18 հունիս, 2018 14:43

«Մանվել Գրիգորյանն անմեղ է»

Գեներալ Մանվել Գրիգորյանն անմեղ է: Նա անմեղ է ոչ անմեղության կանխավարկածի շրջանակներում, այլև նույնիսկ այն դեպքում, երբ նրա բոլոր մեղքերը կապացուցվեն, և նա կդատապարտվի․ նա անմեղ է, ինչպես նորածինը: Բայց ոչ որպես նորածին:

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ասեմ, որ, դիցուք, Միհրան Պողոսյանը կամ Տիգրան Սարգսյանն անմեղ չեն: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են արել, նրանք սովորական ագահներ չէին: Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտնի էր, որպես պատերազմի գլխավոր թալանչի: Եվ այդ պահից ագահության նրա զգացումը որևէ խոչընդոտի չի հանդիպել, չի եղել որևէ մեկը, որը կչափավորի այդ զգացումը: Որոշ տեղեկություններով նա այգիներ ունի ազատագրված տարածքների հարավային հատվածում: Հարց՝ երբ նա կռվում էր Ղարաբաղում, գիտեր ինչ էր անում, երբ թալանում էր, չգիտե՞ր: Ըստ իս, նա հաղթանակ կռող հրամանատար չի եղել, նա եղել է հաղթանակի մաս: Նա ոչ մարտավար է, ոչ էլ ռազմագետ: Նա պարզապես անվախ մարդ էր: Եվ իր անվախությունը զինվորների համար օրինակ է եղել: Պատերազմում իր դերն ունեցած այդ անվախությունը նա դրեց խաղաղության վզին: Դրեց ոչ որպես իմացյալ հերոս, այլ որպես տոկոսով փող տված մեկը: Խաղաղությունից նա սկսեց հավաքել և՛ տոկոսները, և՛ մայր գումարը: Կրկնում եմ՝ նա դա արեց ոչ որպես իր հերոսության տրամաբանական վարձ, այլ ինչպես ուրիշներն են դիմացինի աչքը մտցնում իրենց լավությունը:

Խաղաղությունը հաճախ ապականվում է այն վարձատրությամբ, որով իրեն գնահատում են հերոսները: Գեներալ Մանվել Գրիգորյանը խաղաղության դաշտում չուներ մի անելիք, որով կշարունակեր լինել հերոս: Խաղաղության կենսատարածքում, որը նաև նրա ձեռքբերումն էր, ինքը ոչինչ չուներ անելու, չափազանց շատ էր աչքի ընկել իր հին գործին՝ «Կռազին», վերադառնալու համար, չափազանց շատերն էին գնահատել նրա դերը այդ պատերազմում: Պատերազմից հետո, երբ դեռ ոչ մի մեջք ուղղված չէր, և ոչ մեկը որևէ մյուսի ինտելեկտուալ արժանիքները դիտարկելու ժամանակ չուներ, Մանվել Գրիգորյանը շռնդալից մտավ «քաղաքականություն»: Բայց որպես մահակ: Այսպես ասած՝ թիկնազոր: Մտավ որպես խաղաղության «ստնտու» Մարս: Այսինքն, բուն դրեց խաղաղության մեջ: Պատերազմի շնչով լցրեց խաղաղության թոքերը: Նա դա անձամբ չարեց: Նրան մտցրեց ռազմական ղեկավարությունը: Որովհետև պատերազմում չմեռած հերոսը պետք է փայ ունենա իր բերած խաղաղությունից, ինչպես Հրայր Թովմասյանն էր մաս ուզում իր գրած Սահմանադրությունից և ստացավ:

Պատերազմում չմեռած հերոսը պետք է փայ ունենա իր բերած խաղաղությունից, ինչպես Հրայր Թովմասյանն էր մաս ուզում իր գրած Սահմանադրությունից և ստացավ

Գեներալ Մանվել Գրիգորյանը միշտ է եղել անմեղ մարդ, նույնիսկ երբ եղել է անպատժելի և գազան: Նա այդպիսին կմնա, երբ կլսի դատավճիռը, երբ դրվագ առ դրվագ կտեղեկանա, թե ինչ հանցանքների համար է մեղադրվում: Նա անմեղ է, որովհետև երբեք չի իմացել՝ ինչ է անում: Որովհետև, եթե իմանար, մարտի 1 չէր լինի: Եթե իմանար՝ այնքան գեղեցիկ հաղթանակով չէր գեշացնի խաղաղության դեմքը: Գեներալը հիմա էլ չի հասկանում, թե իրեն ինչու են ձերբակալել: Եվ չի հասկանալու: Ասում են՝ չիմանալը չի ազատում պատասխանատվությունից: Սա գեներալի մասին չէ: Նա չէր էլ իմանալու, եթե նույնիսկ բոլոր օրենքներով ու բարոյականության բոլոր դասերով դա իրեն տեղեկացնեին ու բացատրեին: Որովհետև նախկին իշխանություններից չափազանց շատերը պետք է պատասխանեն, թե ինչու մի մատ Հայաստանն ունեցավ այդպիսի խոշոր մի գազան, ինչպիսին գեներալն էր։

Գեներալ Մանվել Գրիգորյանը Հայաստանի վերջին 20 տարվա պատմությունն է: Այդ 20 տարին մաքուր իռացիոնալիզմ է: Այդ մարդու ավտոտնակն ու պահեստը, որտեղ պահվում էին արցախյան պատերազմի տղաների համար հավաքած սնունդն ու հագուստը, խաղաղության պահածոյացումն է սեփական նկուղում, այսպես ասած՝ խաղաղության  բանտարկումը, նրա հետ վարվելն այնպես, ինչպես կվարվեր գերու հետ, որի մասին ոչ մի Միջազգային Կարմիր խաչ տեղյակ չէ: Մանվել Գրիգորյանը պետք է իմանա ամեն ինչ: Գոնե մինչև դատապարտվելը: Որ գոնե բոլոր այս արարքներից նրան մնա հաղթանակը, որ տարել է ճակատում: Այլապես պետությունը բույսի է դատելու:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: