12 հունիս, 2018 13:22

Այսօր Թուրքիայում կբացվի TANAP գազատարը

Այսօր թուրքական Էսքիշեհիր քաղաքում կայանալու է Տրանսանատոլիական գազատարի՝ TANAP-ի հանդիսավոր բացումը։ 1841 կմ երկարությամբ գազատարը ադրբեջանական «Շահ Դենիզ 2» հանքավայրից գազը հասցնելու է եվրոպական շուկաներ։ Բացման արարողությանը, ինչպես հաղորդում են թուրքական աղբյուրները, մասնակցելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իլհամ Ալիևն ու Գիորգի Մարգվելաշվիլին։ 

Թուրքիայի նախագահական գրասենյակն ընդգծում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային հետագա համագործակցությանն ուղղված ջանքերն ու այդ համատեքստում խոշոր նախագծերի իրականացումը։

Նախագիծն արժե 8 մլրդ դոլար, բաժնետերերն են ադրբեջանական SOCAR ընկերությունը՝ 58 տոկոս, թուրքական BOTAŞ-ը՝ 30 տոկոս, բրիտանական British Petroleum-ը (BP)` 12 տոկոս։

Ակնկալվում է, որ TANAP-ով տարեկան 6 մլրդ խորանարդ մետր գազ կստանա Թուրքիան, 10 մլրդ՝ Եվրոպան։ Hurriyet Daily News-ը նշում է, որ նախագծի եվրոպական մասը կգործարկվի 2020-ին։

TANAP-ը, որը ձգվում է Թուրքիայի Արդահան նահանգից դեպի Հունաստանի ու Բուլղարիայի հետ սահմաններ, «Հարավային գազային միջանցքի» կենտրոնական և ամենաերկար հատվածն է։ 

«Հարավային գազային միջանցքը» Եվրամիության համար առաջնահերթ նախագիծ է, որով նախատեսվում է Կասպից ծովից 10 մլրդ խմ ադրբեջանական գազ մատակարարել Եվրոպային: 

«Հարավային գազային միջանցքը» ԵՄ-ին «տասնամյակներով կապում է անցանկալի գործընկեր» Ադրբեջանի հետ