18 հունիս, 2018 17:33

«Պոլոնեզ»-ների հարցով Բելառուսի արձագանքները Հայաստանին չեն բավարարում․ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն այսօրվա ճեպազրույցում անդրադարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ դաշնակից Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համալիրների մատակարարմանը։

«Այդ կապակցությամբ, տեղյակ եք՝ և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային աշխատանքներ են տարվում բելառուսական կողմի հետ: Այն արձագանքները, որ մենք բելառուսական կողմից ստացել ենք մինչ օրս, մեզ չեն բավարարում»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք «Բելառուսում մեր դեսպանի աշխատանքի հետ կապված որևէ արդյունք կա՞», Բալայանը պատասխանեց․ «Դա համակարգային գործընթաց է՝ տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում: Դուք տեղյակ եք նաև, որ մեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է [Արմեն Գրիգորյան - ՍիվիլՆեթ] ընդունել Բելառուսի դեսպանին Հայաստանում և խնդրել է իր գործընկերոջը փոխանցել մեր խորին մտահոգությունը։ Այդ ուղերձները փոխանցվել են նաև բելառուսական իշխանություններին տարբեր ուղղություններով և տարբեր մակարդակներում։ Եվ նորից կրկնեմ. այս պահի դրությամբ այն արձագանքը, որ մենք ստացել ենք բելառուսական կողմից, մեզ չի բավարարում»:

Թեմայի շուրջ ավելին՝ Ալիևը ծանոթացել է բելառուսական «Պոլոնեզ»-ներին. ադրբեջանական կայքեր