4 հուլիս, 2018 15:55

Ինչպես ադրբեջանական հանրությունն արձագանքեց Թավշյա հեղափոխությանը․ զրույց Շահին Ռզաևի հետ

Հրադադարը կախված է շատ բարակ մազից, և ամենափոքր սադրանքը կարող է մեծ միջադեպ հրահրել։ Մոտ ապագայում կարգավորման հեռանկար չեմ տեսնում․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանցի լրագրող, JAMnews կայքի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը։ Նրա կարծիքով՝ նախիջևանյան միջադեպը յուրօրինակ «փորձնական փուչիկ» էր, Հայաստանի նոր իշխանությունների արձագանքի ստուգում։

 

 


- Ադրբեջանական հանրությունն ինչպե՞ս արձագանքեց հայաստանյան Թավշյա հեղափոխությանը։

- Սկզբից մեծ հետաքրքրությամբ էին հետևում, շատերը սպասում էին, որ շուտով իշխանությունները բռնաճնշումների կդիմեն, և անգամ կարող է արյունահեղություն լինել։ Երբ Սարգսյանը հրաժարական տվեց, հետաքրքրասիրությունը փոխարինվեց զարմանքով։ Ինչպե՞ս թե։ Հենց այդպես իշխանությունը հանձնեց այդ դուրսպրծուկի՞ն։ Կարելի՞ է այդպես։ Բազմաթիվ դավադրության տեսություններ էին առաջ բերվում, թե ով է կանգնած Փաշինյանի հետևում՝ Արևմուտքը, Ռուսաստանը, Սփյուռքը, թե այլք։ Որոշ ժամանակ անց՝ Լեռնային Ղարաբաղ Փաշինյանի այցից հետո, նրա հանդեպ վերաբերմունքը դարձավ է՛լ ավելի բացասական։ Ընդ որում, կա նաև այնպիսի կարծիք, թե Փաշինյանը ժամանակավոր ֆիգուր է։ Մավրն արեց իր գործը, մավրը շուտով կհեռանա, կլինեն նոր ընտրություններ, և այդ ժամանակ կգա իսկական «Տերը»։ Հենց նրա հետ էլ կարելի է բանակցել։ Իսկ Փաշինյանին ավելի շուտ համարում են պոպուլիստ, որն անհրաժեշտ էր միջանկյալ փուլում։

- Ինչպիսի՞ն են այսօր հանրային տրամադրություններն Ադրբեջանում, հնարավոր համարո՞ւմ եք հայաստանյան սցենարի կրկնություն Ադրբեջանում։

- Ադրբեջանում հանրային տրամադրություն հասկացությունը հարափոփոխ է։ Հենց այսօր հանրության շրջանում կա շատ մեծ դժգոհություն իշխանություններից՝ պայմանավորված սոցիալական խնդիրներով, էներգետիկ ճգնաժամով, որը Մինգեչաուրի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի արդյունք է։ Սակայն որևէ զանգվածային բողոք չկա և չի էլ նախատեսվում։ Հայաստանյան (և ավելի վաղ՝ վրաստանյան) սցենարի կրկնության համար նախադրյալներ չկան։ Իշխանությունները նախօրոք անցկացրել են բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները՝ վերահսկողություն են սահմանել հասարակական կազմակերպությունների նկատմամբ, խստացրել են օտարերկրյա լրատվամիջոցների հավատարմագրման կանոնները, տեղական անկախ ԶԼՄ-ներ գրեթե չեն մնացել։ Քաղաքական ընդդիմությանը վաղուց ոչ ոք լուրջ չի ընդունում։ Նոր շարժման նոր առաջնորդի հավանականությունը նման իրավիճակում գրեթե զրոյական է։ Այլ բան է, եթե իշխանական վերնախավի ներսում լինեն ինտրիգներ, սակայն դա էլ դեռ տեսանելի չէ։

- Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զինվել, ավելի հաճախ են հնչում ռազմատենչ հայտարարություններ։ Մի քանի տարի առաջ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասացիք, որ հրադադարը մազից է կախված։ Տեսանելի ապագայում հակամարտության կարգավորման հեռանկար տեսնո՞ւմ եք։

- Մնում եմ իմ կարծիքին։ Հրադադարը կախված է շատ բարակ մազից, և ամենափոքր սադրանքը կարող է մեծ միջադեպ հրահրել։ Մոտ ապագայում կարգավորման հեռանկար չեմ տեսնում, քանի որ, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանին մեր իշխանությունը լուրջ չի ընդունում, սպասում է, երբ նա վերջնականապես կամրապնդի իր իշխանությունը կամ նրա փոխարեն կգա իսկական առաջնորդ, որի հետ կարելի է առարկայական բանակցություններ վարել։ Մանավանդ, որ Փաշինյանն ինքը դեռ որևէ բան արագացնելու պատրաստակամություն չի դրսևորում, քանի որ իրեն իրավասու չի համարում հանդես գալ ղարաբաղյան հայերի անունից։ Մեզ մոտ նրա այդ խոսքերը մեկնաբանեցին որպես կայացած բանակցային ձևաչափը խարխլելու և բանակցությունները ձգձգելու փորձ։ Ի դեպ, մեր իշխանությունների համար այդ տարբերակն ընդունելի է։ Ոչ ոք չի շտապում գնալ ժողովրդականություն չվայելող փոխզիջման։

- Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված նախիջևանյան ուղղությամբ իրավիճակի սրումը, և որքա՞ն է հավանական լարվածության աճը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Ղարաբաղի սահմաններից դուրս։

- Նախիջևանյան միջադեպը, իմ կարծիքով, յուրօրինակ «փորձնական փուչիկ» էր, Հայաստանի նոր իշխանությունների արձագանքի ստուգում։ Ըստ էության, Ադրբեջանը գործել է միջազգային իրավունքի և հայկական կողմի հետ պայմանագրերի շրջանակում։ Սեփական տարածքում անցկացրել են ինժեներական աշխատանքներ, պետական սահմանը չեն հատել։ Սակայն դրան հետևած հայտարարությունները՝ «11 հազար հեկտար ազատագրելու» մասին, վկայում են, որ դա հենց կանխամտածված գործողություն էր Հայաստանի նոր իշխանությունների նյարդերը ստուգելու նպատակով։ Ըստ իս՝ օպերացիան հաջող է անցել, Ադրբեջանը հասել է իր ուզածին։ Ռազմական մեծ գործողությունների ծավալման հավանականությունն ինչպես Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին մեծ չէ, սակայն նյարդերի այս պատերազմը կշարունակվի և ոչ անպայմանորեն Նախիջևանում, հնարավոր է՝ սահմանի հյուսիսային հատվածում, որտեղ ադրբեջանական մի շարք գյուղեր գտնվում են հայկական զորքերի վերահսկողության տակ։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

 

Для интервью на русском пройдите по ссылке.