30 հունիս, 2018 16:41

Կեսարից մինչև Բոնապարտ, ՀԱԲ-ից մինչև Վազգեն ու Մանվել

Կարպիս Փաշոյան

Ցանկացած պետության համար պատերազմը աղետներով լեցուն լրջագույն մարտահրավեր է կամ էլ՝ առանձին, բայց համակցված մարտահրավերների ամբողջություն: Իհարկե, որպես ճգնաժամ հանրույթների համար այն էպիկենտրոնային նշանակություն ունի, բայց նույնիսկ կարևորության և ընդգծվածության այսպիսի պայմաններում գրեթե բոլոր հետազոտողները միաձայն են այն հարցի շուրջ, որ հետպատերազմյան իրավիճակները ոչ պակաս ճգնաժամային են:

Խնդիրն այն է, որ պատերազմի մարտահրավերը հաղթահարած հանրույթները հրդեհի մարումից հետո ստիպված են լինում դիմակայել մեկ այլ լրջագույն մարտահրավերի, որն է՝ պատերազմի հետևանքների հաղթահարումը: Սա լրջագույն խնդիր է, որն ընդգրկում է հասարակական կյանքի բացառապես բոլոր ոլորտները՝ տնտեսականից մինչև հոգեբանական նեղ ու չերևացող տիրույթները:

Համանման խնդիրների առջև կանգնել ու կանգնում են անգամ ամենազարգացած պետությունները: Ասվածի լավագույն ապացույցն է ԱՄՆ-ը 1945-ից հետո, որը մեծագույն ջանքեր ու ռեսուրսներ ծախսեց տնտեսությունը պատերազմական ռելսերից տեղափոխելու և նոր իրավիճակին համապատասխան գործարկելու ուղղությամբ:

Հետպատերազմյան շրջափուլի կարևորագույն հիմնախնդիրներից է պատերազմից վերադարձած զինվորականներին հանրային կյանքի մեջ ադապտացնելն ու նրանց կարիքների բավարարումը: Եվ հարցը չի սահմանափակվում միայն վետերաններին թոշակներով, աշխատանքով և նոր հետաքրքրություններով ապահովելու շրջանակում: Բանն այն է, որ պատերազմի զորահրամանատարների մի մասը, ռազմաճակատում հերոսանալով, վերադառնում են քաղաքական և տնտեսական ձգտումներով՝ փորձանք դառնալով տվյալ պետության համար: Հիմնախնդիրը հաճախ կարող է փոխակերպվել արկածախնդրության, որը կազմաքանդում է պետության և հանրույթի բնականոն կյանքը:

Սրանից զատ, քաղաքական իշխանության և զինվորական հրամանատարության փոխհարաբերությունները որպես կանոն երբեք էլ հարթ չեն լինում, ինչ-որ էնդոգեն կոնֆլիկտ կա այդ երկու «վարնաների» միջև, որը հաճախ փոխակերպվում է սուր դիմակայության: Ասվածի լավագույն և դասագրքային օրինակը ԱՄՆ-ումՏրումեն-Մակարթուր դիմակայությունն էր: Հասկանալի է, որ Տրումենը ԱՄՆ-ի պատմության լավագույն նախագահներից չէր, բայց գեներալն էլ չարաշահում և շահարկում էր իր հերոսական կարիերայի փաստը և դրա վրա հիմնվելով՝ կարող էր իրական արկածախնդրություն դառնալ Սպիտակ տան համար: Ի դեպ, ԱՄՆ-ում նմանատիպ կոնֆլիկտ արձանագրվեց նաև բոլորովին վերջերս նախկին նախագահ Բարաք Օբամայի և գեներալ Սթենլի Մակկրիստալի միջև՝ իհարկե ոչ այդ նույն սրությամբ:

Պատերազմի արդյունքում որպես կանոն ձևավորվում է պատերազմական բյուրոկրատիա, որն էլ իր հերթին նպաստում է ուժային կառույցների բացարձակ հեգեմոնիայի ամրապնդմանը: Ուժայինները սկսում են տիրապետող դիրքեր զբաղեցնել հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ իրական սպառնալիք դառնալով դասական քաղաքական համակարգի համար:

Ի՞նչ անել պատերազմից վերադարձած հերոսների հետ

Վերևում նկարագրված գրեթե բոլոր խնդիրները տարբեր ժամանակաշրջաններում դրսևորվել են նաև Հայաստանի Երրորդ Հանրապետությունում: Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ռազմաճակատից վերադարձան մեծ թվով դաշտային հրամանատարներ, որոնք, մեծագույն ներդրում ունենալով ռազմական գործողություններում, երկրի ներքաղաքական կյանքում փոխակերպվեցին վտանգավոր գործոնի: Գործող իշխանություններին հազիվ էր հաջողվել չեզոքացնել ՀԱԲ-ի դիմակայությունը, և ահա՝ մի նոր մարտահրավեր, որը ոչ պակաս վտանգավոր էր ու ինչու չէ՝ նաև որոշակիորեն անվերահսկելի: Խնդրի կարգավորման համար իշխանությունները որդեգրեցին հրամանատարներին աստիճանական կերպով ադապտացնելու քաղաքականություն:

