Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասված է.
«Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի,
Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ս.թ. հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար:
Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ և Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարևոր էին և բովանդակալից:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարևորում եք իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը և այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, և որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին:
Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները և անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը:
Համոզված եմ, որ այսուհետ ևս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը՝ ի փառս մեր հայրենիքի և ժողովրդի:
Մեկ անգամ ևս ընդունեք իմ երախտագիտությունը և ջերմ բարեմաղթանքները»:
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:
Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը, որին ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:
Փաշինյանի այցի օրը Ստեփանակերտում շարունակվել են բողոքի ցույցերը՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով։