11 հուլիս, 2018 17:07

«Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող ընկերությունն ու այլ գազալցակայաններ 1,5 միլիոն դոլարի հարկ են թաքցրել

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն խոշոր հարկերից խուսափելու դեպքեր է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ փոխկապված ընկերությունում և այլ գազալցակայաններում։ Ընդհանուր առմամբ՝ յոթ ընկերություն թաքցրել է 750 մլն դրամի կամ ավելի քան 1,5 մլն դոլարի հարկ։

«Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին  հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58,7 մլն, 14,9 մլն, 168,4 մլն, 79,4 մլն,  53 մլն, 25,7 մլն և 349,5 մլն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց»,- ասված է Կոմիտեի հաղորդագրությունում:

«Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական  վարչությունում և հետաքննության վարչության հետաքննության բաժնում  և ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցավոր արարքների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ և զննություններ: 

2018 թվականի հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր և այլն»: