29 հունիս, 2018 15:58

Լարված իրավիճակ Ջերմուկի խաչմերուկում․ Լիդիանի աշխատակիցներն ընդդեմ բնապահպանների

Հունիսի 29-ի առավոտից Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցները փակել են Ջերմուկ տանող ճանապարհի խաչմերուկը։ Նրանք նշում են, որ դեպի հանքավայր տանող ճանապարհը քանի օր է՝ փակ է, դրան ի պատասխան՝ իրենք էլ փակել են այս ճանապարհը։ Ճանապարհին կանգնած է մեկ մեծ բեռնատար ու Լիդիան ընկերության տարբերանշանով մեկ Ուազ։

ՍիվիլՆեթի լրագրողը հայտնում է, որ բավական շատ մարդ կա, որ ցանկանում է անցնել փակ ճանապարհով, Լիդիանի աշխատակիցները չեն թողնում, ինչի արդյունքում վիճաբանություններ են լինում, սակայն տեղում գտնվող ոստիկանական ուժերը մինչ այժմ կարողանում են վերահսկել իրավիճակը։

Լիդիանի աշխատակիցներն ասում են, իրենց այս գործողությունը պատասխանն է այն բանի, որ 15 օրվա ընթացքում տարբեր օրերի բնապահպաններն ու Ամուլսարի հարակից շրջանների բնակիչները փակել են դեպի իրենց աշխատավայր տանող ճանապարհը։

Որպես հակափաստարկ բնապահպաններին՝ նրանք նշում են այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բացել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն իրականացնում է Լիդիան Արմենիա ընկերությունը։

Գևորգ Թոսունյան, Ջերմուկի ճանապարհից