Կարծես թե այլ ելք չկար, զինվորականները խաղաղ պայմաններին և բնականոն կյանքին ադապտեցվելու նպատակով ներքաշվեցին քաղաքականության և բիզնես ոլորտները: Երբեմնի զինվորական համայնքը իշխանությունների ձեռքին նաև զորեղ լծակ էր ընդդիմությանը ճնշելու նպատակով: Այսինքն, իշխանությունները մի կողմից վերահսկում էին նրանց, մյուս կողմից՝ ծառայեցնում իրենց շահերին: Ըստ ամենայնի, սա էր լուծումը, որը հաջողեց մասնակիորեն, քանի որ նախկին որոշ հրամանատարներ ի վերջո փորձանք դարձան հենց իշխանությունների և պետության համար: Ի դեպ, նմանատիպ խնդրի առջև ժամանակին կանգնել է նաև Ադրբեջանը:

Երևի թե պատերազմում Արցախի հաջողությունները պետք է պայմանավորել նաև հենց այդ հանգամանքով, քանի որ ռազմական գործողությունների ամենաթեժ պահին Ադրբեջանում երկպառակություններ սկսվեցին, ռազմաճակատից զորքեր տեղափոխվեցին Բաքու և այսպես շարունակ:

Մանվել Գրիգորյանը պատերազմից վերադարձած զինվորական համայնքի ամենաակնառու ներկայացուչիչներից էր, որի քմահաճույքները բավարարելու նպատակով իշխանությունները ստիպված էին նրան բդեշխի կարգավիճակ տալ, իսկ մյուս կողմից՝ օգտագործել նրա ռեսուրները իրենց շահերի համար: Բայց գեներալն այդպես էլ չկարողացավ ադապտացվել կյանքի խաղաղ պայմաններին և իր զինակիցների հետ միասին իրական մարտահրավեր դարձավ Հայաստանի քաղաքական համակարգի և հանրության համար:

Այսպիսի օրինակները բազմաթիվ են, բայց մենք կանգ ենք առնում միայն Գրիգորյանի դեպքի վրա՝ հաշվի առնելով վերիջին աղմկոտ իրադարձությունները:

Այսպիսով պատերազմից վերադարձածների հիմնախնդիրը եղել է Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենակնճռոտ թեմաներից մեկը, որի մնացուկները կենդանության նշաններ են ցույց տալիս նաև այսօր:

Պաշտպանության նախարարների հեգեմոնիան ներքաղաքական կյանքում

Հարթ չեն եղել նաև քաղաքական իշխանություն-բանակ հարաբերությունները, իհարկե՝ ոչ այն ընդգրկվածությամբ, ինչն առկա է Եգիպտոսում կամ Թուրքիայում, քանի որ Հայաստանում երբեք այդպիսի ազդեցիկ զինվորականություն չի եղել:

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը բանակի ռեսուրսների հաշվին 1998 թ․ պալատական հեղաշրջում իրականացրեց։ Ակնհայտ էր, որ հենց այդ ռեսուրսի միջոցով նա հետագայում փորձելու էր ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում, բայց վրա հասավ հոկտեմբերի 27-ը, և բոլոր ծրագրերը ձախողվեցին։

Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց որոշակիորեն ապաքաղաքականացնել բանակը` հեռացնելով բարձրաստիճան մի շարք զինվորականների: Մասնավորապես՝ պաշտոնից հեռացվեց նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Բայց Քոչարյանը հաջողեց մասնակիորեն, քանի որ 2008 թ. բանակի մի հատվածը վերստին ընդվզեց: Այսինքն՝ բանակի քաղաքական հավակնությունները արմատախիլ չարվեցին, և 2008-ին ընդվզման փորձ արեցին գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Գուրգեն Մելքոնյանը։ Բացի այդ, Քոչարյանի կառավարման ողջ ժամանակաշրջանում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բանակի միջոցով ամրապնելով իր դիրքերը, աստիճանաբար նախապատրաստվում էր վերցնելու իշխանությունը: Ստացվեց։

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը բանակի ռեսուրսների հաշվին 1998 թ․ պալատական հեղաշրջում իրականացրեց։ Ակնհայտ էր, որ հենց այդ ռեսուրսի միջոցով նա հետագայում փորձելու էր ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում

