13 հունիս, 2018 20:40

Երկու Վլադիմիրովիչները հանդիպել են

Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ռուսական կողմից ներկա է եղել արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովվը, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը։

Կրեմլի տարածած հաղորդագրությունում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Նիկոլ Փաշինյանին դիմում է որպես Նիկոլ Վլադիմիրովիչ։

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրովիչ, մենք Ձեզ հետ վերջերս ենք հանդիպել, կարծեմ ամսի 14-ին Սոչիում։ Սակայն հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և գործակցության տարբեր ուղղություններում մեծ ծավալը, կարծում եմ, որ մեր հանդիպումները պահանջարկված են» ,- ասել է Պուտինը։

Հատկանշական է, որ նախորդ՝ Սոչիի հանդիպմանը Պուտինը Փաշինյանին դիմել էր Նիկոլ Վովաևիչ, քանի որ Փաշինյանի հոր անունը ռուսական Վլադիմիր անվան կրճատ ձևն է՝ Վովա։ Շարունակելով՝ Պուտինն ասել է․

- Շնորհակալություն, որ եկել եք։ Այժմ մենք միջազգային մարզական միջոցառման շրջանակում հնարավորություն ունենք խոսելու երկկողմ գործերի մասին։ Սկզբում ընդամենը կցանկանայի ասել, որ Հայաստանի առևտրաշրջանառությունում Ռուսաստանը վստահորեն առաջին տեղում է։ Մենք թիվ մեկ գործընկերն ենք առևտրա-տնտեսական ոլորտում։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի ևս հաստատուն աճ կա։ Ի դեպ, դա նշանակալիորեն տեղի է ունենում նաև Ռուսաստան, ռուսական շուկա գյուղմթերքի մատակարարման ավելացումների հաշվին։ Եվ իհարկե, դրական էֆեկտը, դա ակնհայտ փաստ է, տալիս է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ դա մեր երկուստեք գնահատականն է։ Հուսով եմ՝ մենք այսուհետ ևս կշարունակենք ընթանալ այդ ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուրախ է հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ և նրա հետ խոսելու հարաբերությունների ամբողջ համալիրի մասին։ Նա շնորհավորել է Ռուսաստանի տոնը, որ հունիսի 12-ին էր։ Փաշինյանը Ռուսաստանին շնորհավորել է նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար։