4 հուլիս, 2018 10:38

Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։

«Ինչպես արդեն տեղեկացվել է, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Մ. Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ 03.07.2018թ.-ին միջնորդություն է ներկայացվել դատարան: Նույն օրը դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է: Մ. Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ որ Մարտի 1-ի գործով նոր բացահայտում է արվել։ Որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

«Հայկական ժամանակ» թերթը հաղորդեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության, նրան ծանուցագիր է ուղարկվել:

 

Լուսանկարում ձախից աջ՝ պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ու Միքայել Հարությունյանը