Սկզբում նախարար նշանակվեց Միքայել Հարությունյանը, որը թույլ ֆիգուր էր, այնուհետև նրան փոխարինեց Սեյրան Օհանյանը, որը ոչ միայն հավատարմորեն ծառայեց Սերժ Սարգսյանին, այլև լուրջ քայլեր իրականացրեց բանակի ապաքաղաքականացման ուղղությամբ:

Բայց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը և սահմանադրական փոփոխությունները նորից փոխեցին իրավիճակը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ըստ էության իշխանությունը ժառանգելու հայտ ներկայացրեց կամ նոր ձևավորվող համակարգում շոշափելի ներկայացվածություն ունենալու փորձ արեց։ Սերժ Սարգսյանը դեռ բնում փորձեց խեղդել այդ հավակնությունները։ Նա հեռացրեց Օհանյանին, նշանակեց վերահսկելի Վիգեն Սարգսյանին, իսկ առանցքային այդ պաշտոնը վերածեց ավելի շատ ռազմադիվանագիտական-մենեջերային հաստիքի՝ մեծ լիազորություններ շնորհելով գլխավոր շտաբին:

Այսինքն՝ Սարգսյանը մի կողմից փորձեց վերահսկելի դարձնել պաշտպանության նախարարի պաշտոնը՝ կտրելով նրան բանակի լծակներից, մյուս կողմից ապաքաղաքակացրեց բանակը, որպեսզի վերջինս երբևէ չսպառնա իր իշխանությանը։ Սերժ Սարգսյանի պատկերացումներով՝ Սեյրան Օհանյանը վերջին ուժեղ պաշտպանության նախարարն էր, որը կարող էր քաղաքական հավակնություններ ունենալ:

Եթե մի պահ կտրվենք ներհայկական իրականությունից, ապա կտեսնենք, որ նման խնդիրներ առկա են եղել պատմական գրեթե բոլոր ժամանակաշրջաններում և գրեթե բոլոր հանրույթներում:  Տեղին կլինի մատնանշել մի քանի օրինակ, որոնց միջոցով հնարավոր կլինի ամբողջացնել քննարկվող խճանկարը:

Զինվորականներն իսլամիստների դեմ

Զինվորականների մասնակցությամբ չափազանց լուրջ և ընդգրկուն հակամարտություն կարող ենք տեսնել մուսուլմանական գրեթե բոլոր երկրներում: Այստեղ տարբերությունն այն է, որ գեներալները ոչ թե էնդոգեն դիմակայության մեջ են քաղաքական իշխանությունների հետ, այլ պարզապես գրեթե բոլոր տեղերում, վերցնելով իշխանությունը, դիմակայության մեջ են հայտնվել իսլամական տարրերի հետ: Ասվածի լավագույն վկայությունն են Եգիպտոսն ու Թուրքիան:

Եգիպտոսում փոխգնդապետ Նասերից սկսած՝ երկրի զինվորական իշխանությունները մշտական բախման մեջ են եղել իսլամիստների հետ: Նասերի դեմ մահափորձ կազմակերպվեց, Սադաթը սպանվեց, իսկ Մուբարաքն էլ գահնկեց արվեց, և իշխանության եկան հենց Մուսուլման եղբայրները: Վերջիններս էլ ի վերջո տապալվեցին հենց զինվորականների միջամտությամբ:

Թուրքիայում էլ պարբերաբար զինված հեղաշրջումներ են տեղի ունեցել: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպիսի վճռականությամբ էր նախագահ Էրդողանը փորձում հնազանդեցնել բանակը՝ արմատախիլ անելով քեմալական-ավանդական գվարդիան, այն է՝ Հանրապետության «պահապաններին»:

Ստալինի մարշալները

Պատերազմից վերադարձած զինվորականների հիմնախնդիրը կար նաև Խորհրդային Միությունում: Ստալինի առաջնային թիրախները հենց զինվորականներն են եղել: Խորհրդային առաջնորդը նրանցից մշտապես վտանգ է զգացել և իրավամբ չի էլ սխալվել: Թերևս սա էր պատճառը, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինը պարզապես գլխատեց բանակը և ամենակարևորը՝ հաշվեհարդար տեսավ Քաղաքացիական պատերազմի հերոս մարշալ Տուխաչևսկու հետ: Բայց զինվորականների նկատմամբ ռեպրեսիաների այս դրսևորումները դեռևս ծաղիկներն էին:

