15 հունիս, 2018 11:33

Փաշինյանն ու Ալիևը ծանոթացել են

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծանոթությունը։ Ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը գրել է, որ իրենց ծանոթացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ֆուտբոլի խաղից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը փոքրիկ ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով։ Այնտեղ ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Եվ Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց: Մենք ծանոթացանք պարզապես, որևէ ուրիշ խոսակցություն տեղի չունեցավ, որևէ քննարկում, բովանդակային խոսակցություն տեղի չունեցավ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում երեկ ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները:

Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

Հունիսի 13-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Նույն օրը տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպում, որի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է օգոստոսի 30-ին այցելելու Մոսկվա։

Ալիևների ընտանիքը հունիսի 14-ին ներկա է գտնվել «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին։

 

 

 

 

 

Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։