12 հունիս, 2018 18:55

Մանե Թանդիլյանը հեռանում է նախարարի պաշտոնից, կուսակցությունից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին Թանդիլյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Որոշման պատճառը եղել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։

«Նշանակվելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդրումը մեկ տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը ևս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն և հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում»,- գրել է նա։

Հունիսի 11-ին կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի հուլիսի 1-ից կմեկնարկի կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի գործողությունը։

Իր գրառման մեջ Թանդիլյանը պնդել է, որ համակարգի «պարտադիր» բաղադրիչը չի ունեցել ու չունի հանրային աջակցություն։ Որոշումների ընդունման «իմպերատիվ» մեթոդը Թանդիլյանը համարում է անընդունելի։ Նա դադարեցրել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը՝ պատճառաբանելով դա այն փաստով, որ կառավարության անդամ է դարձել որպես «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչ։

Դիտեք Մանե Թանդիլյանի հետ ՍիվիլՆեթի հարցազրույցը, որը հրապարակվել է մայիսի 19-ին