Պատերազմից վերադարձավ զինվորականների մի ամբողջ աստղաբույլ՝ էլիտա, կաստա, ինչպես ուզում եք անվանեք: Դրանք Ստալինի մարշալներն էին: Ի՞նչ անել դրանց հետ, պատերազմի հերոսներ, ֆաշիզմի դեմ պայքարում սխրանքներ գործած հանճարեղ զորահրամանատարներ, որոնք սիրված էին ինչպես զինվորների, այնպես էլ ժողովրդի կողմից:

Հետազոտողներից շատերը մատնանշում են Մոսկվայի զորահանդեսը, որը գլխավորում էր Ժուկովը՝ սպիտակ ձիու վրա նստած: Շատերը պնդում են, թե ազդեցիկ այդ տեսարանից հետո Ստալինի ատելությունը կրկնապատկվել էր: Արդյունքում Կարմիր բանակի հրամանատարների նկատմամբ ռեպրեսիաների լայնածավալ ալիք սկսվեց, և Ստալինի մարշալների զգալի մասը կա՛մ չեզոքացվեց, կա՛մ գնդակահարվեց:

Բոնապարտիզմ

Զինվորականները վտանգավոր են հատկապես հեղափոխական ալիքների ժամանակ: Տարածված երևույթ է «բոնապարտիզմը»:

Գեներալ Բոնապարտը վերադարձավ Փարիզ և ուժի ու ճնշման գործադրմամբ վերցրեց իշխանությունը՝ հետագայում լեգիտիմացնելով այն: «Բոնապարիզմի» մեջ մեղադրում էին նաև Լև Տրոցկուն՝ Կարմիր բանակի հիմնադրին: Երևի թե ճիշտ էլ անում էին, բայց «հեղափոխության հրեշը» «խոհեմություն» դրսևորեց և բանակը չխառնեց ներքաղաքական պայքարին: Արդյունքում հաղթեց հեղափոխական փտած բյուրոկրատիան:

Ի դեպ, «Բոնապարտիզմի» վտանգ նշմարվեց նաև հայկական հեղափոխության ժամանակ: Ապրիլի 23-ին հեղափոխության ամենաթեժ պահին հրապարակներում ու փողոցներում մեծ թվով զինվորականների տեսանք, որոնք լքել էին իրենց մշտական տեղակայման վայրերը: Ի՞նչ կլիներ, եթե նախադեպն այդ վարակիչ ազդեցություն ունենար և տարածվեր ողջ բանակում: Վստահաբար բանակը կպարալիզացվեր, իսկ բարձրագույն հրամանատարությունն էլ ստիպված կներքաշվեր հեղափոխական պայքարի մեջ: Հետևանքների մասին կարող եք ինքներդ դատողություններ անել:

Կեսարը դավաճան էր

Զորահրամանատարների քաղաքական ձգտումներն ու դրանց համապատասխան դրսևորումներն իհարկե նոր երևույթներ չեն: Ռազմաքաղաքական նման ակտեր կարելի է տեսնել պատմական ցանկացած ժամանակաշրջանում՝ պետությունների և պետական ինստիտուտների ձևավորումից ի վեր: Նշենք Հռոմի Հանրապետության պրակտիկան, որը առնվազն մի քանի անգամ ստիպված է եղել դիմակայել այդպիսի մարտահրավերների: Կոռնելիուս Սուլլան և Հուլիսոս Կեսարը ընթացան հենց այդ ճանապարհով:

Երկու դեպքում էլ զորահրամանատարների ոչ այնքան հաշվենկատ քաղաքականության արդյունքում պետությունը ենթարկվեց խորը ցնցումների՝ հայտնվելով անհաղթահարելի թվացող ճգնաժամի մեջ: Հռոմի պատմության մեջ առաջին անգամ Սուլլան գրավեց Հռոմը՝ դառնալով իշխանության ուզուրպատոր:

Կեսարի գործունեությունն ու նրա սպանությունը շատերին է հայտնի: Չգիտես ինչու, մարդկանց մոտ տարածված է այն մտայնությունը, թե նրան սպանողները դավաճաններ էին: Իրականում, հենց Կեսարն էր դավաճանը, դավաճան ոչ թե հետազոտող պատմագետի աչքերով, այլ հենց հռոմեացիների, քանի որ զորահրամանատարը համարձակվել էր ձեռք բարձրացնել Հանրապետության վրա, նրա իշխանությունը լեգիտիմ չէր, իսկ այդ դեպքում դատավճիռը մեկն է՝ մահ:

․․․

Իհարկե, զինվորականություն-քաղաքական իշխանություն հարաբերությունների, ինչպես նաև պետարազմից վերադարձած զինվորականների հիմնախնդրի մասին երկար կարելի է խոսել, պատմական ահռելի նյութ կա մեզ հետաքրքրող թեմայի մասին, բայց, չխորանալով պատմության մանրամասների մեջ, սահմանափակվենք միայն այսքանով:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: