13 հունիս, 2018 17:00

Սեյրան Օհանյանը հարցաքննության է կանչվել բանակում չարաշահումների գործով

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հարցաքննության է կանչվել գնումների և բանակաշինության ոլորտում 2014-2017թթ․ չարաշահումների վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով։ Այդ մասին տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեի կայքը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ․ ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Դատախազի համաձայնությամբ՝ որոշում է կայացվել նաև պաշտպանության նախարարության ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնել։ «Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաև ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք»,-նշված է ՊԵԿ հաղորդագրությունում։