2 հուլիս, 2018 16:13

Նախկին ռեժիմը և պայքարող քաղաքացիները

Թավշյա հեղափոխության մեջ իրենց լուրջ ավանդը ունեցան մեզ այս անունով հայտնի՝  «քաղակտվիստները»՝ քաղաքացիները։ Սկսած 2004 թվականից Հայաստանում տեղի են ունեցնել տարբեր տեսակի քաղաքացիական շարժումներ: Շարժումներից մի քանիսը հասան իրենց առջև դրված նպատակներին, մյուսները՝ չհասան, բայց ունեցան լուրջ ազդեցություն քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման վրա։ Այժմ բոլորն են ընդունում, որ Թավշյա հեղափոխությունը հասունացրին նաև հենց այդ բոլոր շարժումները։ Թավշյա հեղափոխությունն այդ ամեն շարժման ժամանակ, ամեն մի քաղաքացու հնչեցրած բողոքի ու քայլի արդյունքն էր։ Այժմ, երբ կարող ենք ասել, որ թևակոխել ենք Երրորդ հանրապետության զարգացման նոր փուլ, կարիք կա հետ նայելու և հասկանալու, թե ակտիվ քաղաքացիների առջև ինչ խոչընդոտներ էին դնում նախկին իշխանությունները և ինչ մեթոդներ էին կիրառում նրանց դեմոտիվացնելու, ձայնը ճնշելու համար։ Հուսով եմ, որ նման մեթոդներ Հայաստանում այլևս երբեք չեն օգտագործվի, բայց իմանալն ամեն դեպքում չի խանգարի։

Համալսարանում օգտագործվող մեթոդները

Կախված, թե ինչ ոլորտ էր ներկայացնում և ինչ կարգավիճակ ուներ տվյալ քաղաքացին, նրա դեմ օգտագործվող նախնական մեթոդները լինում էին տարբեր։ Թեպետ կարող ենք սկսել ուսանողներից։ Եվ այսպես, եթե այնպես է ստացվում, որ համալսարանական ուսանողն ինչ-որ բանից դժգոհում է իր կուրսում, ֆակուլտետում, համալսարանում կամ ընդհանրապես երկրում, նրան միանգամից նվազագույնը հիշում են դեկանատում։ Դեկանատում տեղի ունեցող զրույցները լինում են տարբեր՝ սկսած բարոյախրատականից, «հայրական» և «մայրական» կոչերից, վերջացրած սպառնալիքներով և ուսանողի արժանապատվությունը վիրավորող խոսակցություններով։ Դեկանատներն այս գործում նույնիսկ հմտացել են․ տվյալ ուսանողին «սանձելու» համար գործի է դրվում համալսարանում հայտնի «ավագների ինստիտուտը», որը պետք է դեկանատին զեկուցի տվյալ ուսանողի հաճախելիության, լսարանում արած հայտարարությունների և նրան «հանցակից» դարձած դասախոսների մասին։

Դեկանի սենյակում ուսանողներին, կախված իրենց կարգավիճակից, տարբեր առաջարկներ են արվում․ եթե լավ է սովորում, ասում են․ «Բա չե՞ս վախենում, որ դասի չգաս, առաջադիմությունդ կտուժի, էլ գերազանցիկ չես լինի, անվճար ուսուցումից կզրկվես, կամ չե՞ս մտածում, որ շատ բացակա ստանաս, կվտանգես համալսարանական կրթությունդ»։

Եթե ուսանողը լավ է սովորում, անում են նույնիսկ առաջարկներ ֆակուլտետում վերջինիս «լավ նայելու» և հետագայում նրա առաջխաղացումն ապահովելու համար։ Դեկանատների այս աշխատանքն ուսանողի կողմից ընդդիմության հանդիպելու դեպքում ստանում է հետևյալ պատասխանները՝ «համալսարանը ապաղաքակական կառույց է», «դե մենք մեղավոր չենք, մեզ վերևինց են ասել», «դե մի հատ թուղթ բերեցին, քո անունն էլ մեջը կար»։

Եվ այս ամենը տեղի է ունենում բուհերում, որոնք փաստորեն անկախ միտք խթանելու փոխարեն ուղղակի ճնշում են այն ունեցողին։

Շարունակենք։ Եթե մեր հերոսը հաղթահարում է ներֆակուլտետային պայքարը, ապա նրա նկատմամբ հետաքրքությունը մեծանում է, բարձրանում են  նրանով հետաքրքրվող մարդկանց պաշտոնները, իսկ արվող առաջարկները լինում են ավելի «գրավիչ» և «գայթակղող»։  Նրան սկսում են հիշել ռեկտորատից ու համալսարանի մեր շատ սիրելի Հատուկ բաժնից։ Այս տարածքներում խոսակցությունները բավականին «խորն» են և «զգացմունքային»՝ «քո մասին չես մտածում, գոնե պապայիդ ու մամայիդ մասին մտածիր ու վերջապես՝ արի՛ չմոռանանք փակ սահմաննների, Ադրբեջանի հետ պատերազմի մասին»։

