20 հունիս, 2018 11:57

Արտոնություն՝ Վահրամ Բաղդասարյանի հիմնադրած ընկերությանը

Կառավարությունը հունիսի 21-ի նիստում նախատեսում է իր ներդրումային ծրագրի շրջանակում հավանություն տալ «Վաբա» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում  վճարվելիք ավելացված արժեքի հարկը երեք տարով հետաձգելու հարցին։

Այս ընկերությունը Վանաձորում նախատեսում է կազմակերպել  հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն։ «Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 2,25 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն ՀՀ դրամ»,- նշված է կառավարության հիմնավորման մեջ։

«Վաբա» ընկերությունը փոխկապակցված է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Ինչպես ավելի վաղ գրել էր Հետք պարբերականը, հանրապետական պատգամավոր Բաղդասարյանը այս ընկերությունը հիմնել էր 2002-ին (այն ժամանակ էլ Բաղդասարյանը պատգամավոր էր)։ Մինչև 2018-ի փետրվար նա ընկերության միակ՝ 100 տոկոսանոց բաժնետերն էր, սակայն ավելի ուշ ընկերության բաժնեմասերը նա փոխանցել է Վանաձորի ավագանու հանրապետական անդամ Վահագն Ավագյանին։ «Վաբան» մասնակցում է նաև պետական գնումների։

Կարկտապաշտպան ցանցի արտադրությունը «Վաբան» իրականացնելու է իտալական Carmac group ընկերության հետ։ Այս տարվա մարտի 29-ին գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանը այցելել էր Լոռու մարզ ու քննարկում անցկացրել կարկտապաշտպան ցանցի արտադրության թեմայով։ Այդ քննարկմանը մասնակցում էր նաև Վահրամ Բաղդասարյանը։

Զառա Պողոսյան

Լուսանկարում՝ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը (ձախից) և Սամվել Ալեքսանյանը