5 հուլիս, 2018 09:23

Ալեքսանդր Սարգսյանն ու որդին բերման են ենթարկվել, դատախազությունը վերաբացել է 2007թ․ կարճված գործը

Հուլիսի 4-ին իրենց բնակարանից բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր  Սարգսյանը և նրա որդին՝ Հայկ Սարգսյանը։ 

Հայր և որդի Սարգսյանները բերման են ենթարկվել Երևանի Թումանյան փողոցում գտնվող իրենց բնակարանից՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների՝ ժամեր տևած խուզարկությունից հետո։

Ալեքսանդր Սարգսյանը, որը հայտնի է նաև որպես Սաշիկ Սարգսյան, ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել նաև հունիսի 25-ին՝ անօրինական զենք կրելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան ազատ էր արձակել, քանի որ, ըստ ոստիկանության հաղորդման, նրա մոտ գտնված զենքը օրինական էր։

Հուլիսի 4-ի երեկոյան գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ վերաբացվել է 2007թ․ կարճված քրեական մի գործ՝ «անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» մասին։ Գործն առնչվում է Ալեքսանդր Սարգսյանի որդիներին։ Դատախազությունը նշում է, որ գործը վերաբացելու համար ի հայտ են եկել «նոր հանգամանքներ»։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ հունիսի 29-ին իրենց դիմում է ներկայացրել քաղաքացի Դավիթ Սիմոնյանը՝ 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքի առթիվ։ Քաղաքացու հաղորդման համաձայն, 2007թ․ իր վրա կրակել է Հայկ Սարգսյանը՝ թմրանյութի ազդեցության տակ, սակայն գործը հարուցվել (ապա կարճվել) է նրա ձեռքից ատրճանակը խլած Ա․ Ղևոնդյանի նկատմամբ։

Ըստ դատախազության հաղորդագրության՝ Սիմոնյանի վրա կրակելու դեպքի մասին տեղեկացել է Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նարեկ Սարգսյանը, և ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ «Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղևոդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հայկ և Նարեկ Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի»։

Նարեկ Սարգսյանը, ըստ մամուլի հրապարակումների, այժմ Հայաստանում չէ։

Armtimes.com կայքը գրում է, որ Հայկ Սարգսյանի դեմ 11 տարի անց հաղորդում ներկայացրած անձը՝ Դավիթ Սիմոնյանը, հայտնի է Կյաժ և Ճլե մականուններով։ Նա տարիներ շարունակ մոտ հարաբերություններ է ունեցել Սաշիկ Սարգսյանի և նրա ընտանիքի հետ, և ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին: Սիմոնյանի անունը հայտնի էր դեռեւս 2009-ից. ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վրա հարձակում գործելու համար նա դատապարտվել էր տուգանքի: Նա նաև բազմաթիվ անգամ ընտրությունների ժամանակ խոչընդոտել է լրագրողների աշխատանքը:

Ազգային անվտանգության ծառայությունը Ալեքսանդր Սարգսյանի տան խուզարկության մասին դեռևս որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ մեկնաբանություն չի տվել։

Լուսանկարում՝ Ալեքսանդր Սարգսյանը հունիսի 25-ին բերման ենթարկվելու պահին։