Արդյունքում լինում են մարդիկ, ովքեր շարունակում են պայքարը, բայց լինում են նաև ուսանողներ, ովքեր ուղղակի հիասթափվում են ու ժամանակավորապես կասեցնում իրենց քաղաքացիական ակտիվությունը։ Անձամբ եմ ականատես եղել դեկանատներից դուրս եկած ջղայնացած, ոգևորված, բայց նաև հուսալքված ու լացող ուսանողների։ Ներհամալսարանական իրողությունները ներկայով եմ գրել, քանի որ համալսարաններում այս առումով դեռ բան չի փոխվել։  Անցնենք առաջ։

Բակը և հարևանները

Ճնշման մյուս տարածքը, կախված քաղաքացուց, կարող է լինել բակը։ Բակում, թաղում հիմնականում ընտրություններիի ժամանակ «մեծ ակտվություն» ցույց տված, բակում համեմատաբար շատ ժամանակ անցկացնող քաղաքացիները սկսում են հարցնել․ «Բա էդ ինչի՞ դեմ եք բողոքում,  հա լավ մեկ ա ի՞նչ պիտի փոխվի»։

Սիրալիր և ընկերական բնույթի խոսակցությունից հետո արդեն գալիս են հարցեր ընտանիքի հետ կապված․ «Բա պապան ի՞նչ ա անում, բա մամա՞ն, բա քույ՞ր, ախպե՞ր դեմ չեն իրենք էս քո ակտիվությանը»։ Հաջորդ օրը բակի այս ժողովրդի ու մեր հերոսի միջև տեղի էր ունենում հետևյալ խոսակցությունը։

-Բա գիտե՞ս, էսօր քեզնից էին հարցնում։

-Ո՞վ։

-Դե վերևներից, չես ճանաչի։

-Ի՞նչ էին հարցնում։

-Դե կոնկրետ տենց ինչ-որ բան չէ, զուտ հետաքրքվում էին՝ ինչ մարդ ես, ինչ ես անում։ Բայց դու ամեն դեպքում զգույշ եղիր։

Ու այդտեղ մեկ էլ մեր հերոսին մոտենում են նրա հարևանները ու հարցնում․ «Բա չիմացար, էսօր եկել էին մեր տուն ու քեզնից էին հարցնում»։ Այս նույն հարևանները սկսում են իրենց մտահոգություններով կիսվել մեր հերոսի ծնողների հետ ու խորհուրդներ տալ․ «Դե թող հանգիստ մնա էլի, ի՞նչ ա ուզում, մի օր մի հատ փորձանք կբերի սաղիս գլխին»։

Հարևաններին այցելում էր թաղայինը, ԱԱԾ-ն, թե բակում ինչ-որ մեկը, ով ցանկանում էր զբաղվել ինքնագործունեությամբ՝ արդեն կախված է դեպքերից։ Արդյունքում մեր հերոսը հայտնվում էր բակի ժողովրդի ուշադրության կենտրոնում, ընտանիքում առաջանում էր լարված իրավիճակի ռիսկ։ Ոմանք նրան սկսում են համարել պայքարող, ոմանք խառնակիչ, ումից պետք է հեռու մնալ, ոմանք՝ միամիտ, ով լիքը բան չգիտի ու չհասկանալով ինչ-որ բաներ է անում։

Ընտանիք և հարազատներ

Եթե մեր հերոսի ծնողներից մեկը կամ վատագույն դեպքում երկուսը աշխատում են պետական ապարատում, ապա մեր հերոսը հայտնվում է շատ անբարենպաստ պայմաններում։ Այն, որ ՀՀԿ-ն ու պետական ապարատը սերտաճած էին, փաստ է։ Այս պարագայում տան մթնոլորտը լարվում է․ եթե պայքարող քաղաքացին երիտասարդ է, ապա ծնողները անհարմար են զգում հետ պահել նրան իր արդար պայքարից, բայց միևնույն ժամանակ չեն ցանկանում կորցնել աշխատանքը, որի միջոցով հոգում են ընտանիքի ծախսերը։ Մեր հերոսն իր հերթին չի ցանկանում, որ ծնողներն իր պատճառով խնդիրներ ունենան, ու ցավալի է,  բայց հաճախ, եթե ծնողները դեմ են պայքարին, ասում են․ «Կա՛մ մենք, կա՛մ քո պայքարը, գնա՛ որոշիր»։

