել զգում եմ, որ ավելի ուշադիր եմ դարձել բառապաշարիս հանդեպ ու սկսել եմ ավելի սուր նկատել ուրիշների սխալները։ Չէ, չեմ հավակնում լեզվաբան դառնալ,  բայց չեմ կարող ուշադրություն չդարձնել  այն լեզվի վրա, որ օգտագործվում է հաշմանդամության մասին խոսելիս։

Մենք երևույթները ընկալում ենք իրենց տրված անունների միջոցով, ու դրա համար պետք է կարևորել, թե ինչպես ենք մենք խոսում։ Հաշմանդամության թեմայով խոսելիս ոչ պատշաճ բառապաշար են օգտագործում թե առօրյա խոսքում, թե լրատվական հարթակներում։ Հոդվածներում և հարցազրույցներում թույլ տրված արտահայությունների որոշ մասը կարող է ոչ միայն վիրավորել, այլև երբեմն՝ զայրացնել հաշմանդամություն ունեցող անձանց կամ իրենց հարազատներին։ Դա է պատճառը, որ  որոշեցի հատուկ ուշադրություն հրավիրել այն սկզբունքին, որով պետք է առաջնորդվել հաշմանդամության կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս։

Շատերը վրդովվում են, թե ինչու՞ երկարացնել ու ասել հաշմանդամություն ունեցող և ոչ պարզապես հաշմանդամ։ Պետք է հասկանալ, որ խոսքը ձևավորում է մեր պատկերացումը մարդու մասին, և  այն թե ինչպես մենք կանվանենք մարդուն կնկարագրի վերջինիս էությունը։ Ես հաշմանդամ չեմ՝ ես մարդ եմ, որ մյուս արժանիքների ու թերությունների կողքին ունի նաև հաշմանդամություն։ Հենց այս նույն տրամաբանությամբ էլ կույր մարդիկ տեսողական խնդիրներ ունեցող անձիք են, հոգեկանները՝ հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ ունեցող անձիք։

Հոգեկան կամ հոգեբանական հաշմանդամության հետ կապված բառերը ինչպիսիք են գիժ, դաուն, հոգեկան ավելի շատ նման են պիտակների, ու համաձայն եք, որ հենց վիրավորելու համար էլ օգտագործվում են։ Այս բառերը չպետք է գործածվեն որպես վիրավորանք, ոչ հաշմանամություն ունեցող, ոչ էլ չունեցող մարդկանց նկատմամբ:

Բառերի մի ուրիշ խումբ կա, որի մասին ես գրել եմ իմ նախորդ հոդվածներից մեկում, բայց ուզում եմ մեկ անգամ էլ մատնանշել։ Երբ հաշմադնամություն ունեցող անձը ապրում է ընդունված  ձևերով, անում է այն ինչ ցանկանում է՝ սովորում է, աշխատում է, սոցալիզացվում է, ապա նա հերոս չէ, նա խիզախություն չէ անում՝ նա պարզապես ապրում է իր կյանքը, իսկ նման վերաբերմոնւքը ձեր կարծրատիպերի արդյունք է։

Հաշմանդամություն ունեցող մարդիկ, մտավոր զարգացման հապաղում ունեցողներից որոշների բացառությամբ, ինչպես և նրանց հարազատները, գիտակցում են, որ ունեն հաշմանդամություն։ Կարիք չկա շրջանցելու այդ տերմինը և փորձելու այլ անուն տալ հաշմանդամությանը, օրինակ՝ հատուկ կարիքավոր, արատավոր, թերի, աննորմալ, հիվանդ, անլիարժեք և այլն։ Նման արտահայտությունները ոչ միայն կարող են վիրավորել և զայրացնել, այլև արհեստական ճեղք ստեղծել հաշմանդամություն ունեցող և չունեցողների հարաբերություններում, հաշմանդամ անձի մասին կազմած հասարակության պատկերացումը լինում է թյուր և կարծրատիպային, ինչի պատճառով նրանք չեն ընկալվում որպես հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ, հավասար իրավունքներով քաղաքացի։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ անուններ տալիս կարևոր է պահպանել չեզոքությունը և խուսափել պիտակավորող արտահայտություններից։

Հաշմանդամություն ունենալը նաև չի նշանակում գերզգայուն լինել, դրա համար չմտածեք, թե սխալ բառապաշարից մենք խիստ վիրավորվում ենք կամ կաշկանդվում, բայց, ի վերջո, պետք է սովորել ճիշտ խոսել հաշմանդամության մասին՝ տհաճ իրավիճակներից խուսափելու ու հարգալից հնչելու համար։

Մի խոսքով,  փորձեք լավացնել ձեր խոսքը։ Սա չի վերաբերվում միայն հաշմանդամության մասին խոսելուն՝ ճիշտ խոսելը կարևոր է ամեն դեպքում, քանի-որ մեր խոսքը մեր մասին շատ բան է ասում։ Սա հատկապես, ծայրահեղ կարևոր է լրագրողների դեպքում, քաղաքական գործիչների ու այլ հանրային դեմքերի դեպքում, քանի-որ հենց այս մարդիկ են կրթում ու ձևաորում հանրային կարծիքը։

Իսկ սա սխալ օգտագործվող արտահայտությունների ու դրանց ճիշտ համարժեքների ցանկ է, որ ստեղծել է Ունիսոն հասարակական կազմակերպությունը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: