12 հունիս, 2018 14:47

Պարտադիր կուտակայինի մասին․ ինչը ինչից հետո էր

Հայաստանի նոր կառավարությունը հունիսի 11-ի կառավարության արտահերթ նիստում ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում նոր փոփոխությունները։

Ըստ որոշման՝ հուլիսի 1-ից գրանցված աշխատող քաղաքացիները պարտադիր կերպով կընդգրկվեն կենսաթոշակային ֆոնդերում, և նրանց աշխատավարձից մասհանումներ կկատարվեն. եթե նախկինում այդ մասհանումն աշխատավարձի 5 տոկոսի չափով էր և ևս 5 տոկոս պետությունն էր վճարում, այժմ վճարման չափերը փոխվել են։ Հուլիսի 1-ից համակարգում ընդգրկվող քաղաքացիները կենսաթոշակային ֆոնդերին վճարում կկատարեն աշխատավարձի 2.5 տոկոսի չափով, իսկ մնացած 7.5 տոկոսը կվճարի պետությունը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը 2014-ից ի վեր բախման առարկա էր կառավարության և համակարգի «պարտադիր» բաղադրիչի դեմ հանդես եկող խմբերի միջև։

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոխել կենսաթոշակային համակարգը

Ըստ կառավարության հիմնավորման՝ Հայաստանում ժողովրդագրական փոփոխությունները բերել են աշխատունակ հատվածի նվազման ու հասարակության մեջ կենսաթոշակառուների թվի աճի։ Բացի այդ՝ պետության կողմից թեև «ներարկվում» են  կենսաթոշակային ապահովմանն ուղղված միջոցներ, սակայն դժգոհությունները ցածր կենսաթոշակներից շարունակվում են։

Աշխարհում կենսաթոշակային հաակարգի արդյունավետությունը որոշվում է նաև աշխատող քաղաքացիների ու կենսաթոշակառուի հարաբերակցությունից։ Այսինքն քանի աշխատող է բաժին հասնում 1 կենսաթոշակառուին։ Բազմաթիվ երկրներում այդ ցուցանիշը 3։1 է կամ 4։1, այսինքն՝ 3 կամ 4 քաղաքացի վճարում  են 1 կենսաթոշակառուի թոշակ, որը բարձր թիվ է։ Հայաստանում այս թիվը 1։1 է։

Պարտադիր կուտակային համակարգը պետք է ուժի մեջ մտներ 2014-ի հունվարի 1-ից։ Այն ժամանակ ստեղծվեց համակարգին դեմ հանդես եկող «Դե՛մ եմ» նախաձեռնությունը, որը քաղաքական ուժերի հետ միասին սկսեց փողոցային շարժում՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի։ Այս շարժման կորիզը ՏՏ ոլորտի մասնագետներն էին, որոնք ստանում են միջինից բարձր աշխատավարձ և գլխավորապես աշխատում են սպիտակ դաշտում։

2014-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ վիճարկվեցին Սահմանադրական դատարանում, և դատարանը օրենքի որոշ դրույթներ համարեց Սահմանադրությանը հակասող։ 2014-ի ապրիլի 3-ին կուտակայինի ներդրման ամենաեռանդուն պաշտպաններից մեկը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հրաժարական ներկայացրեց, որից հետո նոր վարչապետ Հովիկ Աբարահամյանի կառավարությունը փորձեց գտնել կուտակայինի խնդիրը լուծելու տարբերակ։ Ընդունվեց մի նախագիծ, ըստ որի, քաղաքացիները հնարավորոթյուն ունեցան դիմում գրել գործատուին ու հրաժարվել համակարգում ընդգրկվելուց։ Սրան զուգահեռ՝ պետական համակարգի բազմաթիվ աշխատակիցներ պարտադիր մաս կազմեցին կենսաթոշակային նոր համակարգին։ Հովիկ Աբրահամյանի ու նրան փոխարինած Կարեն Կարապետյանի կառավարությունները հետաձգեցին համակարգի ներդրումը մինչ 2018-ի հուլիս։

Կենսաթոշակային ֆոնդերը և դրանց կառավարումը

Ներկայում կուտակային համակարգում ընդգրկված է 200 000-ից ավելի քաղաքացի։ Կենսաթոշակային ակտիվները կառավարում են երկու միջազգային ընկերություններ՝ «Ամունդի-Ակբա Ասեթ մենեջմենթը» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիան»։ Ըստ ֆինանսների նախարարության՝ կուտակային ակտիվներն այս պահին կազմում են 120 միլիարդ դրամ, որոնց 70 տոկոսը ներդրված է Հայաստանում։ Հիմնական ներդրուները կատարվում են պետական պարտատոմսերում։ Օրենսդրությունը թույլ է տալիս ակտիվների մինչև 40 տոկոսը շրջանառել արտերկրում, մասնավորապես՝ արժեթղթեր գնել խոշորագույն ընկերություններում և այդպիսով բարձրացնել ակտիվների եկամտաբերությունը։

Կենսաթոշակային ֆոնդերի փորձագետ Սևակ Մանուկյանը, մինչդեռ, վերապահումներ ունի ակտիվների ներդրումների հետ կապված։ Նրա խոսքով՝ հնարավոր է՝ ակտիվներն ուղղել մասնավոր բաժնեմասնակցային ընկերություններ, նաև վենչուրային կապիտալով ֆոնդեր՝  այդպիսով ֆոնդերի ակտիվներն անմիջապես ուղղել դեպի իրական տնտեսություն։ Մանուկյանը մտահոգություն է հայտնում, որ պետությունը ակտիվները կարող է օգտագործել պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար։

Նախկինում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական վերապահումը այն ժմանակվա կառավարության նկատմամբ վստահության ցածր մակարդակն էր։ Թեև այս խնդիրը ներկայում որոշակիորեն լուծվել է, սակայն հունիսի 10-ին որոշ քաղաքացիներ կառավարության նիստի ժամանակ բողոքի ցույց էին անցկացնում՝ առաջարկելով ևս մեկ տարի հետաձգել պարտադիր համակարգի ներդրումը։ Նրանք պահանջում են հնարավորություն տալ քաղաքացիներին ծանոթանալ համակարգին։

Հարցի քննարկումը կրքեր բորբոքեց կառավարության նիստում։ 2014-15-ին թե՛ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Մանե Թանդիլյանը, ով ներկայում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է, խստորեն քննադատում էին համակարգը։ Այն քննադատում էր նաև ՀՅԴ-ական ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանը, ում հետ Փաշինյանը նիստի ժամանակ կոնֆլիկտ ունեցավ, երբ վերջինս վերապահումներ հայտնեց այս հուլիսից համակարգը գործարկելու վերաբերյալ։

Մկրտիչ Կարապետյան