Բարդ չէ պատկերացնել՝ ինչ ծանր վիճակում է հայտնվում մեր հերոսը։ Բայց նախկին ռեժիմը, եթե տեսնում էր, որ ընտանիքի անդամներից ոչ ոք պետական ապարատում չի աշխատում, փորձում էր գտնել հեռու ու մոտ բարեկամների, հայրիկի և մայրիկի հին և նոր ընկերներին, ովքեր, տարբեր շահերից ելնելով, սկսում էին մեր հերոսին ու նրա ընտանիքին ավելի հաճախ հիշել ու ասել․ «Աչքիս ինչ-որ վատ ազդեցությունների տակ ա երեխեն, իրան պետք ա բերել իրականություն»։ 

Արի ու այդ մարկանց բացատրիր, որ երեխան լավ էլ իրականությունում է,  պարզապես ընդամենը ցանկանում է մի քանի բան փոխել այդ իրականությունում։ Եվ այսպես անցնում ենք մյուս մակարդակ։

Ոստիկանություն

Եթե վերոնշյալ մեթոդները չէին աշխատում, ոստիկանները մեկ էլ պատահաբար բերման էին ենթարկում մեր հերոսին։  Բաժնում սկսում էին հարցեր տալ ընատնիքից, անձնական կյանքից, կյանքի իմաստից։ Հետո կամաց-կամաց անցնում էին բուն թեմային․ «Իսկ ինչի՞ ես բողոքում, դե ինչ կա կա, որ մենք պաշտոնյա լինենք, մենք էլ կաշառք կվերցնենք»։ Եղել են նաև դեպքեր, երբ ֆիզիկական բռնություն ու սպառանլիքներ են գործադրել։ Իսկ հիմա գալիս ենք ամենահետարքրիր պահին։ Այսքանից հետո, եթե գալիս է իրավաբան, կամ եթե մեր հերոսը հարցնում է, թե իրեն ինչ հիմքով են բերման ենթարկել, ոստիկանները ասում էին, թե մեր հերոսի բակում գողություն է եղել, և իրենք ստուգումներ են անում։ Որպես հիմք կարող էր լինել նմանատիպ արտաքինը և մեքենան։ Ունեցել ենք նաև բազմաթիվ դեպքեր, երբ ուղղակի ծիծաղելի հիմքով քաղաքացիները զրկվել են ազատությունից։

Մամուլի և  համացանցի օգտագործում

Եթե վերոնշյալ մեթոդները չեն աշխատում, սկսվում է «օնլայն հարձակումը»։ Մեր հերոսի մասին սկսում են սուտ լուրեր տարածել, փորձում են պիտակավորել, անվանելով՝ գրանտակեր, արվամոլ, հոգեբանորեն անհավասարակշիռ, լրտես, ամուսնացած-բաժանված անսուրբ էակ, հենց ՀՀԿ-ից ուղարկված մարդ և այսպես շարունակ։ Հրապարակվում են հոդվածներ՝ զազրելի բովանդակությամբ։ Հետո արդեն հրապարակ են գալիս  ֆեյք էջերը, որոնք իրենց հերթին տարբեր տեսակի վիրավորանքներ ու հայհոյանքներ են տալիս քաղաքացուն նրան հունից հանելու ու սադրելու համար։ Մեր հերոսը նաև հայտնվում է մի շարք լրատվականների ուշադրություն կենտրոնում, որոնք համակարգված, օրը մի քանի անգամ ամեն կերպ ուղղակի փորձում են կապ հաստատել նրա հետ, տալ երկիմաստ, սադրիչ հարցեր, իսկ հետո արդեն աղավաղել ու աղճատել նրա խոսքերը։

Խուլիգանություն և ֆիզիկական ուժի գործադրում

Նախկին ռեժիմի գործիքակազմում կար նաև ուժով և ծեծով վախեցնելու տարբերակը։ Ցավոք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ պայքարող և ակտիվ քաղաքացուն ծեծի են ենթարկել՝ հասցնելով լուրջ վնասվածքներ ու կոտրվածքներ։

Սա քաղակտվիստների դեմ օգտագործվող մեթոդների միայն մի մասն էր, բայց այն բավական լավ ցույց է տալիս նախկին ռեժիմի հակաժողովրդավար և կրիմինալ էությունը։ Կարևոր է ֆիքսել, թե որքան կառույցներ են ներգրավվել այս պրոցեսի մեջ, որքան իրավունքներ են ոտնահարվել, որքան մարդիկ են կոտրվել, բայց նաև որքան մարդիկ են շարունակել պայքարը։

***

Արդարության հաստատման համար պայքարի ճանապարհը, որը շատ քաղաքացիներ անցել են, լի է եղել բազմաթիվ բացասական տարրերով ու փորձություններով, բայց մեծ հաշվով ամեն մի պայքար, ամեն մի բողոք, ամեն մի քայլ թուլացրեց նախկին ավտորիտար ռեժիմին ու հնարավորություն տվեց, որ մեկ առավոտ հայերս զարթնենք ժպիտով, ներկայի ու ապագայի հանդեպ մեծ հույսերով։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: