12 հունիս, 2018 09:48

Արցախի ընդդիմադիր կուսակցությունը հանրահավաք է հրավիրել

Արցախի ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցությունը հունիսի 13-ին Ստեփանակերտում անցկացնելու է հանրահավաք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը։

«Արցախում քաղաքական ճգնաժամը ստեղծվել է ոչ թե պետական ինստիտուտների ոչ արդյունավետության պատճառով, այլ դրանք փոխել չցանկանալու հետևանքով: 2017թ. մեկ անձի իշխանության վերարտադրության համար փոխված սահմանադրությունը դրա վառ վկայությունն էր: Քաղաքական ճգնաժամերի հիմքը հենց դրա մեջ պետք է փնտրել:

Երեկ, 2017թ. հունիսի 11-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը 10 տարի երկիրը նախագահելուց հետո 2017թ. Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. ընտրվել է անցումային շրջանի նախագահ, հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել 2020թ. նախագահական ընտրություններում:

Վաղը, 2017թ. հունիսի 13-ին, մենք կներկայացնենք մեր մոտեցումներն այս բոլոր հարցերի շուրջ: Հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել հավաքը: Եվ այսպես՝ հունիսի 13-ին, ժամը 17.00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ես, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանս, Ազգային վերածնունդ կուսակցությունը և մի շարք նախաձեռնող խմբեր կազմակերպում ենք հավաք: Հավաքի ընթացքում կներկայացնենք այս օրերին քաղաքական ճգնաժամի մասին մեր խորհրդակցությունների ամփոփումը և ճգնաժամի լուծման մեր տեսլականը»,- գրել է Խանումյանը։

***

Արցախի նախագահ Բակո Սահակյանը 2016-ին նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց։ Սահակյանը գործընթացն սկսեց, երբ Հայաստանում 2015-ի դեկտեմբերին արդեն տեղի էր ունեցել Սահմանադրության փոփոխություն, Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում էր կատարում խորհրդարանական մոդելի։ Դա հնարավորություն էր տալիս նախագահ Սերժ Սարգսյանին նախագահության երկրորդ ժամկետից հետո շարունակել ղեկավարել երկիրը արդեն որպես վարչապետ։

Բակո Սահակյանը նույն նպատակով, բայց հակառակ ուղղությամբ փոխեց Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը։ 2017-ի փետրվարին սահմանադրական հանրաքվեի արդյունքում Արցախը կառավարման կիսանախագահական համակարգից անցավ նախագահական համակարգի, վերացվեց վարչապետի ինստիտուտը, ամբողջ իշխանությունը կենտրոնացավ նախագահի ձեռքում։

Արցախի նոր Սահմանադրությունը Բակո Սահակյանին հնարավորություն տվեց նախագահության երկրորդ ժամկետից հետո, որը լրանում էր 2017-ին, մնալ նախագահի պաշտոնում։ Սահմանադրության անցումային դրույթով 2017-ի հուլիսին խորհրդարանի կողմից նա երեք տարով ընտրվեց նախագահ։ Անցումային դրույթը պայմանավորված էր նրանով, որ 2015-ին ընտրված խորհրդարանը պետք է գործի մինչև 2020-ը՝ լիազորությունների ժամկետի ավարտը։

Բակո Սահակյանը նոր սահմանադրությամբ տեսականորեն հնարավորություն ստացավ ևս երկու ժամկետ հավակնելու Արցախի նախագահի պաշտոնին՝ 2020-ին և 2025-ին։

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը խառնեց ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Բակո Սահակյանի խաղաքարտերը։  

Ուշագրավ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նոր սահմանադրությունների հեղինակը Հրայր Թովմասյանն էր, որն այս գործընթացի ավարտից հետո դարձավ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ։